15/10/2025

Երևանի հանրային տրանսպորտի վճարման համակարգի փոփոխություններն ու նոր հնարավորությունները

Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն օգոստոսի 1-ից հանրային տրանսպորտի վճարման համակարգից թղթային QR կոդով ուղետոմսերի հանելը պայմանավորում է տեխնիկական ավելի քիչ խնդիրներ ունենալու և բնապահպանական հանգամանքներով։

Այս մասին նա նշել է օգոստոսի 4-ին հրավիրած ասուլիսում, որի ժամանակ ներկայացրել է օգոստոսի 1-ից տրանսպորտային ոլորտում ուժի մեջ մտած փոփոխությունները։

Անդրադառնալով ներկայում գործող վճարման մյուս հնարավորություններին՝ Գրիգորյանը մանրամասնել է, որ նախկինում թղթային QR ուղետոմսերից օգտվող քաղաքացիներն այժմ կարող են ձեռք բերել տրանսպորտային քարտ, պարբերաբար լիցքավորել այն և օգտվել տրանսպորտային ծառայություններից։

Փոխքաղաքապետը քաղաքացիներին հորդորել է տրանսպորտային քարտի լիցքավորման միջոցով ուղետոմսերը ձեռք բերել նախապես՝ անհարմարություններից խուսափելու համար. «Օրինակ՝ եթե մետրոյի կայարանում մարդը հենց այդ պահին է լիցքավորում ու ցանկանում է անմիջապես օգտվել, ապա որոշակի ժամանակ է պահանջվում, սովորաբար՝ 2-5 րոպե, որպեսզի այդ ամբողջ տեղեկատվությունը համակարգում պտտվի, այնուհետև կոնկրետ վալիդատոր սարքին փոխանցվի»։

Գրիգորյանը հավելել է, որ տրանսպորտային քարտերը հնարավոր է լիցքավորել «Թել-Սել» դրամապանակի և համանուն տերմինալների, ինչպես նաև «transport.yerevan.am» կայքի միջոցով։ Սա իր հերթին հնարավորություն կտա առանց հերթերի, որևէ հարմար վայրից մուտքագրելով քարտի համարը՝ լիցքավորել ուղետոմսը և օգտվել տրանսպորտային ծառայությունից։

Անդրադառնալով մյուս հնարավորությանը՝ փոխքաղաքապետը նշել է, որ «Թել-Սել» դրամապանակով ուղևորատոմսեր ձեռք բերելիս գրանցվում է հեռախոսահամար, որով առանց նույնականացման գրանցվելու դեպքում՝ տոմսերը միանգամից հայտնվում են դրամապանակում. «Կարծում եմ, որ այս տարբերակներից որևէ մեկից օգտվելու և նախապես որոշակի քանակով ուղետոմսերը լիցքավորելու դեպքում համակարգին առնչվելիս քաղաքացիները խնդիր չեն ունենա։ Իհարկե, հաշվի առնելով, որ մեծ թվով քաղաքացիներ են օգտվում այս համակարգից, ինչպես ցանկացած մեծ համակարգի դեպքում, անխուսափելի է առանձին դեպքերում որոշ խնդիրների առաջացումը, որոնց մեր և «Թել-Սել»-ի զանգերի կենտրոնները հնարավորինս արագ լուծում են փորձում տալ»։

Հիշեցնենք՝ օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտի ուղեվճարի համար նախատեսված թղթային QR տոմսերը դուրս են բերվել շրջանառությունից: Ներկայում գործում է վճարման 3 համակարգ՝ տրանսպորտային քարտով, անհպում բանկային քարտով (ՀՀ բոլոր բաներից՝ բացի ՎՏԲ-ից) և բջջային հավելվածով:

ՄԻՏՔ․am-ի հարցերն ու Երևանի փոխքաղաքապետի պատասխանները՝ այստեղ։