08/11/2025

Ռուս – ադրբեջանական հարաբերությունները թեժանում են

Ռուսաստանյան մի շարք թելեգրամ-ալիքներ հայտնում են, որ Եկատերինբուրգի և Սվերդլովսկի մարզի ադրբեջանական «սփյուռքի» ղեկավար Շահին Շիխլիսնկու նկատմամբ ՌԴ Գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել:

Ավելի վաղ Բաքվի մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Շիխլինսկին «իր դեմ ապօրինի հետապնդումներից խուսափելու համար Սիբիրի մի քաղաքից թռել է Մոսկվա և ապաստան գտել Ադրբեջանի դեսպանատան տարածքում, որտեղ շքեղ հյուրանոց ունի»:

Օրերս Իլհամ Ալիևի նախկին փեսա, շոումեն և երգիչ Էմին Աղալարովն ինստագրամյան գրառմամբ հայտնել է, որ հայրը՝ ռուսաստանցի միլիարդատեր Արազ Աղալարովը գտնվում է Բաքվում:

Ռուսաստանյան մամուլում մինչ այդ տեղեկություն է տարածվել, որ անշարժ գույքի տնօրինման և գույքահարկի վճարման հետ կապված՝ Ռուսաստանի պատկան մարմինները նրա դեմ կատարողական վարույթ են նախաձեռնել: Բացառված չէ, որ Իլհամ Ալիևը նրան Ադրբեջանի քաղաքացիություն է շնորհել:

Այս ֆոնին ամենշաբաթյա ավանդական ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չափազանց աղմկոտ հայտարարություն է արել: Նա ասել է, թե տեղեկություններ կան, որ Ուկրաինայի հատուկ ծառայություններն արտերկրում ռուսաստանցի փախստակներ է հավաքագրում, որպեսզի Ադրբեջանի դիվանագիտական և այլ ներկայացուցչությունների դեմ ահաբեկչություններ իրականացնի: Ըստ Զախարովայի, Ուկրաինան փորձում է ռուս-ադրբեջանական ներկայիս տարաձայնությունները ծառայեցնել իր նպատակներին:

Բաքվում Ուկրաինայի դեսպան Գուսևն անհապաղ հերքել է Զախարովային: «Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը, ի տարբերություն Ռուսաստանի հատուկ ծառայությունների, երբեք ահաբեկչություն չի կազմակերպել, այդ կառույցն, ընդհակառակը, յուրաքանչյուր ժամ Ուկրաինան և ուկրաինացի ժողովրդին պաշտպանում է Ռուսաստանի ահաբեկչություններից»,- ասել է Բաքվում Ուկրաինայի դեսպանը:

Զախարովայի հայտարարությունն, ինչ խոսք, համաձայնեցված է Ռուսաստանի հատուկ ծառայությունների և երկրի քաղաքական ղեկավարության հետ: Եվ այստեղ ինտրիգայինը նրա խոսքի ենթատեքստից ենթադրվող իրողությունն է, Ռուսաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների համագործակցությունն, ամենայն հավանականությամբ, խզվել է:

Իսկ կողմերի միջև մոտ երկու տարի առաջ հատուկ ծառայությունների գործունեության կոորդինացման, տեղեկատվության փոխանակման և տեղեկատվական անվտանգության համատեղ գործունեության մասին համաձայնագիր է ստորագրվել:

Անցյալ տարի ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Նարիշկինը Կովկասի և Կենտրոնական Ասիայի անվտանգության հարցերով խորհրդողովն անցկացրել է Բաքվում: Զախարովայի «բացահայտումից» հետևում է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայություններն այլևս գործընկեր չեն, այլ առնվազն՝ մրցակիցներ: Դա շատ լուրջ «ապահարզան է»: