Ինչպես հայտնի է՝ այս իշխանության գաղափարական եւ, կասեի, կազմակերպչական հիմքն է ատելությունն ու թշնամանքը: Դրա թիրախները կարող են տարբեր լինել՝ «նախկինները», ռուսները, հոգեւորականները, Սամվել Կարապետյանը կամ որեւէ այլ գործիչ:
Կարեւորը ատելության այդ կրակը թեժ պահելն է: Իմ տպավորությամբ՝ Հայաստանի վարչապետն ամեն օր արթնանում է այն մտքով, թե է՛լ ինչ ֆեյսբուքյան ստատուս պիտի գրի, որ սկանդալ, վեճ, գզվռտոց առաջացնի:
Որ երկրպագուներն ու ընդդիմախոսները, զարգացնելով թեման, իրար մասին հնարավորինս կեղտոտ եւ վիրավորական գրառումներ ունեն: Ատելության հիմնական օբյեկտներից են արցախցիները, եւ դա, իհարկե, ունի իր բացատրությունը. այդ մարդկանց վիճակի համար մեղավորները չեն ընդունում իրենց մեղքը, եւ նման դեպքերում լավագույն պաշտպանությունը հարձակումն է:
Իշխանությունը մեզ փորձում է համոզել, որ արցախցիներն արժանի չեն օգնության, նրանք ռուսական ազդեցության գործակալներ են, ուզում են տապալել մեր ազգընտիր եւ վսեմաշուք վարչապետին: Եվ ընդհանրապես պետք է պարզել՝ արդյոք նրանք հա՞յ են:
Ահա այդ «հեյթի» ալիքներն է իշխանությունը պարբերաբար ուղղորդում մեր հայրենակիցների դեմ, եւ դա ծայրահեղ ցինիզմ է՝ հաշվի առնելով, թե ինչ վիճակում են այդ մարդիկ: 120 հազար մարդ զրկվել է ամեն ինչից՝ տնից, աշխատանքից, ծնողների եւ պապերի գերեզմաններից:
Պետությունը նրանց մասին «մոռացել» է՝ այն չնչին նպաստը, որը տալիս էր, դա էլ շատ համարեց, իսկ իրականում իշխանությունները ցանկանում են, որ նրանք որքան հնարավոր է՝ շուտ գնան Հայաստանից:
Այդ մարդկանց վիճակն իրապես ողբերգական է: Դուք, հավանաբար, տեսել եք, թե ինչպես են նրանք ջարդուխուրդ եղած «Ժիգուլիի» տանիքին կապում 30-40 տարվա պահարան, որ քշեն «ռայոն»՝ միայն այնտեղ են նրանք կարողանում մի անկյուն վարձել:
…Այդ ողբերգական ֆոնի վրա այն փաստը, որ «Առավոտին» վտարում են Մամուլի շենքից, փոքրիկ անախորժություն է, որի մասին չարժե երկար խոսել: Ի դեպ, օգոստոսի 2-ին «Առավոտը» դառնում է 31 տարեկան:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ; aravot.am
ՄԻՏՔ․am լրատվական – վերլուծական կայքը ևս շնորհավորում է ավագ գործընկերոջը՝ Առավոտ օրաթերթին ու համանուն լրատվական – վերլուծական կայքին 31-րդ տարեդարձի կապակցությամբ, և հայտնում՝ անսահման աջակցությունը «Առավոտ»-ին, ողջ խմբագրակազմին՝ Արամ Աբրահամյանի ու Աննա Իսրայելյանի գլխավորությամբ։
Բաց մի թողեք
Սա վերջնագրային բնույթի հայտարարություն է․ Բադալյան
Իշխանության տիրացածները այդպես էլ այդ կարողությունները չունեցան․ Սադոյան
Հայաստանի տարածքով ոչ մի միջանցք կոչեցյալ չի կարող ստեղծվել՝ իրանական կողմի հստակ դիրքորոշումը․ Ոսկանյան