Իսրայելի իշխող կոալիցիան կարող է մասնատվել: Վարչապետ Նաթանյահուին չի հաջողվում որևէ կոնսենսուսի հասնել զորակոչի մասին օրենքի ընդունման հարցում:
Իսրայելի ծայրահեղ կրոնական շրջանակները դեմ են օրթոդոքս հավատացյալներին զինվորական ծառայության զորակոչելու նախաձեռնությանը, վարչապետի «Լիկուդ» կուսակցությունը խորհրդարանում բավարար քվե չունի, որպեսզի «փոխզիջումային տարբերակը» քվեարկության դրվի:
Աջ-ազգայնական ընդդիմությունը, որի աչքի ընկնող ներկայացուցիչներից է պաշտպանության նախկին նախարար Լիբերմանը, համարում է, որ «զինվորական ծառայությունից խուսափողը չի կարող սիոնիզմի արժեհամակարգային կրող լինել»:
Ձախ ուժերն, ընդհակառակը, Նաթանյահուին քննադատում են Գազայում պատերազմը շարունակելու գնով իշխանությունը երկարաձգելու և քրեական պատասխանատվությունից խուսափելու մտադրության մեջ:
Օգոստոսի 1-ին լրանում Իրանի հրթիռային հարվածների հետևանքով անօթևան մնացած տասնյակ հազարավոր անձանց պետական բյուջեի հաշվին հյուրանոցներում և հանգստյան գոտիներում ապաստանելու վերջնաժամկետը, բայց, ինչպես իսրայելական մամուլն է վկայում, դեռևս «մեկ քառակուսի մետր բնակմակերես չի կառուցվել կամ գոնե վերանորոգվել»:
Առայժմ հայտնի չէ, թե ի՞նչ լուծում է գտնվելու: Ըստ տեղեկությունների, կառավարությունը մտադիր է «մրցույթ հայտարարել և պայմանագիր կնքել մասնավոր կառուցապատողների հետ, բայց այդ դեպքում կոռուպցիոն ռիսկերը մեծ են»:
Այս ֆոնին «Եդիոտ ահրոնոտին» հայտնի է դարձել, որ ՑԱՀԱԼ-ը «հազարավոր զինվորականների հետագա ծառայության համար լիովին անպիտանի է ճանաչել, նրանց անունները հանվել են անգամ պահեստազորայինների ցուցակից»:
Պարբերականի տեղեկացվածությամբ, պատճառը «զինվորականների մոտ հոգեկան շեղումների և խոր ընկճախտի բացահայտումն է»: Այլ տեղեկություններով, օրերս ԶՈՒ Բժշկական ծառայությունը Գլխավոր շտաբին զինվորականների շրջանում հոգեբանական շեղումների մասին հանգամանալի զեկուցագիր է ներկայացրել:
Մասնագետ-հոգեբանները կարծում են, որ Գազայում պատերազմի ավարտից հետո Իսրայելի ավելի քան հարյուր հազար քաղաքացի հոգեբանական օգնության կարիք է ունենալու, և այդ ծախսերը պարտավոր է լինելու հոգալ կառավարությունը:
Խոսքը տարեկան հարյուրից մինչև երկու հարյուր միլիոն դոլարի հասնող ծախսերի մասին, որ զինվորականների թոշակների հետ կապ չունեն: «Եդիոտ ահրոնոտը» գրում է, որ բանակից հետագա ծառայության համար անպիտանելության հանգամանքով զորացրված հազարավոր երիտասարդներ «աշխատանք չեն գտնի նաև քաղաքացիական կյանքում՝ կապված պատերազմի ընթացքում ստացած հոգեկան խանգարումների հետ և հետագա ամբողջ կյանքում կմնան հաշմանդամ»:
Այս ֆոնին ուշագրավ է նաև տեղեկատվությունը, որ Գազայում պատերազմի սկզբից ի վեր Իսրայելից ավելի քան վեց հարյուր հազար մարդ է հեռացել: Տպավորություն է, որ Իսրայելի հանրության շատ զգալի հատվածն անընդմեջ պատերազմներից պարզապես հոգնել է: Գազայում պատերազմի մոտ երկու տարվա ընթացքում ՑԱՀԱԼ-ը պահեստազորայինների վեց զորակոչ է անցկացրել, իսկ հակամարտության կարգավորումը դեռևս հեռու է:
Այս համատեքստում Իսլամական հեղափոխության առաջնորդ Ալի Խամենեիին բարձրաստիճան զինվորականների և միջուկային ֆիզիկայի մի շարք առաջատար մասնագետների զոհվելու քառասուներորդ օրվա առթիվ Իրանի ժողովրդին հղած ուղերձում ընդգծել է, որ Գազայում պատերազմը «խարխլել է սիոնիստական ռեժիմի գաղափարական հիմքերը, իսկ փոխարենը ՀԱՄԱՍ-ի շարքերը համալրել են երկու հարյուր հազար մարտիկներ»:
Խամենեին ընդգծել է իսրայելա-իրանական հարվածների օրերին Իրանի «հերոսական ազգի միասնականությունը»: Միջազգային փորձագետները նույնպես ընդունում են, որ տասներկու օր տեւած հարվածներն, ընդհակառակը, «համախմբել են իրանական հանրությունը»:
Ներքաղաքական ի՞նչ զարգացումներ կընթանան Իսրայելում և Իրանում՝ կանխատեսել հնարավոր չէ:
Բաց մի թողեք
ԱՄՆ նախագահը փորձում է նեղը գցել ռուսաստանցի պաշտոնակցին
Թուրքիան երաշխավորում է Ռուսաստանից Ադրբեջանի լիակատար անկախությունը
Եթե Մերձավոր Արևելքում թուրք-ամերիկյան համաձայնություն չի կայանում, ապա դա հնարավո՞ր է Հարավային Կովկասում