«Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի, որ ներկայումս զբաղեցնում է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնը, ծայրահեղ սադրիչ հայտարարությունների ֆոնին ես հրամայել եմ երկու ատոմային սուզանավ տեղակայել համապատասխան տարածաշրջաններում այն դեպքի համար, եթե այդ անմիտ և հրձիգ արտահայտությունները բացահայտվեն ոչ որպես սոսկ բառեր»,- անձնական սոցիալական հարթակում գրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:
Նրա ձևակերպմամբ՝ «բառերը մեծ նշանակություն ունեն և ոչ հազվադեպ հանգեցնում են չկանխատեսված հետևանքների», և ինքը հույս ունի, որ «այս անգամ դրան չի հասնի»: Սա այն դեպքն է, երբ պետք է արժանին մատուցել Միացյալ Նահանգների զսպվածությանը և դիվանագիտական նրբանկատությանը, նա այդ գրառումը կատարել է Բելառուսի նախագահի հետ հանդիպմանը Վլադիմիր Պուտինի կողմից ուղիղ եթերում արված հայտարարությունից հետո, որ Ուկրաինայի հարցում Ռուսաստանի մոտեցումը որևէ փոփոխություն չի կրել, այն հայտնի է դեռևս անցյալ տարի ԱԳՆ կոլեգիայի նիստում իր ելույթից:
Ռուսաստանի նախագահն, ընդսմին, հարկ է համարել վերաշարադրել այդ նախապայմանները՝ Ուկրաինական զորքերը պետք է հեռանան «ԴԺՀ» և ԼԺՀ», ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերի տարածքներից, Ուկրաինան պետք է լինի ոչ բլոկային և միջուկազերծ երկիր:
Ավելի վաղ Պուտինը նաև Ղրիմի ռուսաստանապատկանության ճանաչման պայման է հնչեցրել, բայց, երևում է, այժմ նա այդ հարցը «վերջնականապես լուծված» է համարում:
ԱՄՆ նախագահն, ըստ էության, պատասխանել է Վլադիմիր Պուտինին կամ, ավելի ճիշտ, ընդունել նրա «նետած ձեռնոցը»: Խոսքն, անկասկած, ատոմային սուզանավերն այն տարածաշրջաններում տեղակայելու որոշման մասին է, որտեղից հնարավոր է միջուկային զենք կրող հրթիռներով հարվածել Ռուսաստանի տարածքին:
Մոսկվան բազմիցս և տարբեր մակարդակներով ակնարկել է, որ Ուկրիանայում «հատուկ ռազմական գործողությամբ» առաջադրված նպատակներին հասնելու համար «ոչ մի միջոցի ընտրության հարցի առջև կանգ չի առնի»: Փորձագետները մեկ անգամ չէ, որ Ռուսաստանի կողմից տակտիկական նշանակության միջուկային զենքի օգտագործումը «շատ հավանական» են գնահատել:
Թրամփի սոցցանցային գրառումը բազմիցս մեծացնում է Ռուսաստան-ԱՄՆ միջուկային բախման սպառնալիքը: Ավելի վաղ դիտարկել էինք, որ ստեղծված իրավիճակում, երբ Ռուսաստանը մերժում է Ուկրաինայում հրադադարի հասնելու առաջարկությունը, իսկ Միացյալ Նահանգների նախագահը չի կարող իր և ԱՄՆ միջազգային հեղինակությունը փորձության դնել, հավանական է, որ կողմերը գնան այնպիսի սրացման, երբ ընտրությունը կլինի միջուկային պատերազմի և «դեմք փրկելու» համար փոխզիջումների միջև:
Օգոստոսի 1 –ին, Եվրապայում անվտանգության և համագործակցության խորհրդի հիմնադրման և Հելսինկյան եզրափակիչ ակտի ստորագրման 50-րդ տարեդարձի օրը Ռուսաստանը և Միացյալ Նահանգները քաղաքական առումով հատել են միջուկային պատերազմի «կարմիր գիծը»:
Ինտրիգի հեղինակը Վլադիմիր Պուտինն է: Օգոստոսի 8-ը Թրամփի կողմից հրադադար հաստատելու 10-օրյա վերջնաժամկետն է: Ինչպե՞ս է բացվելու օգոստոսի 9-ի առավոտը:
Բաց մի թողեք
Էրդողանը շատ կոշտ, գրեթե վերջնագրային պահանջով Ալիեւին «բերման է ենթարկել»
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիթկոֆը դարձյալ մեկնում է Մերձավոր Արևելք՝ ներկայացնելու իսրայելա-պաղեստինյան «նոր գործարքի պլան»
Վաշինգտոնում ինչ է նվիրել Թրամփն Ալիևին