«Եդիոտ ահրոնոտը» բացահայտ տագնապով գրում է, որ պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ-ում սոցհարցումների արդյունքներով քաղաքացիների վաթսուն տոկոսը դեմ է արտահայտվել Իսրայելի կողմից Գազայում պատերազմի շարունակմանը:
Հեղինակի ունեցած «հավաստի տեղեկությամբ»՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը «խստորեն զգուշացրել է վարչապետ Նաթանյահուին, որ վերջ տա պաղեստինցիներին սովամահության սպառնալիքով հպատակեցնելու մտադրությանը»:
«Իսրայելը հայտնվել է միջազգային աննախադեպ մեկուսացման մեջ, արդեն 121 երկիր ճանաչել է Պաղեստինի պետությունը: Վերջին օրերին նման պատրաստակամություն է հայտնել ևս ինը երկիր»,- գրում է իսրայելցի մեկնաբանը:
Նա հատկապես «չափազանց տագնապահարույց» է անվանում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հայտարարությունը: Վերջինս սպառնացել է ճանաչել Պաղեստինի անկախությունը, եթե Իսրայելը վերջ չտա Գազայի պատերազմին և չհրաժարվի Հուդեան և Սամարիան անեքսիայի ենթարկելու քայլերին:
Պաղեստինի անկախությունը ճանաչելու մասին Ֆրանսիան կհայտարարի ՄԱԿ-ի սեպտեմբերին կայանալիք Գլխավոր ասամբլեայի նիստին: Իսրայելական մամուլը համարում է, որ Գազայում արդեն մոտ երկու տարի շարունակվող պատերազմը «ոչ մի խնդիր չի լուծել, ՀԱՄԱՍ-ը ջախջախված չէ, պատանդները վերադարձված չեն, Իսրայելն, ընդհակառակը, զրկվել է միջազգային աջակցությունից, նրա միակ դաշնակիցը մնացել է Միացյալ Նահանգները»:
Վերջին զարգացումներում Իսրայելի համար «մխիթարական մրցանակ» կարելի է համարել այն, որ արաբական մի շարք երկրներ առաջին անգամ ՀԱՄԱՍ-ին կոչ են արել զինաթափվել և հրաժարվել Գազայի կառավարումից:
Նման հայտարարություն ավելի վաղ տարածել է Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը: Բայց որքանո՞վ ՀԱՄԱՍ-ն ընկալունակ կգտնվի կամ չեն լինի երկրներ, որ պաղեստինյան կազմակերպությանը տրամագծորեն հակառակ խորհուրդը կտան՝ ոչ ոք չի կարող երաշխավորել:
Իսրայելական մամուլի հրապարակումներում ոչ բացահայտ, բայց ենթատեքստային հարցադրումներ են արվում, թե արդյոք ստեղծված իրավիճակում վարչապետ Նաթանյահո՞ւն է ձախողվել, թե՞ «Ավետյաց երկիր» սիոնիստական նախագիծը գործնականում անիրականացնելի է:
«Պաղեստինի պետության ստեղծումը հրեա ժողովրդի մահն է»,- հայտարարել է ընդդիմադիր «Մեր տուն Իսրայել» կուսակցության առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանը:
Այլ քաղաքական գործիչներ և մեկնաբաններ տագնապ են հնչեցնում, որ Պաղեստինի անկախությունը, Գազայից և Հուդեայից ու Սամարիայից իսրայելական զինված ուժերի հեռացումը «մեծ արտագաղթի պատճառ կդառնան»:
Իսրայելի բնակչության մոտ երկու միլիոնը երկքաղաքացի է, նրանց մեծամասնությունը նաև ամերիկյան անձնագիր ունի: Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ Գազայում պատերազմի պատճառով Իսրայելից արդեն իսկ վեց հարյուր հազար մարդ է հեռացել:
Փաստացի առկա է իրավիճակ, երբ սիոնիստները հավակնում են նախկին բրիտանական ենթամանդատային ամբողջ Պաղեստինում ունենալ հզոր պետություն, մինչդեռ իսլամական արմատականությունը չի ճանաչում այդ տարածքներում հրեական պետության գոյությունը:
1947 թվականին «երկու ազգ՝ երկու պետություն» սկզբունքով ՄԱԿ-ի ընդունած բանաձևը մնում է կարգավորման իրավական հիմք, բայց՝ միայն ֆորմալ առումով: Գետնի վրա իրավիճակը բոլորովին այլ է:
«Անկախությունը թղթով չի հաստատվում»,- Պաղեստինը ճանաչելու մասին Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը ծաղրել է Իսրայելի պաշտպանության նախարար Կացը: Բայց եվրոպական «եռյակը»՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, ըստ մամուլի, արդեն քննարկում են Իսրայելին սպառազինությունների վաճառքի արգելք սահմանելու հարցը:
Պաղեստինի հարցին կոնսենսուսային լուծում գտնելու հնարավորություն կա՞: Պաղեստինցիները կարո՞ղ են ներքին տարաձայնությունները հաղթահարել և միավորվել միջազգային ճանաչման հասնելու առաջնահերթության շուրջ:
Այս հարցը հրատապ է նաև Հայաստանի համար, որովհետև Մերձավոր Արևելքում «պատմական հաշտությունը» կարող է նախադեպային լինել նաև Հարավային Կովկասի համար: Բայց կա նաև իրական վտանգ, որ զարգացումները կտանեն արաբա-իսրայելական լայնածավալ պատերազմի:
Բաց մի թողեք
Որ անցանկալի սցենարը կանխելու համար է պետքարտուղար Ռուբիոն գործուղվել Իսրայել
Էրդողանը կոչ է արել «տնտեսական սահմանափակումներով Իսրայելին գետնին սեղմել»
Վրաստանում քաղաքական «թեժ աշուն» է