Հուլիսի 23-ին հայաստանյան մի շարք լրատվամիջոցներում, որոնք դիրքավորվել են ընդդիմադիր դաշտում և քննադատում են կառավարության գործունեությունը, տարածվել էր իսպանական ծագում ունեցող Periodista Digital լրատվամիջոցի անհայտ աղբյուրին հղումով տեղեկությունը, թե «Փաշինյանը համաձայնել է հայկական շրջան հանձնել Միացյալ Նահանգներին»։
Այդ հոդվածում նշվում է, որ «մեր խմբագրությանը հասանելի է դարձել «Թրամփի կամուրջ» տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին փոխըմբռնման հուշագրի գաղտնի փաստաթուղթը»։
Առաջինը այդ տեղեկությունը տարածեց «Սպուտնիկ Արմենիա»-ի ռուսական ծառայությունը, որի տելեգրամյան ալիքում այն հայտնվեց ժամը 12։56-ին։
Րոպեներ անց նույն հոդվածը հայտնվեց հայկական մեդիայի տիրույթում՝ news.am, armlur.am, 168.am, Փաստինֆո և այլն։ «Առավոտը» նույն լուրը այլ կերպ հաղորդեց․ այս լրատվամիջոցը, հիմնվելով հայաստանյան տելեգրամ ալիքի վրա, օգտվել էր թուրքական աղբյուրներից։
«Սպուտնիկից» ստացված տեղեկությունը, սեփական մեկնաբանություններով համեմված, տարածեցին նաև պրոռուսական տելեգրամյան ալիքները։
Այնուհետև տեղեկությունը տարածելու հերթը կրեմլյան քարոզիչներինն էր։ Օրինակ՝ Մարգարիտա Սիմոնյանը գրեց․ «Բացահայտում․ Սուլթան Փաշինյանը գաղտնի հուշագիր է ստորագրել Հայաստանը ԱՄՆ-Իրան ապագա պատերազմի թատերաբեմ դարձնելու մասին»։
Ավելի ուշ կառավարությունը հերքեց այս տեղեկությունը, որը սակայն այդպես էլ չհայտնվեց լուրն առաջինը տարածած «Սպուտնիկ Արմենիա»-ի ռուսերեն տելեգրամյան ալիքում։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է՝ ի՞նչ լրատվամիջոց է իսպանական Periodista Digital-ը և ո՞վ էր Հայաստանի ապագայի մասին հետաքրքրվող իսպանացի լրագրողը։
Periodista Digital-ը իսպանական լրատվամիջոց է, որը թեպետ ունի լայն լսարան, սակայն աչքի է ընկել սկանդալային, ոչ հավաստի հոդվածներով, իսկ Հայաստանի մասին հոդվածի հեղինակ Խոսե Կարդենասը (Josué Cárdenas) համարվում է ռուսամետ, «Պուտինի պաշտպան» և քարոզիչ։
Այսպես, իսպանական elDiario.es-ը 2019 թվականին բացահայտել է, որ Periodista Digital-ի մի քանի «հեղինակներ» իրականում գոյություն չունեն, և օգտագործվել են ֆեյք պրոֆիլներ՝ գրաֆիկորեն ստացված լուսանկարներով, կեղծ անուններով և կենսագրություններով։
Այսկերպ Periodista Digital կայքը փորձել է ստեղծել հեղինակների բազմազանություն, ինչից տպավորություն է, թե կայքն ունի լայն թիմ: Հեղինակները, օգտագործելով ռեալ մարդկանց անուններ, ըստ elDiario.es-ի, գրել են ամեն ինչի մասին՝ քաղաքականությունից մինչև սպորտ։ Այս պարբերականի հիմնադիրը և խմբագիրը իսպանացի լրագրող Ալֆոնսո Ռոխոն (Alfonso Rojo) է։ Ի դեպ, Իսպանիայի լրագրողների ֆեդերացիան (FAPE) պատժել է լրագրողին վիրավորական լեզվի և լրագրողական էթիկայի խախտման համար։
Իսպանացի լրագրողը՝ «Պուտինի պաշտպան»
Հայաստանի մասին հոդվածի հեղինակ Խոսե Կարդենասը (Josué Cárdenas) կեղծ չէ, ծնվել է Սեգունտոյում, ապրում և գործունեություն է ծավալում Սալամանկայում։ Լրագրող է, վարում է փոդքասթներ, նույնիսկ պոեմների հեղինակ է։ X-ի էջում ունի ավելի քան 30 հազար հետևորդ ու քաղաքականապես ակտիվ օգտատեր է։
Կարդենասը, պարզվում է, կապեր ունի Ռուսաստանի հետ․ նա 2024 թվականին եղել է Մոսկվայում, հարցազրույց վերցրել քաղաքական գիտությունների փիլիսոփա, Պուտինի խորհրդական Դուգինից։
Երբ լրագրողը Դուգինին հարցնում է՝ արդյոք Ռուսաստանը Իսպանիայի թշնամին է, վերջինը պատասխանում է, որ պետք է լսել, թե ինչ է ասում «մեր նախագահ Պուտինը»։
Կարդենասի այս կարճ հարցազրույցը, որտեղ Դուգինը կոտրված իսպաներենով փորձում է ինչ-որ բան բացատրել, քննադատության է արժանացել իսպանական La sexta-ին պատկանող Atresplayer հեռուստաընկերության եթերում։ Այստեղ նշում են նաև, որ Կարդենասը ծայրահեղ աջականների հետ միասին մասնակցել է Ռուսաստանի օրվա տոնակատարություններին։
Քաղաքական թեմաներով քննարկումներում այս լրագրողը համարվում է «Պուտինի պաշտպան» (defensor de Putin):
Մոսկվա կատարած այցից հետո իր «Burbuja» կոչվող փոդքասթում հյուրերի հետ խոսում է Ռուսաստանի, այդ երկրի իշխանությունների վարած քաղաքականության մասին, առանձին ուշադրություն է դարձնում Կրոկուս սիթի հոլում տեղի ունեցած ահաբեկչության փաստին, անդրադառնում՝ ռուս-ուկրաինական պատերազմին։
Ի դեպ, իսպանացի լրագրողի նախորդ հոդվածը վերաբերել է Մոլդովային՝ «Կդառնա՞ Մոլդովան երկրորդ Ուկրաինա» վերնագրով։
Հոդվածում հեղինակը պնդում է, որ Մայա Սանդուի ղեկավարած իշխանությունը «հնազանդորեն հետևում է Բրյուսելի, Վաշինգթոնի թելադրանքին՝ դրանով վնասելով մոլդովացի ժողովրդի ազգային շահերը»։ Ավելին, հոդվածում նա դարձյալ առանց փաստերի նշում է, որ Մայա Սանդուն երկրի ղեկավար է դարձել Ջորջ Սորոսի օգնությամբ։
Այսպիսով, հուլիսի 23-ին Հայաստանի տարածքից զիջելու մասին տեղեկությունը հրապարակած իսպանական Periodista Digital կոչվող լրատվամիջոցը խիստ վիճահարույց հեղինակություն ունի, արդեն իսկ աչքի է ընկել կեղծ հեղինակներ ունեցող նյութերով։ Իսպանացի լրագրողը իր հոդվածը գրել է հիմնվելով անանուն աղբյուրի վրա և չի մատնանշել որևէ փաստ կամ «գաղտնի հուշագրի» մասին վկայող փաստաթուղթ, թեպետ ընդգծել է, որ իրենց խմբագրությանը հասանելի է դարձել այդ փաստաթուղթը։
Ավելին, լրագրողի գործունեության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նա սերտ կապեր ունի ռուսական քարոզչության հետ և առանձին քննարկումներում համարվում է «Պուտինի պաշտպան»։
Հասմիկ Համբարձումյան
Բաց մի թողեք
Ավելի քան 22 մլն դրամ՝ ՀՀ ֆինանսների նախարարի քրոջը․ ԲՏԱ նախարարության պայմանագրերի հետքերով
Ռուսաստանը` Հայաստանի միակ փրկիչ. ինչ նարատիվներ են շրջանառում պրոռուսական ալիքները
Ալիևը մտադիր է սահմանադրական փոփոխություններ կատարել և Ադրբեջանը «հռչակել սահմանադրական միապետություն»