27/07/2025

Ոսկե հորդան ավելի հարազատ է, քան՝ արևմտյան մշակույթը. Պուտինը կամուկացի մեջ է

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հայրապետական այցով գտնվում է Կազանում: Առիթը Ռուս ուղղափառ եկեղեցու Կազանի թեմի հիմնադրման 470-ամյակն է:

Ռուսաստանյան լրատվամիջոցները հայտնում են, որ նա Կազանի Կրեմլում հանդիպում և «տևական առանձնազրույց է ունեցել» Թաթարստանի ղեկավար Մենիխանովի հետ: Ըստ տեղեկությունների, ՌՈՒԵ առաջնորդը քննարկել է Կազանի հոգևոր ճեմարանը Ակադեմիայի վերակազմավորելու հարցը:

«Նեզավիսիմայա գազետան» այդ առթիվ հիշեցնում է, որ Կազանի հոգևոր Ակադեմիան գործել է մինչև 1921 թվականը, խորհրդային իշխանությունների կողմից փակվել: Գործող հոգևոր ճեմարանը բացվել է ԽՍՀՄ փլուզումից հետո և Վոլգյան տարածաշրջանում միակ ուսումնական հաստատությունն է, որտեղ ՌՈՒԵ-ն հոգևոր սպասավորներ է կրթում:

Աղբյուրները հայտնում են, որ Կազանի հոգևոր ճեմարանում աստվածաբանության ընդհանուր դասընթացից զատ ՌՈՒԵ ապագա սպասավորները նաև իսլամ են ուսումնասիրում:

ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ Մոսկայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Կազանից հետո «կայցելի նաև Նաբերեժնիյե չելնի»: Դա երիտասարդ քաղաք է, կառուցվել է խորհրդային իշխանության տարիներին և մի կարճ ժամանակամիջոց կրել «Բրեժնև» անվանումը:

Որքանով հասկացվում է ՌԻԱ Նովոստիի տեղեկատվությունից, Կիրիլ պատրիարքը մտադիր է Թաթարստանի այդ քաղաքում ՌՈՒԵ հոգևոր ներկայացուցչություն ստեղծել:

Այս առումով ավելի ուշագրավ է «Նեզավիսիմայա գազետա»-ի դիտարկումը, որ Իսլամական համերաշխության կազմակերպության վերջին գագաթաժողովում Կազանը հռչակվել ԻՀԿ 2026 թվականի մշակութային մայրաքաղաք, թեև Ռուսաստանն այդ կառույցի անդամ չէ:

Հասկացվում է, որ Կիրիլ պատրիարքը Կազան է այցելել, որպեսզի ուղղափառ քրիստոնեության գործոնի ամրապնդմամբ հակակաշռի Թաթարստանի իսլամականացումը:

ԻՀԿ անդամ պետություններն, ինչ խոսք, Կազանը մշակութային մայրաքաղաք չէին հռչակի, եթե Ռուսաստանի հետ հարցը նախապես համաձայնեցված չլիներ: Չպետք է մոռանալ, որ այդ շրջանում ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովը չի բացառել Իսլամական համարեշխության կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու Ռուսաստանի հնարավորությունը:

Դիտարժան է նաև, որ Ուկրաինայի դեմ պատերազմ սանձազերծելուց որոշ ժամանակ անց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմա-քաղաքական էքսկուրս է կատարել և հռչակել, որ արժեհամակարգային առումով ռուսական էթնիկ-քաղաքակրթական ինքնությանը Ոսկե հորդան ավելի հարազատ է, քան՝ արևմտյան մշակույթը, իսկ բոլորովին վերջերս արտգործնախարար Լավրովն ասել է, որ Արեւմուտքի «ուծացումից Ռուսաստանը փրկել է Ոսկե հորդան»:

Կիրիլ պատրիարքի Կազան այցի, Թաթարստանի ղեկավար Մենիխանովի հետ նրա հանդիպման, բանակցությունների առարկայի և հնարավոր զարգացումների մասին ռուսաստանյան մամուլի հրապարակումները թույլ են տալիս ենթադրել, որ Կրեմլում Ոսկե հորդայի հետ հարազատության քարոզչությունը ենթարկվում է սրբագրումների:

Ավելի վաղ Ռուսաստանի մի քանի լրատվամիջոցներ անդրադարձել են Կիրիլ պատրիարքի և Վլադիմիր Պուտինի միջև հակասությունների հարցին: Մասնավորապես տեղեկություն է տարածվել, որ Պուտինը ստիպել է վերանայել ՌՈՒԵ Սինոդի որոշումը, որ վերաբերվում էր Թաթարստանում ուղղափառ թաթարների առանձին թեմ ստեղծելուն:

Կրեմլում համարել են, որ դա կարող է Թաթարստանի իշխանությունների, մուսուլման հոգևորականության և հանրային շրջանակների դժգոհության առիթ հանդիսանալ:

Երևում է, Կիրիլ պատրիարքին հաջողվել է Պուտինին տարհամոզել, և նա փաստացի արտոնել է, որ Թաթարստանը նաև հոգևոր կառավարման առումով հարգի Մոսկվայի գերիշխանությունը: Ի՞նչ ընթացք և, մանավանդ, արդյունք կտա Կիրիլ պատրիարքի կազանյան առաքելությունը՝ դժվար է կանխատեսել:

Բացառված չէ, որ ՌՈՒԵ-ի «էքսպանսիան» լիովին հակառակ հետևանքներ ունենա: Քաղաքական առումով, թերևս, դիտարկվի, որ Վլադիմիր Պուտինը Ոսկե հորդայի գնահատման հարցում «կամուկացի» մեջ է: