Ռուսաստանյան լրատվամիջոցները հայտնում են, որ Բելառուսի Քննչական կոմիտեն «Միսնկի երկնքում խփված ԱԹՍ-ի անկման փաստով հետաքննությունն է իրականացնում»:
Ըստ այդմ, «առգրավվել են ԱԹՍ-ի կորպուսի և թևերի մասեր, նավիգացիոն սարքավորումներ և տրոտիլով ու մետաղական գնդիկների տեսքով խոցող տարրերի տեսքով մարտական մասը, անօդաչուի բեկորների վրա առկա են ուկրաիներենով գրառումներ»:
Պաշտոնական վարկածի համաձայն, Բելառուսի ՀՕՊ հերթապահ ուժերն ԱԹՍ-ն հավաստանշել են գիշերը և «ճնշել ռադիոլոկացիոն պայքարի միջոցներով»: Անօդաչուն վայր է ընկել Մինկսի Մատուսևիչ փողոցի թիվ 72 տան հարակից տարածքում, «դետոնացիա տեղի չի ունեցել, տուժածներ չկան, շենքի բնակիչները չեն տարհանվել»:
Բելառուսի Քննչական կոմիտեն հայտնել է, որ նախագահ Լուկաշենկոն «գործը վերցրել է անձնական հսկողության տակ»: Այս տեղեկատվության մեջ աչքի է զարնում այն, որ մի դեպքում ԱԹՍ-ն Մինսկի երկնքում «խփվել է», մյուսում՝ «ճնշվել ռադիոլոկացիոն պայքարի միջոցներով»:
Արտառոց է թվում նաև, որ տրոտիլով հագեցած մարտական մասի առկայության դեպքում պայթյուն տեղի չի ունեցել, բայց մյուս կողմից ասվում է, որ «կայանված մի քանի մեքենաներ բեկորներից վնասվել են»:
Ուշագրավ է նաև, որ ԱԹՍ-ի «բեկորների վրա առկա են ուկրաիներենով գրություններ», ինչը նշանակում է, որ քննության հիմնական վարկածն այն է լինելու, որ Ուկրաինան «խախտել է Բելառուսի օդային սահմանը, փորձել հարվածել Մինսկին»:
Պատահական չէ պաշտոնական հաղորդագրության ընդգծումը, որ գործը գտնվում է Լուկաշենկոյի անձնական հսկողության ներքո: Մինսկի «դեմ ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման» մասին տեղեկությունը հաջորդում է Ուկրաինայում հրադադարի հաստատման մասին ԱՄՆ նախագահի պահանջին:
Դոնալդ Թրամփը շատ կարճ ժամկետ է սահմանել, ինչին, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի չի համաձայնի: Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Մեդվեդևն ասել է, որ բանակցություններ կլինեն այն ժամանակ, երբ Ռուսաստանը հասած կլինի «հատուկ ռազմական գործողությամբ» առաջադրված իր բոլոր նպատակներին:
Այս իրավիճակում Մոսկվան, երևի, ձգտելու է ավելի ընդլայնել հակամարտության գոտին: Մինսկի երկնքում «ուկրաինական ԱԹՍ-ի ոչնչացման» մասին տեղեկությունը կարող է ավելի լուրջ միջադեպերի նախերգանք լինել:
Ավելի վաղ Ալեքսանդր Լուկաշենկոն մի քանի անգամ հավաստիացրել է, որ թույլ չի տա Բելառուսի ներքաշումը զինված հակամարտության մեջ: Բայց Բատկան կկարողանա՞ դիմադրել Պուտինին, եթե վերջինիս պետք լինի միջազգային հանրությանը «համոզել, որ Ուկրաինան հարձակվել է Բելառուսի դեմ»:






Բաց մի թողեք
Պուտինը Ալիևին նոր արտոնություն կշնորհի
Ադրբեջանն էլ «կկրճատի պարտադիր զինծառայության ժամեկտը»
ԱՄՆ ամբողջությամբ իր հովանու ներքո է վերցնում Ադրբեջանը