28/07/2025

Երկամսյա հանձնարարական՝ ութամսյա գործընթաց. ինչո՞ւ է ուշանում Երևանի օդի որակի բարելավման քառամյա ծրագիրը

Դեռևս 2024 թվականի դեկտեմբերին Երևանի քաղաքապետարանը խոստացել էր երկու ամսվա ընթացքում ներկայացնել օդի որակի բարելավման քառամյա ծրագիր: Այդ խոստումը, սակայն, մինչ այժմ չի իրականացվել։ 

Այն, որ օդի աղտոտվածության դեմ պայքարի ծրագիրը հանձնարարականից 7 ամիս անց դեռևս պատրաստ չէ, հայտնի դարձավ հուլիսի 7-ին՝ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, երբ Ավինյանը ստիպված էր փաստել՝ իր տված հանձնարարականը անորոշ ապագա ունի։

Երևանի քառամյա ծրագրի ստեղծման ժամանակագրությունը

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է քառամյա ծրագրի ձգձգման պատճառները, օդի աղտոտվածության միտումները և առնչվող իրավական զարգացումները։

Քաղաքի օդի աղտոտման մեղմացմանն ուղղված քառամյա համապարփակ ծրագիր մշակելու հանձնարարականը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տվել էր 2024 թվականի դեկտեմբերի 16-ին․ «Ես առաջարկում եմ քառամյա ծրագիր մշակել, որը կներառի ընդհանուր կոնցեպտուալ առաջարկներ»։ Որպես ծրագրի ներկայացման վերջնաժամկետ՝ քաղաքապետը սահմանել էր 2 ամիս։

Որոշ ժամանակ անց՝ 2025 թվականի փետրվարի 10-ին անցկացված գործակարգավարական խորհրդակցության ժամանակ բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքից ակնհայտ էր՝ վարչության ներկայացրած քառամյա ծրագիրը Ավինյանին չի բավարարել։  «Ձեր առաջարկությամբ այս ծրագիրը ավելի մանրամասն, փոքրիկ ենթածրագրերի է բաժանվելու և աղտոտվածության աղբյուրներից յուրաքանչյուրի մասով ներկայացվելու են գործողությունները՝ ֆինանսական և ժամանակացուցային աղյուսակներով»,- նշել էր վարչության ժ/պ Ս. Հայկազյանը։

Վերջինս հանդես էր եկել նաև առաջարկով՝ առաջիկա գործակարգավարական նիստերի ժամանակ անդրադառնալ յուրաքանչյուր գործողությանը և դրանից բխող առանձին ծրագրերին ու դրանց ժամանակացույցին։

Անցնում են ամիսներ, սակայն այս ծրագրի ներկայացման համար գործնական որևէ քայլ չի իրականացվել: Ավելին՝ նույնաբովանդակ քննարկումը շարունակվել է․ ապրիլի 7-ին անցկացված գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը, ներկայացնելով ծրագրի հետ կապված զարգացումները, նշել էր․ «Մեր քառամյա զարգացման ծրագրում մենք նախատեսել ենք միջոցառումներ։ Շրջակա միջավայրի նախարարության կողմից ևս մշակվել է մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025-2030 թվականների համալիր ծրագիրը, որը շատ համահունչ է նաև մեր քառամյա ծրագրին»։ Սրան ի պատասխան քաղաքապետն արձագանքել էր․ «Ակնկալում ենք, որ պարբերաբար նաև միջոցառումների ծրագրի վերաբերյալ ավելի կոնկրետ ու բովանդակային քայլերի շուրջ պետք է այստեղ սկսենք զեկույցներ լսել»։

Ապրիլի 7-ին հնչեցված վերոնշյալ հայտարարությունից 3 ամիս անց՝ հուլիսի 7-ի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, սակայն պարզվեց՝   բնապահպանության վարչության ներկայացուցիչը կոնկրետ միջոցառումների գործողությունների ժամանակացույց դեռևս չունի։

Պաշտոնական արձագանքը․ Երևանի քաղաքապետարան

«Փաստերի ստուգման հարթակը» դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ պարզելու, թե ի վերջո ե՞րբ է նախատեսվում ավարտել Երևանի օդի աղտոտվածության մեղմացմանն ուղղված քառամյա ծրագրի մշակումը և այն գործնականում իրականացնելը։

Fip.am-ի հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանից արձագանքել են՝ «Երևան քաղաքում օդի որակի բարելավման քառամյա ծրագիրը մշակվել է», միջոցառումների ծրագրերն ու ժամկետները, սակայն, դեռևս պատրաստ չեն։

«Ներկայումս յուրաքանչյուր  գործողության մասով մշակվում են առանձին միջոցառումների ծրագրեր՝ բյուջեով և ժամանակացույցով։ Գործողությունների ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև սույն թվականի սեպտեմբեր ամիսը»,-նշված է քաղաքապետարանի պատասխանում։

Ստացվում է՝ մայրաքաղաքում օդի աղտոտվածությունը վերացնելու մասին  քառամյա ծրագիրը լիարժեք, ավարտուն տեսքի կբերվի ոչ թե 2, ինչպես Տիգրան Ավինյանն էր հանձնարարել, այլ՝ ավելի քան 8 ամսվա ընթացքում։

Երևանի մթնոլորտային օդի աղտոտվածության տենդենցը՝ թվերով

Երևանում օդի աղտոտվածության խնդրին «Փաստերի ստուգման հարթակն» անդրադարձել էր նախորդ տարվա դեկտեմբերին՝ հրապարակելով շվեյցարական IQAir կայքում գրանցված Երևանի մթնոլորտային օդի աղտոտվածության ցուցանիշները՝ 2019-2023 թվականների համեմատականով։

Ներկայումս կայքում հասանելի են նաև 2024 թվականի տվյալները՝ տարեկան և ամսական կտրվածքով։ Ըստ այդմ՝ 2024 թվականին Երևանի մթնոլորտային օդում PM2.5 մասնիկների միջին ցուցանիշը կազմել է 24.4։ Սա, թեև 2 միավորով ցածր է 2023-ին (26.4) գրանցված ցուցանիշից, սակայն մոտ 5 անգամ գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) թույլատրելի տարեկան միջին ցուցանիշը։

Կայքն օնլայն ռեժիմով հրապարակում է նաև տարբեր երկրների և քաղաքների օդի աղտոտվածության աստիճանը։ Ըստ այդմ՝ օրինակ, հուլիսի 21-ին (հոդվածը գրելու պահին-խմբ․), Երևանում օդի աղտոտվածության մակարդակը գտնվում էր միջինի սահմանում (60–70):

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի՝ օդի փոշու մասնիկներով աղտոտվածության ցուցանիշների տեղեկատվական հարթակի 160 տվիչներից ստացված տվյալների համաձայն՝ նույն ժամին օդի փոշու մասնիկներով աղտոտվածության միջինացված ցուցանիշը կազմել է 64.6, իսկ վերջին 24 ժամվա միջինացված ցուցանիշը՝ 56.8։

Այն, որ Երևանում մթնոլորտային օդում փոշու, ազոտի և ծծմբի երկօքսիդի պարունակության ցուցանիշները պարբերաբար գերազանցում են թույլատրելի սահմանաչափերը, փաստում են նաև «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մոնիթորինգի արդյունքները։

Հուլիսի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում, օրինակ, քաղաքի տարբեր հատվածներում (հատկապես Կենտրոնում և Նոր Նորքում), փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի  սահմանաչափերը։

Վարչապետի հանձնարարականի հետքերով

Հունվարի 31-ին անցկացված մամլո ասուլիսի ընթացքում լրագրողի հարցին ի պատասխան թեմային անդրադարձել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ կառավարությունը նախաձեռնել է ակտիվ քայլեր՝ օդի աղտոտվածության խնդրի լուծման ուղղությամբ։

«Օդի հետ կապված խնդրով ես հանձնարարել եմ, և աշխատանքային խումբ է ձևավորվել։ Ես հանձնարարական եմ տվել, որ շատ ինտենսիվ աշխատեն փոխվարչապետը, շրջակա միջավայրի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը»,- ասել էր վարչապետը։

Ինչ վերաբերում է հունվարի վերջին վարչապետի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խմբի 5-ամսյա գործունեության արդյունքներին, Երևանի քաղաքապետարանից (որպես աշխատանքային խմբի անդամ) արձագանքել են․

«ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը համակարգել է մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025-2030 թվականների համալիր միջոցառումների ծրագրի մշակման աշխատանքները, որը հաստատվել է ՀՀ կառավարության 2025 թվականի մայիսի 22-ի հ․ 611-Լ որոշմամբ»։

Այսպիսով, մինչ Երևանի քաղաքապետի՝ երկու ամսում ծրագիրը ներկայացնելու հանձնարարականը շարունակաբար ձգձգվում է, իսկ կառավարության ծրագրած միջոցառումների մեծ մասի մեկնարկը նախատեսված է տարեվերջին կամ հաջորդ տարիներին, Երևանում մթնոլորտային օդի աղտոտվածության մակարդակը շարունակում է էականորեն գերազանցել թույլատրելի միջազգային նորմերը։

 Գայանե Մարկոսյան