29/07/2025

Գևորգ Պապոյանը ՆԳ նախարարի արածը փորձում է իրեն վերագրել․ ի՞նչ է բանակցել Արփինե Սարգսյանը վրացական կողմի հետ

Էկոնոմիկայի «ամենազոր» նախարար Գևորգ Պապոյանն այսօր հերթական վիճակագրությունն է ներկայացրել իր ֆեյսբուքյան տիրույթում։

Mediahub-ը գրել է․ «Միայն նախորդող օրվա ընթացքում Վերին Լարսը անցել և ՌԴ է մտել հայկական շշալցված կոնյակով բեռնված 24 բեռնատար»,-առավոտ կանուխ, աշխատանքի վայր հասնելուն պես՝ հպարտացել է նախարար Պապոյանը։

Գևորգ Պապոյանն այսպիսով փորձում է ցույց տալ, թե ինքը տիրապետում է իրավիճակին, տեղյակ է արտահանողների համար Լարսում ու Վրաստանում առաջացած խնդիրներից և հենց ինքն էլ լուծում է այդ խնդիրները, կարգավորում է արտահանման հետ կապված հարցերը, որ մեր արտահանողները կարողանան անարգել իրենց ապրանքը տեղ հասնել։

Իրականում Պապոյանը ոչինչ էլ չի կարողանում անել այս հարցում, գուցե փորձում է, բայց չի ստացվում նրա մոտ, վրացի գործընկերների հետ նրա բանակցությունները որևէ արդյունք չեն տվել այս ընթացքում, և հայկական բեռնատարները բնավ իր շնորհիվ չէ, որ անխոչընդոտ անցնում են Լարսը։ Ավելին, մեր տեղեկություններով, Պապոյանի փոխարեն որքան էլ տարօրինակ թվա, բայց իր կին գործընկերներից մեկը՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն էր բանակցել վրացի գործընկերների հետ, երբ հուլիսի 21-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Վրաստան։

Այս տեղեկությունը հաստատեցին նաև ՆԳՆ-ից՝ նշելով, որ նախարարը, ի թիվս այլ հարցերի, վրացի պաշտոնյաների հետ քննարկել է նաև հայկական բեռնատարների՝ Վրաստանի տարածքով անխոչընդոտ անցնելու հարցը։

Սա մի կողմից նորմալ է, որ ցանկացած պաշտոնյա իր այցերի, հանդիպումների ժամանակ առիթն օգտագործի և Հայաստանի համար այդ պահին օրակարգային համարվող այլ հարցերի ևս անդրադառնա, փորձի առաջացած խնդիրների համար լուծումներ գտնել նաև իր այցերի առիթն օգտագործելով։

Մյուս կողմից՝ ամոթ է ու խայտառակություն անձամբ տվյալ ոլորտը համակարգող պաշտոնյայի համար, որ ինքը չի կարողանում բանակցել ու լուծել հարցը, իր փոխարեն իր գործընկերն է զբաղվում, որի համակարգման ոլորտը լրիվ այլ է, այն էլ՝ կին գործընկերը։

Ընդ որում, մեզ ասացին, որ ՆԳ նախարարի այցից հետո հենց հաջորդ օրը միայն շուրջ 100 բեռնատար է անխոչընդոտ անցել Վրաստանի սահմանը։ Իհարկե, սրան զուգահեռ՝ չի վերացել նաև կաշառքի խնդիրը, և վրացի սահմանապահները դեռևս շարունակում են փող վերցնել հայ վարորդներից, որ թողնեն մեր բեռնատարները հատեն սահմանը, պարզապես այլևս շատ չեն քաշքշում։

Բայց Գևորգ Պապոյանը ուրիշների արածը կամ կաշառքի միջոցով հարցին լուծում տալը փորձում է իրեն ու իր գործադրած անպտուղ ջանքերին վերագրել։ Մինչդեռ, պետք է ընդամենը ամաչել, որ իր փոխարեն ուրիշներն են իր պատասխանատվության տիրույթում գտնվող խնդիրը փորձում լուծել։