28/07/2025

Արցախահայության ճակատագիրը այսօր մեր արժեհամակարգի լակմուսի թուղթն է. Դումիկյան

Արցախի կորստի վերապրումը մնում է որպես բաց վերք մեր ազգային ինքնության մեջ, և արցախահայության նկատմամբ ձևավորված վերաբերմունքը Հայաստանի իշխանությունների կողմից՝ որպես արձագանք այդ վերքին, հանդիսանում է ոչ թե պարզապես քաղաքական դիրքորոշում, այլ լակմուսի թուղթ՝ պարզելու համար, թե ինչ արժեքների վրա է կառուցված գործող քաղաքական համակարգը:

Երկար տարիներ Արցախի հարցը եղել է հայոց համազգային պայքարի առանցքը, պետականության ռազմավարական բաղադրիչը, ազգային արժանապատվության խորհրդանիշը։ Այդ տարիներին, բոլոր թերություններով հանդերձ, Հայաստանը կարողացել էր ոչ միայն դիվանագիտական գորգի վրա պահել Արցախի հարցը՝ աշխարհի կարևորագույն ուժային կենտրոնների վերահսկողությամբ, այլև պահպանել արցախահայության սուբյեկտայնությունը՝ այդպիսով միջազգային հարաբերություններում ուժեղացնելով նաև Հայաստանի դիրքերը։ Դա պատահական չէր։ Դա արդյունք էր քաղաքական կամքի, դիվանագիտական հմտության, ազգային համերաշխության և ճշգրիտ կողմնորոշման։

Սակայն 2018-ից ի վեր մենք ականատես եղանք մի գործընթացի, որտեղ այդ ամենը ոչ թե զարգացվեց, այլ հետևողականորեն մսխվեց։ Հայաստանի նոր իշխանությունը՝ իր մեջ տածելով հեղափոխական լեգիտիմության հիմքով կույր ինքնավստահություն, փոխանակ խելամտորեն օգտվեր անցյալի կուտակած կապիտալից՝ սկսեց դա քանդել՝ սեփական հանրային պատկերը կառուցելով հակադրությունների, ոչ թե համադրության միջոցով։ Արցախի հարցը այս քաղաքականության ամենացավոտ հետևանքն էր։

Այսօր, երբ արցախահայությունը բռնի տեղահանված է սեփական բնօրրանից, ակնկալվում էր, որ ՀՀ իշխանությունը պիտի ընդուներ նրանց ոչ որպես ժամանակավոր հյուրընկալվածների։ Պետական քաղաքականության ռազմավարությունը ենթադրում էր, որ մեր հայրենիքի մի հատվածից բռնի տեղահանված մեր ազգաբնակչությունն առնվազը պիտի անմիջապես ստանար իրավական, սոցիալական և քաղաքական լիարժեք ինտեգրման երաշխիք։ Բայց ի՞նչ տեսանք մենք։ Տեսանք անտարբերություն՝ իշխանության կեղծ հայրենասիրական կոչերից ու խոստումներից հետո։ Տեսանք սոցիալական աջակցության ծրագրեր, որոնք կոչված էին ոչ թե հիմնարար խնդիրներ լուծելու, այլ ավելի շատ որոշակի իմիտացիա ապահովելու համար։

Ավելին՝ շեշտակի կերպով ձևավորվեց մի վտանգավոր հռետորաբանություն, թե իբր արցախահայությունը կարող է «խանգարել» ներքին կայունությանը՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի հավաքներին մասնակցելով, կամ դառնալ սոցիալական բեռ։ Սոցիալական ցանցերում արհեստականորեն սնուցվող ատելությունը՝ արցախահայության նկատմամբ, վկայում է մի բանի մասին միայն՝ իշխանությունը կամ անզոր է այն կանխարգելելու, կամ հենց ինքն է նախաձեռնում՝ գիտակցաբար չեզոքացնելով ազգային համերաշխությունը՝ հանուն քաղաքական կոնյունկտուրայի։

