Վերջին տարիներին, երբ Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր էներգետիկ գործընկերներին և քննարկում է, օրինակ՝ Մեծամորի ատոմակայանի վերանորոգման կամ փոխարինման հնարավորությունը, ռուսական և պրոռուսական մեդիան ուշադրության կենտրոնում է պահում այդ հարցը։
Այդ հարթակներում Հայաստանի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից ներկայացվում է որպես կենսական անհրաժեշտություն՝ ազգային անվտանգության և տնտեսական բարեկեցության համար, իսկ արևմտյան ներգրավվածությունը՝ որպես անկայունություն ստեղծող, անվստահելի և նույնիսկ՝ վտանգավոր։ Այդ հարթակներում մշտապես հնչում է պնդում՝ Արևմուտքը լոբբինգ է անում՝ փակելու Մեծամորի ատոմակայանը։
«Փաստերի ստուգման հարթակը» մոնիտորինգ է իրականացրել պարզելու, թե Հայաստանի էներգետիկ անվտանգության թեմայով 2024 թվականի նոյեմբերի 30-ից մինչև 2025 թվականի փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում ինչ նարատիվներ են գերակշռել Telegram սոցիալական հարթակում։
Այս ժամանակահատվածում, հիշեցնենք, ԱՄՆ-Հայաստան հարաբերություններում որոշ տեղաշարժ գրանցվեց՝ Հայաստանը և ԱՄՆ-ն ստորագրեցին ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը։ Ռուսական առանձին հարթակներ այդ քայլի մեջ վտանգներ են տեսել, օրինակ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացում (Минусы и угрозы для Армении в условиях подписания устава/Миротворец/ 9.9K)։
Հայաստանի իշխանությունների՝ Արևմուտքի հետ հարաբերությունների սերտացումը հիմք է տվել, որ ռուսական տելեգրամյան հարթակներում հնչեն նույնիսկ սպառնալից հայտարարություններ, օրինակ․ «Մոսկվայի համբերությունը սահմանափակ չէ։ Եթե ընթացիկ քաղաքական կուրսը չփոխվի, Հայաստանի համար հետևանքները լուրջ կլինեն՝ տնտեսական արգելքներից մինչև քաղաքական իզոլացում» (Цицак/8.2К):
Այս ժամանակահատվածում քննարկվող առանցքային թեման կամ նարատիվը եղել է նաև Հայաստանի՝ Ռուսաստանից էներգետիկ առումով կախված լինելու հանգամանքը։
Ռուսական կամ պրոռուսական տեղեկատվական հարթակները Հայաստանի էներգետիկ իրավիճակը համարում են «անկայուն»՝ ընդգծելով դրա կախվածությունը ռուսաստանյան ռեսուրսներից և տեխնոլոգիաներից` միաժամանակ ընդգծելով Հայաստանի փորձերը՝ դիվերսիֆիկացնելու իր էներգետիկ գործընկերությունը դեպի Արևմուտք: Այս հարթակները շեշտում են, որ «Ռուսաստանից Հայաստանի հեռացումը կարող է հանգեցնել տնտեսական, էներգետիկ, հետևապես նաև քաղաքական անկայունության»։
Այդ աղբյուրներում կա տարածված մտայնություն, որ Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքները ԱՄՆ-ի օգնությամբ արդիականացնելը կարող է երկարաժամկետ կախվածություն ստեղծել արևմտյան տեխնոլոգիաներից ու ֆինանսավորումից (Стратегическое партнерство между США и Арменией: минусы и угрозы/Хроники Армении13.6K)։
«Հայաստանը կորցնում է Ռուսաստանի աջակցությունը»
Էներգետիկ գործընկերության դիվերսիֆիկացման փորձերը (օրինակ՝ Իրան, ԵՄ, ԱՄՆ) սույն ռուսական կամ պրոռուսական հատվածում ներկայացվում է որպես վտանգավոր կամ ոչ իրատեսական։ Այդ հարթակները զգուշացնում են տնտեսական և անվտանգության վտանգավոր կամ Հայաստանի համար ոչ ցանկալի հետևանքների մասին, եթե Հայաստանը շարունակի շրջվել դեպի Արևմուտք։ Այս ուղերձներում շեշտվում են աշխարհաքաղաքական ռիսկերը, ներառյալ՝ Ռուսաստանի կամ Ադրբեջանի հետ լարվածության հնարավորությունը՝ դաշնակցային ուղղության փոփոխության պատճառով։
- «Ռուսաստանը լքում է տարածաշրջանը» (Параллель Z/1.2K, Товарищ генерал)
- «Արևմուտքի հետ ինտեգրումը միշտ հանգեցնում է քաղաքացիական պատերազմի կամ տարածքների կորստի» (Alpha News/31.1K)
