Հայաստանում կալանավորված ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հուլիսի 23-ին հայտնեց, որ Կարապետյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը Ստոկհոլմի արբիտրաժային միջազգային դատարանում*։
*Ստոկհոլմի արբիտրաժային դատարանը (Arbitration Institute of the Stockholm Chamber of Commerce, SCC) միջազգային իրավական մարմին է, որն աշխարհի ամենահեղինակավոր արբիտրաժային կենտրոններից մեկն է․ այն հայտնի է պետություն-ներդրող, միջազգային ընկերություններ և էներգետիկայի ոլորտի վեճեր քննելու իր գործունեությամբ:
Այս հրապարակմանն արձագանքել էր ՀՀ կառավարությունը՝ նշելով, որ «հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը»։
Կառավարությունից նաև նշել էին, թե «հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը»:
Մեր գործընկեր Civilnetcheck-ն ավելի վաղ գրել էր, որ հրատապ որոշումը չի ենթադրում ՀԷՑ-ի սեփականատերերի վերջնական հաղթանակ ՀՀ կառավարության նկատմամբ․ այն պարզապես ժամանակավոր միջոց է, որի նպատակն է կանխել հնարավոր անդառնալի հետևանքները՝ մինչև լիարժեք արբիտրաժային քննության մեկնարկը։
«Փաստերի ստուգման հարթակը» Կարապետյանի պաշտպանության խորհրդի կողմից դատարանի որոշման վերաբերյալ հրապարակումից հետո հարցում է ուղարկել ՀՀ կառավարություն՝ խնդրելով տրամադրել որոշման ամբողջական տարբերակը։
Գործադիրից մեր հարցումը վերահասցեագրել են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակ, որտեղից արձագանքել են մեր հարցմանը՝ նշելով, որ միջազգային այս դատարանի կանոնների 3-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ արբիտրաժային վարույթը (Emergency Arbitration) կայացել է գաղտնի ընթացակարգով և արբիտրի կայացրած որոշումը հրապարակման ենթակա չէ։
Վերոհիշյալ հոդվածն ասում է, որ քանի դեռ վեճին մասնակից կողմերը համաձայնություն չեն տվել «դատարանն ու դրա ցանկացած վարչական քարտուղար պարտավոր են պահպանել արբիտրաժի և վճռի գաղտնիությունը»։
Ի՞նչ են պահանջել Կարապետյանները
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից FIP.am-ին հայտնել են նաև, որ հայցն ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացրել են Սամվել Կարապետյանը, Էթերի Կարապետյանը (Կարապետյանի կինը), Սարգիս Կարապետյանը (որդին) և Liormand Holdings Limited*-ը։
*Liormand Holdings Limited ընկերությունը 2010 թվականին Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերություն է, որին էլ տարիներ առաջ՝ 2015 թվականին, «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը վաճառել էր ՀԷՑ-ը, իսկ կառավարությունը հավանություն էր տվել այդ գործարքին։
Ի թիվս ՀԷՑ-ի վերաբերյալ հայցապահանջի՝ եղել է ևս երկու պահանջ։
Դրանցից մեկը, մասնավորապես, վերաբերում էր Կարապետյանի խափանման միջոցի փոփոխությանը՝ ազատ արձակմանը։


SCC-ն, փաստացի, ըստ պատասխանի, բավարարել է միայն ՀԷՑ-ի վերաբերյալ պահանջը՝ մասնավորապես պարտավորեցնելով ՀՀ կառավարությանը դադարեցնել ընկերության ազգայնացման գործընթացը։
Այսպիսով, Ստոկհոլմի արբիտրաժային դատարանը բավարարել է Կարապետյանների ներկայացրած երեք հայցից միայն ՀԷՑ-ին վերաբերող պահանջը։
Նանե Մանասյան
Բաց մի թողեք
Երգիչ Գրիգորի Եսայանն ինստագրամում անդրադարձել է «Զվարթնոց»-ում իր հետ պատահած միջադեպին. Լուսանկար
Արտակարգ դեպք Վանաձորում․ կան վիրավորներ, այդ թվում՝ հրազենային
Նարեկ Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ՀԾԿՀ-ի և դրա նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի դեմ