Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մասնավոր այց է կատարում Ռուսաստանի: Այդ մասին լրատվամիջոցներին հայտնի է դարձել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի միջոցով:
«Կքննարկվի երկկողմ հարաբերությունների ողջ համալիրը, բնականաբար նաև առևտրա-տնտեսական կապերը և միութենական ծրագրերի իրականացումը և այլն, ինչպես նաև տեղի կունենա միջազգային խնդիրների շուրջ մտքերի խոր փոխանակում»,- մանրամասնել է Կրեմլի պաշտոնական խոսնակը:
Այս տեղեկությունը փոխանցելով՝ ՌԻԱ Նովոստին հարկ է համարել առանձնացնել Բելառուսի նախագահի մամուլի ծառայության հետ աֆիլացված թելեգրամ ալիքի ընդգծումը, որ պետությունների ղեկավարները «նաև կքննարկեն տարածաշրջանային անվտանգության հարցերը»:
Ըստ էության՝ դա նշանակում է, որ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահին Ռուսաստան է հրավիրել, որպեսզի նրա հետ քննարկի ուկրաինական պատերազմի և այդ համատեքստում հնարավոր զարգացումների հետ կապված խնդիրներ:
Տառացիորեն մեկ օր առաջ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի դիվանագիտական կորպուսի հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել և հայտարարել, որ պաշտոնական Մինսկը եվրոպական երկրների հետ ցանկացած հարցի, այդ թվում՝ ապօրինի միգրացիայի, քննարկման «համար մշտապես բաց է եղել և շարունակում է մնալ այդպիսին»:
Այդ հայտարարությունն այնքան անսպասելի է եղել, որ նրան հարց է ուղղվել, թե Արևմուտքի հետ երկխոսության պատրաստակամությունն ինչպե՞ս կընկալվի Մոսկվայում, ինչին Լուկաշենկոն ստանդարտ պատասխան է տվել.«Ռուսաստանի և Բելառուսի հարաբերություններն այնքան ամուր են, որպեսզի ոչ ոք և ոչինչ չկարողանա դրանք խաթարել»:
Ուշագրավ է նաև, որ Լուկաշենկոն Ռուսաստան է մեկնում Մինսկի երկնքում անհայտ ծագման ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկատվության տարածումից երեք օր հետո: Ռուսաստանյան լրատվամիջոցների շտապել էին ԱԹՍ-ի «թևերի և կորպուսի բեկորների վրա ուկրաիներեն լեզվով գրություններ տեսնել», մինչդեռ կարճ ժամանակ անց տեղեկություն տարածվեց, որ Բելառուսը և Լատվիան քննարկում են անհայտ ծագման ԱԹՍ-ի հետ կապված հարցը։
Այդ տեղեկատվության համատեքստից ելնելով՝ կանխատեսել էինք, որ Մինսկի երկնքում ԱԹՍ-ի ոչնչացումը կարող է հետագա բարդությունների նախերգանք լինել: Տպավորություն է, որ Ռուսաստանը փորձում է Բելառուսին ներքաշել Ուկրաինայի հետ պատերազմին, բայց Լուկաշենկոն դիմադրում է:
Պատահական չէ, որ նույն օրերին ՌԴ արտգործնախարար Լավրովն ասել է, որ Արևմուտքի դեմ պատերազմում Ռուսաստանը ոչ մի դաշնակից չունի: Լուկաշենկոն Ռուսաստան է այցելում Կիևի բարբարոսական հրթիռակոծման հաջորդ օրը:
Միացյալ Նահանգների նախագահը Կիևի քաղաքացիական բնակչության դեմ Ռուսաստանի օդային հարվածները որակել է «նողկալի»: Բատկային կհաջողվի՞ հաղթահարել Պուտինի ճնշումները:
Բաց մի թողեք
Վահագն Ալեքսանյանը անօրինական միջոց է նվիրել սեփական կուսակցությանը․ AntiCor
Թաթոյանը Սերժ Սարգսյանի վերաբերյալ հարցերին պատասխանելու փոխարեն նախընտրում է «մինչև վերջ հանվելը»
Մոսկվան գոհ է Երևանի և Անկարայի միջև երկխոսության ակտիվացումից, որը «սկսվել է Ռուսաստանի օգնությամբ»