- «Ռուսաստանը կարող է ճնշում գործադրել էներգետիկ հատվածի միջոցով» (Миротворец/9.9K)
- «Ռուսաստանը շարունակում է մասնակցել Հայաստանի զարգացմանը՝ չնայած Փաշինյանի կողմից ստեղծված աշխարհաքաղաքական անհավասարակշռությանը» – (Цицак/Ծիծակ/1.9K)
Հայաստանի էներգետիկ անվտանգությունը երաշխավորվում է Ռուսաստանում․ հիմնական խոսույթներ
Պրոռուսական տելեգրամյան աղբյուրները շեշտում են, որ Հայաստանի էներգետիկ համակարգը՝ ներառյալ բնական գազի և ատոմային էներգիայի ոլորտները, ապահով են միայն Ռուսաստանի հետ սերտ համագործակցության պայմաններում։ Հաճախ մեջբերվում է ռուսական գազի ցածր գինը` $165 խմ-ի դիմաց (Sputnik Армения և Цицак/Ծիծակ) որպես Ռուսաստանի բարեհաճության և ռազմավարական գործընկերության ապացույց (Армения Сенсации-Reconquista/Армянская вендетта 4.4K)։
Դրանցում նշվում է նաև, որ Հայաստանը, հրաժարվելով ռուսական աջակցությունից, ռիսկի է ենթարկվում՝ հայտնվելով էներգետիկ անկայունության և արևմտյան կախվածության մեջ (Цицак | ԾԻԾԱԿ/2.0K):
- «Ռուսաստանը պահպանում է գազի ցածր գները հայ սպառողների համար՝ ցուցաբերելով անհավանական համբերատարություն» (Параллель Z)
Պնդում կա նաև, որ Մեծամորի ԱԷԿ-ի փակումը Արևմուտքի նախաձեռնությունն է՝ Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու նպատակով (Моя Родина — Арцах/1.9K):
- «Ատոմակայանի գործունեությունը կախված է Ռոսատոմից» (Хроники Армении/1.7K)
- «Ռոսատոմը տրամադրում է վառելիքի ամբողջական մատակարարման ցիկլ» (Хроники Армении/1.7K)
- «ԵՄ-ն ցանկանում է փակել ռուսական ատոմակայանը» (Армянская вендетта/40.4K)
- «ԱՄՆ-ն հրաժարվել է Հայաստանին անվտանգության երաշխիքներ տալ» (Цицак | ԾԻԾԱԿ)

Պրոռուսական տելեգրամյան ալիքները արևմտյան էներգետիկ մոդելներին Հայաստանի հնարավոր մոտեցումը համարում են վտանգավոր։ Մեծամորի փակումը կամ վերանորոգումը հաճախ ներկայացվում է ոչ թե որպես ներքին կամ անվտանգության շարժառիթ ունեցող որոշում, այլ՝ Արևմուտքի պարտադրած օրակարգ։
Նրանք պնդում են, որ արևմտյան այլընտրանքները՝ օրինակ՝ ԱՄՆ-ի կողմից առաջարկվող մոդուլային ռեակտորները, վտանգավոր են, անփորձ և անորոշ։
- «Արևմուտքը մոդուլային կայանների փորձ չունի» (Арцах 44 և/1.9K)
- «Ամերիկյան կողմը առաջարկում է անհասկանալի մոդուլային միջուկային կայաններ» (Цицак | ԾԻԾԱԿ/2K)
- «Հայաստանի տարածքը կլցվի ռադիոակտիվ ռումբերով» (Внешный Враг/10.4K)
Այսպիսով, հիմնական նարատիվներն են՝
- Ռուսաստանը քաղաքականապես օգտագործում է իր էներգետիկ գերակայությունը
- Հայաստանի՝ ԵՄ-ին ինտեգրումը սպառնում է էներգետիկ անվտանգությանը
- Արևմուտքը գլխավոր սպառնալիքն է Հայաստանի համար բոլոր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում
- Ռուսաստանը ներկայացվում է որպես Հայաստանի միակ փրկիչ
- Հայաստանի իշխանությունները ներկայացվում են որպես օտար պետությունների գործիքներ
Գործող անձինք
Հայաստանի կառավարության էներգետիկ ծրագրերն ու հատկապես Արևմուտքի հետ այս ոլորտում գործակցությունը «Ռազմավարական մշակույթի զարգացման» ռուսաստանյան պետական հիմնադրամի ուշադրության կենտրոնում է, որն իր մոտ 63 000 բաժանորդ ունեցող տելեգրամյան ալիքում պարբերաբար անդրադառնում է երկրի էներգետիկ ոլորտի զարգացումներին։
Հիմնադրամը ներկայանում է որպես գլոբալ հիմնահարցերի վերաբերյալ փորձագիտական հոդվածների ու ուսումնասիրությունների հարթակ, մինչդեռ իրականացնում է քարոզչական աշխատանք՝ ընդդեմ արևմուտքի։ Այն տարբեր թեմաների վերաբերյալ աչքի է ընկնում քարոզչական նարատիվների ու ոչ անաչառ վերլուծությունների հրապարակմամբ։
