Միջազգային մամուլում Իրանի արևմտյան և արևելյան սահմաններից տագնապալի լուրեր են ստացվում: Փորձագետները «բնական» են համարում, որ իսրայելա-ամերիկյան տասներկուօրյա հարվածներից հետո Իսլամական հանրապետության տարածքում անջատողական տրամադրությունները կրկին զգացնել են տալիս:
Ըստ հավաստի տեղեկությունների, Իրանի դեմ հարձակման գործողություններ իրականացնելիս Իսրայելն օգտագործել է նաև Իրաքյան Քրդստանի տարածքը, Իրանն իր հերթին պատասխան գործողություններ է իրականացրել:
Այդ պատճառող իրանա-իրաքյան սահմանի տարբեր հատվածներում հուլիսի սկզբից ի վեր արձանագրվել են քրդական զինված խմբավորումների կողմից հարձակման տասնյակ դեպքեր: Ըստ տեղեկությունների, Իրանի համար «բավական ցովոտ են հատկապես քուրդ դիպուկահարների թիրախային կրակոցները»: Բախումներ են արձանագրվել նաև Աֆղանստանի և Պակիստանի հետ սահմանակից Սիստան-Բելուջիստան նահանգում:
Բելուջների անջատողկան «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորման դեմ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն անցյալ տարի լայնածավալ պատժիչ գործողություններ է իրականացնել, այդ թվում՝ Պակիստանի տարածքում, ինչը երկու երկրների միջև լարվածության պատճառ էր դարձել:
Կողմերին, սակայն, հաջողվել է արագորեն շտկել իրավիճակը: Ըստ երևույթին, բելուջական անջատողականությունը փորձարկում է Իրանի սահմանապահ և անվտանգային ծառայությունների զգոնությունը և պատրաստակամությունը:
Իրանի հետախուզության նախարարությունը ստեղծված իրավիճակը որակել է Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իսլամական հանրապետության դեմ «կոգնիտիվ պատերազմ», որ նպատակ ունի մասնատել երկիրը և տապալել գործող վարչակարգը:
Ռուսաստանցի փորձագետ Յուրի Լյամինը կարծում է, որ Իրանի իշխանությունները դիվանագիտական քննարկումներ կունենան Իրաքի կենտրոնական և քրդական ինքնավարության, ինչպես նաև Պակիստանի և Աֆղանստանի իշխանությունների հետ, որպեսզի կանխեն անջատողական շարժումների ծավալումը:
Այս համապատկերին իրանական Ադրբեջանում իրավիճակը շարունակում է մնալ կայուն: Հուլիսի 29-ին մեծ հանդիսավորությամբ իրականացվել է Թավրիզ- Բաքու թռիչք: Այդպիսով վերականգնվել է Բաքու-Թավրիզ օդային ուղղակի հաղորդակցությունը:
Տասներկուօրյա պատերազմի ընթացքում իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել նաև Թավրիզի օդանավակայանում: Կարելի է ենթադրել, որ վերականգնողական աշխատանքներին մասնակցություն է ունեցել նաև Ադրբեջանը:
Ինչո՞վ է պայմանավորված իրանական Ադրբեջանի լոյալությունը, արդյոք նրանո՞վ, որ Իսլամական հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը ծագումով այդ նահանգից է և էթնիկ ադրբեջանցի, թե՞ Թավրիզում անջատողականությունը զսպում են Թուրքիան և Ադրբեջանը:
Իրանա-ադրբեջանական հարաբերություններում «քսան միլիոն թուրքախոս բնակչության իրավունքների» հարցը մշտապես առկա է եղել: Բաքվում գործում են իրանական Ադրբեջանի հետ մշակութային կապերի մի քանի կազմակերպություններ:
Այդ ուղղությամբ աշխատանքները տարիներ շարունակ համակարգել է Միլլի մեջլիսի երկարամյա պատգամավոր, բանաստեղծ Սաբիր Ռուստամխանլին: Անցյալ տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններում Ռուստանխանլին պատգամավորի թեկնածու չի առաջադրվել:
Դրանից, իհարկե, չի կարելի հետևություն անել, թե Բաքվում «բաժանված ազգի միավորվելու» քարոզչությունը դադարել է, բայց, որքանով թույլ են տալիս ադրբեջանական մամուլի դիտարկումները, այդ գաղափարախոսության հրապարակային դրսեւորումները, կարծես, «տաբու են»:
Ուշագրավ է, որ, չնայած Իրանից Ադրբեջանի հասցեին հնչող երբեմն չափազանց սուր քննադատությանը, Իսլամական հանրապետության նախագահ Փեզեշքիանը մեկ ամսում նախ այցելել է Բաքու, ապա օկուպացված Ստեփանակերտում մասնակցել Տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդաժողովին:
Փեզեշքիանի կողմից թուրքական աշխարհի հետ սրացումներից խուսափելու քաղաքականությունը երաշխի՞ք է, որ Թավրիզը չի ապստամբի, Ալիևն իրոք ներգրավվա՞ծ չէ Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան «կոգնիտիվ պատերազմին»:
Բաց մի թողեք
ԵԱՀԿ-ն սկսել է Մինսկի խմբի և դրա հետ կապված ինստիտուտների լուծարումը. գործընթացի ավարտի ժամկետ է նշվել
Որ անցանկալի սցենարը կանխելու համար է պետքարտուղար Ռուբիոն գործուղվել Իսրայել
Էրդողանը կոչ է արել «տնտեսական սահմանափակումներով Իսրայելին գետնին սեղմել»