Սակայն այդ քաղաքական հաշվարկները կարճաժամկետ են։ Արցախահայությունը այն լուռ ուժն է, որը Հայաստանում կարող է նշանակալի ներդրում ունենալ մշակութային, տնտեսական ու ժողովրդագրական իմաստով։ Փոխարենը՝ մենք ականատեսն ենք մի գործընթացի, որտեղ մեր հայրենակիցների մի մեծ հատվածը երկրորդ անգամ է ստիպված լքում իր Հայրենիքը՝ այս անգամ ոչ թե պատերազմի պարտադրանքով, այլ՝ «խաղաղության» պայմաններում։

Եվ հարցն այսօր արդեն ոչ միայն Արցախն է։ Հարցը Հայաստանի ներքին դիմադրողականությունն է։ Եթե մենք ի վիճակի չեղանք ներառել մեր հայրենակիցներին մեր պետականության հյուսվածքում, եթե թերագնահատենք նրանց ներդնելու կարողությունը, ապա ի՞նչ ապագայի մասին ենք խոսում։

Այս պայմաններում առավել քան երբևէ կարևոր է նաև, որ Հայաստանի իշխանությունները ոչ միայն չդադարեն արցախահայության հարցը որպես փակված համարել, այլ ընդհակառակը՝ ներառեն այն մեր արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթությունների շարքում։ Պետք է ամեն ինչ արվի, որպեսզի արցախահայության հայրենիք վերադառնալու իրավունքը, նրանց արժանապատիվ ապրելու պահանջը միջազգային հարթակներում շարունակեն հնչել՝ որպես հիմնարար սկզբունք, ոչ միայն մարդու իրավունքների, այլև միջազգային արդարության տեսանկյունից։ Դա կարող է ներկայիս իշխանությունների համար թվալ որպես անիրագործելի կամ քաղաքականապես ոչ նպաստավոր խնդիր, սակայն ապագա քաղաքական զարգացումների ընթացքում, երբ միջազգային հանգամանքները և տարածաշրջանային դասավորությունները փոխվեն, Հայաստանը պետք է ունենա բոլոր հիմքերը՝ քաղաքական, իրավական և բարոյական, որպեսզի կարողանա վեր բարձրացնել արցախահայության հարցը և կյանքի կոչել նրանց վերադարձի հնարավորությունը։

Այսօր այդ հիմքերի պահպանումը և ամրապնդումը Հայաստանի իշխանությունների անմիջական պատասխանատվությունն է։ Եթե մենք թույլ տանք, որ արցախահայության հարցը դուրս մղվի միջազգային օրակարգից՝ մեր իսկ անգործությամբ կամ անտարբերությամբ, ապա ապագայի քաղաքական առաջնորդներն արդեն կկանգնեն մի անհամեմատ ավելի բարդ իրականության առաջ՝ չունենալով ո՛չ լեգիտիմ ճակատ, ո՛չ ավելի ամուր իրավական փաստարկ, ո՛չ էլ դիվանագիտական անհրաժեշտ աջակցություն։ Ուստի, պետության պարտքն է արդեն հիմա հստակ ձևակերպել արցախահայության վերադարձի, նրանց իրավունքների պաշտպանման և միջազգային հարթակներում այդ դիրքորոշման հետևողական պաշտպանության անհրաժեշտությունը։

Արցախահայության ճակատագիրը այսօր մեր արժեհամակարգի լակմուսի թուղթն է։ Եվ այդ թուղթը բացահայտում է մի իրականություն, որում դեռ գերիշխում է գործող իշխանության կարճատեսությունը, պատասխանատվությունից խուսափելու ձգտումը և սառը հաշվարկով պայմանավորված անտարբերությունը։

Սակայն այս պատմությունը դեռ չի ավարտվել։ Արցախահայությունը դեռ մեր կողքին է, նրանք կորցրել են տունը, բայց ոչ կամքը։ Եվ հարցը մնում է կախված՝ իշխանությունը պատրա՞ստ է փոխել իր մոտեցումները և նրանց ընդունել որպես մեր պետականության մի մասնիկ, թե կշարունակի հրաժարվել իր պարտականությունների լիարժեք կատարումից՝ թողնելով նրանց իրենց հիմնական խնդիրների հետ մենակ, ճակատագրի ու աշխարհի քմահաճույքին։

Տիգրան Դումիկյան; Քաղաքական վերլուծաբան