Ինչ վերաբերում է ՀՀ էներգետիկ ոլորտի զարգացումներին, ապա ինչպես վերը նշեցինք, թեման հարթակի մշտական ուշադրության կենտրոնում է։ Fip.am-ի մշտադիտարկումը ցույց է տվել, որ հիմնադրամն ու իր տելեգրամյան ալիքը խնդրո առարկա թեմայի վերաբերյալ քարոզչական թեզերի գեներացման ու տարածման հիմնական աղբյուրն են։
Հատկանշական է նաև, որ ռուսամետ մի շարք գործիչներ ու տելեգրամյան ալիքներ պարտաճանաչորեն տարածում են ֆոնդի տելեգրամյան գրառումները ինչպես ՀՀ էներգետիկ ոլորտի, այնպես էլ ներքին ու արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ։ Նրանց թվում է, օրինակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ՀՀ-ում ռուսամետ քարոզչություն իրականացնող Արման Աբովյանը, որը հիմնադրամի գրառումներն ակտիվորեն տարածողների թվում է։
ՀՀ իշխանությունների՝ հատկապես էներգետիկ գործակցությունն արևմուտքի հետ մշտապես քննադատող և ռուսամետ քարոզչություն իրականացնող խոշոր ռուսալեզու տելեգրամյան ալիքներից են Параллель Z, Моя Родина — Арцах, Хроники Армении, Цицак, Ереванский наблюдатель ևն։
Այս ռուսալեզու ալիքներին միավորում են Արևմուտքի և Հայաստանի վերաբերյալ դավադրապաշտական թեզերը ոչ միայն Արևմուտքի հետ էներգետիկ ոլորտում գործակցության մասով, այլ նաև այլ թեմաների մասին ևս․ դրանք տարածում են կեղծ տեղեկություններ Հայաստանում իբրև թե գործող այսպես կոչված կենսաբանական լաբորատորիաների մասին։
Ալիքները ինչպես էներգետիկ, այնպես էլ մյուս հարցերում հավատարիմ են ռուսաստանյան քարոզչական խոսույթին, այն է՝ Արևմուտքը ներկայացվում է որպես տարածաշրջանային ապակայունացնող ուժ։
Հայաստանյան մեդիադաշտում, ինչպես նաև իր սոցիալական մեդիայի ռեսուրսներում ՀՀ էներգետիկ ոլորտի վերաբերյալ ռուսաստանյան քարոզչական թեզերի ակտիվ տարածողներից է Վահե Դավթյանը, որը ներկայանում է որպես քաղաքական գիտությունների դոկտոր և էներգետիկ անվտանգության փորձագետ։ Նա տարբեր ԶԼՄ-ների հետ շփումներում ակտիվորեն անդրադառնում է Հայաստանի էներգետիկ համակարգի խնդիրներին՝ բացառապես ռուսաստանյան խոսույթի տիրույթում (1,2,3)։
Ռուսաստանյան քարոզչական թեզերը մեդիահարթակում տարածողներից է նաև էներգետիկ հարցերի փորձագետ ներկայացող Արմեն Մանվելյանը (1,2,3,4,5). նա ռուսամետ «Հայաքվե» քաղաքական նախաձեռնության անդամներից է, որը քարոզում է Հայաստանի հավատարմությունը Կրեմլին:
Մանիպուլյատիվ մեթոդներ պրոռուսական աղբյուրներում
Ռուսամետ մեդիան, սոցհարթակները կիրառում են մանիպուլյատիվ մեթոդներ էներգետիկ ոլորտի վերաբերյալ հրապարակումներում։ Նախ՝ վախ են ներշնչում (fearmongering)՝ պատկերելով էներգետիկ ճգնաժամ և գների աճ, եթե Հայաստանը հրաժարվի ռուսական էներգետիկ աջակցությունից։ Բացի այդ, արևմտյան առաջարկները ներկայացվում են ոչ իրատեսական, վտանգավոր կամ տեխնիկապես թերի։ Նաև՝ հատուկ շեշտադրում է արվում ռուսական ներդրումների վրա, օրինակ՝ ենթակառուցվածքներում և կրթական ոլորտում, ստեղծելով երախտագիտության ու կախվածության զգացում։
Այս հարթակները հաղորդակցման մի այնպիսի համակարգ են ստեղծում, որի նպատակը Հայաստանի էներգետիկ և քաղաքական կախվածության պահպանումն է Ռուսաստանից։ Օրինակ՝ Մեծամորի ԱԷԿ-ը ներկայացվում է որպես ռուսական կայունության խորհրդանիշ, իսկ արևմտյան տարբերակները՝ որպես սպառնալիք։
Սոցցանցային հրապարակումները ձևավորում են տպավորություն, որ կարծես Հայաստանը գտնվում է Ռուսաստանի և Արևմուտքի միջև՝ էներգետիկ անվտանգության և տնտեսական հետևանքների լուրջ մտահոգությունների ներքո։
Հասմիկ Համբարձումյան; Նանե Մանասյան
Բաց մի թողեք
Իսրայելի հետ միասին Ադրբեջանը Գազայի ժողովրդին սովի է մատնել
Ավելի քան 22 մլն դրամ՝ ՀՀ ֆինանսների նախարարի քրոջը․ ԲՏԱ նախարարության պայմանագրերի հետքերով
Հայաստանի մասին իսպանական լրատվամիջոցում հոդվածի հեղինակը համարվում է «Պուտինի պաշտպան»