Իրանի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Սանային սոցիալական X հարթակում գրառում է կատարել, որ օգոստոսի սկզբին նախագահ Մասուդ Փեզեշքիանը կայցելի Պակիստան, որտեղ բանակցություններ կվարի այդ երկրի ղեկավարության, ինչպես նաև գործնական և մշակութային շրջանակների ներկայացուցիչների հետ:
Նրա խոսքերով, այցը նվիրված է երկկողմ քաղաքական, տնտեսական, կրոնական և մշակութային կապերի խորացմանը: «Կողմերն առանձնահատուկ ուշադրություն կդարձնեն սահմանամերձ համագործակցությանը, հումանիտար կապերին և առևտրի զարգացմանը, որի ծավալներն արդեն հասնում են տարեկան երեք միլիարդ դոլարի»,- մանրամասնել է Սանային և վստահություն հայտնել, որ բանակցությունների արդյունքում Թեհրանը և Իսլամաբադը «կհասնեն կրոնական և միջազգային մակարդակներում համագործակցության խորացմանը նպաստող համաձայնությունների»:
Նախագահի պաշտոնն ստանձնելուց ի վեր Մասուդ Փեզեշքիանը պաշտոնական այց է կատարել Թուրքիա, վերջին մեկ ամսում նախ եղել է Բաքվում, ապա օկուպացված Ստեփանակերտում մասնակցել Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովին, որի ընթացքում եռակողմ՝ Թուրքիա-Պակիստան-Իրան ձևաչափով քննարկումներ է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Շահբազ Շարիֆի հետ: Պակիստան պաշտոնական այցի պայմանավորվածությունն, ամենայն հավանականությամբ, ձեռք է բերվել հենց այդ քննարկումների արդյունքում:
Իրանն, անշուշտ, լիովին ազատ է իր անվտանգության միջավայրի, առևտրա-տնտեսական, մշակութային, մարդասիրական և կրոնական համագործակցության գործընկերների ընտրության, ինչպես նաև Ռուսաստանի, հարեւան երկրների հետ կոմունիկացիոն նախագծերի մշակման և իրականացման հարցում:
Ի վերջո, դա մի երկիր է, որ իսլամն ընդունել է որպես պետական գաղափարախոսություն, իսլամական համերաշխությունը՝ ռազմա-քաղաքական և նույնիսկ աշխարհա-տնտեսական գործոն:
Դրանում արտառոց և անսպասելի ոչինչ չկա: Եվ նման հարց շոշափելու անհրաժեշտություն չէր լինի, եթե Հայաստանի քաղաքական և փորձագիտական որոշակի շրջանակներ Սյունիքում հաղորդակցության բացման շուրջ դիտարկումներում փորձ չանեին տպավորություն ստեղծել, թե պաշտոնական Երևանը «գործում է Ռուսաստանի և Իրանի շահերի դեմ»:
Ընդ որում՝ այդ նարատիվն ուժգնանում է իրանա-ադրբեջանական դիվանագիտական շփումների ակտիվացման համատեքստում: Ավելի վաղ նկատել ենք, որ Բաքուն նպատակադրված է Թեհրանին ներշնչել, որ Մեղրիի անցուղու կառավարման հարցում «Հայաստանն է Միացյալ Նահանգների հետ բանակցություններ վարում, հարցերը պետք է ուղղել Երևանին»:
Պաշտոնական Թեհրանը, ինչպես վկայում են նախագահ Փեզեշքիանի պաշտոնական և աշխատանքային այցերը, Թուրքիայի, թուրքական աշխարհի հետ սրացումների գնալու մտադրվածություն չունի, փորձում է հնարավորինս ներգրավել այդ միջավայրին:
Գուցե դա «թիկունքային ապահովության» միջոց է, եթե հաշվի առնենք, որ Միացյալ Նահանգները մեծապես կարևոր է Թուրքիայի գործոնը:
Թող ցավոտ չափազանցություն չթվա, բայց իրավիճակը նման է ԼՂ հարցում Իրանի դերի չափազանցված ընկալման տարիներին, երբ գրեթե նույն շրջանակները պնդում էին, որ Իսլամական հանրապետությունը «երբեք թույլ չի տա, որ իր հյուսիսային սահմաններին իսրայելա-թուրք-ամերիկյան ներկայություն լինի»:
Քառասունչորսօրյա պատերազմը մերկացրեց այդ նարատիվի, թույլ տանք ասել՝ ինֆանտիլությունը կամ, թերևս, հակահայկականությունը: Հայաստանի նախագահին քննադատում են, թե ասել է, որ «պետք է բացել Սյունիքի դարպասները», իսկ վարչապետին պարզապես «անարգանքի սյունին են գամում», քանի որ հորդորել է «միջանցք» բառից ողբերգություն չստեղծել:
Եթե Հայաստանը «չպետք է բացի Սյունիքի դարպասները», ապա ո՞վ և ինչպե՞ս պետք է դա անի:
Եթե Հայաստանը Մեղրիի անցուղին չպետք է գործարկի, ապա ի՞նչ է հետևելու դրան: Լավագույն դեպքում՝ Չինաստան-Կենտրոնական Ասիա-իրանա-ադրբեջանական «Արաքսի միջանցք»-Թուրքիա-Եվրոպա հաղորդակցությու՞ն: Իսկ դրանից ի՞նչ է շահելու Հայաստանը:
ԵՄ – Մեծ Մերձավոր Արևելք – Կենտրոնական Ասիա – Չինաստան երկու միլիարդից ավելի բնակչություն ունեցող «կես-աշխարհում» խուլ մեկուսացու՞մ է: Իրանն, այո, բարեկամ երկիր է, բայց Հայաստանի ազգային-պետական շահն ավելի թանկ է:
Բաց մի թողեք
Ի՞նչ կմնա Հայաստանից, այս հարցի պատասխանն ո՞վ ունի
Ալիևը կրկնել է նախավաշինգտոնյան թեզերը
Դուրս կմնա՞ Հայաստանը «միջանցքային» խաղերից …