11/08/2025

Հայաստանի նախագահը Զանգեզուրի միջանցքի բացման լոբբինգով է զբաղված. Ադրբեջանական ԶԼՄ-ները ցնծում են

Հայաստանի նախագահը Զանգեզուրի միջանցքի բացման լոբբինգով է զբաղված: Այսպես է վերնագրել Վահագն Խաչատուրյանի տխրահռչակ հայտարարությունը Minval.az-ի խմբագրակազմը:

Վերջիններս առանց որևէ փոփոխության մեջբերել են ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնողի հայտարարությունը:

Չնայած որևէ փոփոխության կարիք էլ չկար՝ Խաչատուրյանի հայտարարությունն ամենաառաջին տառից մինչև վերջինը ծառայում է ադրբեջանական հակահայկական քաղաքականությանը:

Haqqin.az-ն էլ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնողի հայտարարությունը վերնագրել էր՝ «Զանգեզուրի միջանցքը կարող է դառնալ Հայաստանի զարգացման գրավականը»:

Եվ քանի որ Խաչատուրյանի հայտարարությունը պրոադրբեջնական բնույթի էր, բնականաբար որևէ հավելյալ մեկնաբանություն կա կարծիք վերջինիս հայտարարության վերաբերյալ չէր ավելացվել: Սակայն, Day az-ում շատ ծանր էին տարել ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի՝ իրանական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում արված դիտարկումները:

Այն աստիճան էին ծանր տարել, որ նախկին ՀՀ արտգործնախարարին հոդվածի հեղինակը՝ Baku Network-ի ղեկավար, այսպես կոչված հրապարակախոս, իսկ իրականում հայատյացության ադրբեջանական սեգմենտի վառ ներկայացուցիչ Էլչին Ալիոգլուն անվանել էր գունատ քաղաքական դիակ, փոշոտված սվինքս…

Եվ հասկանալի է, թե ինչով էր պայմանավորված հայատյաց ադրբեջանցու հիստերիան: Վերջինս գրում է, որ Զանգեզուրի միջանցքը ապագայի տեսլականն է, իսկ Արա Այվազյանի հայտարարությունները՝ թունավոր սուտ:

Հոդվածի հեղինակը նաև նշում է, թե ինչ դրական կողմեր է ունենալու Զանգեզուրի միջանցքի բացումը, որ երկու միլիարդի ներդրումներ են արվելու, որ բազմամիլիոնանոց գործարքների գետեր են հոսելու Զանգեզուրի միջանցքով, չէ՞ որ այդ միջանցքը հայկական կողմի վերահսկողության տակ չի լինելու և վերջապես այն Ադրբեջանը հողի վրա կապելու է Նախիջևանի հետ: Եվ ուշադրություն, հոդվածի հեղինակը միջանցքի դրական կողմերը նկարագրելիս մեջբերել էր Ադրբեջանի էկոմոնիկայի նախարարության տվյալները:

Հասկանալի է չէ՞, որ Արդբեջանը կարող էր ներկայացնել տվյալներ մի նախագծից, որն անմիջականորեն իր վերահսկողության տակ էր լինելու:

Եվ բնական է, որ Այվազյանի հայտարարությունները պանթուրանական ծրագրի մասին պետք է անհանգստություն առաջացնեին Բաքվում, չէ՞ որ միջանցքի մասին իրականության որևէ դրսևորում վտանգ է ստեղծում, որ Հայաստանի հանրությունը կարող է դրան դեմ հանդես գալ: