29/07/2025

Իսրայելի հետ միասին Ադրբեջանը Գազայի ժողովրդին սովի է մատնել

Իսրայելի ռազմածովային ուժերը, ինչպես և սպասվում էր, ձերբակալել են «Հանդալա» նավը, որ Իտալիայից ուղևորվել էր դեպի Գազա՝ սովյալ երեխաներին մարդասիրական օգնություն հասցնելու համար:

Ակցիայի կազմակերպիչները գիտեին, որ նավը Գազա չի հասնելու, ոչ էլ իրենք կարող են լուծել Գազայի բնակչության խնդիրները: Դա ավելի շատ պաղեստինցիների վիճակի վրա միջազգային ուշադրություն հրավիրելու ևս մեկ փորձ է:

Նույն օրն Իսրայելի վարչապետ Նաթանյահուն հանդես է եկել տեսաուղերձով և իրազեկել, որ կառավարությունը որոշել է «ավելի բարելավել Գազայի պարենային և վառելիքի մատակարարումները»:

Ըստ աղբյուրների՝ այսուհետև պաղեստինյան անկլավը կստանա շաբաթական քսան հազար տոննա սննդամթերք, դեղորայք, հիգիենիկ պարագաներ, ինչպես նաև ամսական չորս հարյուր հազար լիտր վառելիք: Այլ աղբյուրներ վկայում են, որ հորդանանցիները Գազայում կվերականգնեն ջրամատակարարումը:

Այս ֆոնին խիստ արտառոց է «Հանդալա» նավի կալանման առթիվ Բաքվի իշխանամերձ մամուլի հրապարակումների ակնհայտ հակաիսրայելական տրամադրվածությունը:

«Այդ նավը դուրս էր եկել Իտալիայից և Գազա էր տանում ոչ թե զենք-զինամթերք կամ գոնե քաղաքական լոզունգներ, այլ մարդասիրական աղքատիկ բեռ, որ կարող էր մի քանի երախայի փրկել սովամահությունից»,- գրել է, մասնավորապես haqqin.az-ը, որի հեղինակը բացահայտել է, որ «Հանդալա» անվանումը պատահակ չէ, նավը կրում է 1969 թվականին իսրայելցիների կողմից բռնատեղահանված պաղեստինցի երեխայի անունը:

Գազայում պատերազմի առաջին օրը Բաքվում Իսրայելի դեսպանատան մոտ հազարավոր ադրբեջանցիներ սգացել են սպանված իսրայելցիների համար: Այդ փաստը միջազգային մամուլի և փորձագետների կողմից գնահատվել է «իսլամական աշխարհում Իսրայելի հետ համերաշխության բացառիկ դրսևորում»:

Լինելով Իսլամական համերաշխության կազմակերպության անդամ՝ Ադրբեջանը պաշտոնական մակարդակով երբեք Գազայում գործողությունների համար Իսրայելին նույնիսկ չի քննադատել:

Իսրայելա-ադրբեջանական հարաբերություններում ի՞նչ է փոխվել: Հուլիսի 26-ին արտաքին քաղաքական հարցերով Իլհամ Ալիևի օգնական Հաջիևը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ահմադիանի հետ և դատապարտել Իսլամական հանրապետության դեմ Իսրայելի վերջին հարձակումները:

«Այո, Հանդալան իր հայրենիքից արտաքսվել է, այո, իսրայելցիները «Հանդալա» մարդասիրական նավի Գազա մուտքն արգելել են, բայց ոչ մեկը, ոչ մյուսը պատմության ավարտ չէ, այլ՝ բազմակետ:

Հիշողությունը հաղթում է շրջափակումները և սահմանները»,- իսրայելա-պաղեստինյան հակամարտության մասին մտորումներն ամփոփել է ադրբեջանցի հեղինակը: Պաղեստինի հարցում Իլհամ Ալիևը վերակողմնորոշվե՞լ է: