16/10/2025

Թմրանյութերի տարածումը դարձավ պիցցայի առաքման նման հեշտ, մերկությունն ու սեքսուալ կոնտենտը դարձան անհետաքրքրության աստիճանի սովորական

Ինտերնետի հասանելիության մասսայականացմանը զուգահեռ բարոյական սահմաններ ա, որ վերացվում են։ Որևէ կետում էդ ազատ անկումը կանգ չի առնում։

Կանանց ու երեխաների առաջ հայհոյելը դարձավ նորմալ, թմրանյութերի տարածումը դարձավ պիցցայի առաքման նման հեշտ, մերկությունն ու սեքսուալ կոնտենտը դարձան անհետաքրքրության աստիճանի սովորական, աղջիկ երեխաների տեսադաշտում ուրոլոգիական խնդիրների մանրամասն քննարկումը դարձավ սեռակրթություն, հաճույքի ու փորձ ձեռք բերելու նպատակով դեռահաս տարիքից անկանոն հարաբերությունները դարձան նորմա։

Միգուցե ես եմ չափազանց արագ ծերանում, բայց այնուամենայնիվ, կարծում եմ՝ ժամանակակից սպառողական հասարակությունն ա չափազանց արագ «զարգանում»։ Տպավորություն ա ստեղծվում, թե հազարավոր տարիներ մարդկությունը լրիվ պարապ ա եղել ու ձանձրույթից ստեղծել ա ինչ-որ անհեթեթ բարոյական նորմեր, ու մեկ էլ հանկարծ հայտնվել ա հրաշամանուկների հանճարեղ սերունդը, ու հայտնագործել, որ էդ ամենը ավելորդ է, իսկ իրենք՝ բացարձակ ճիշտ։

Բայց իրականում խնդիրը նրանում է, որ գրեթե բոլոր ժամանակներում մարդիկ, հասարակությունը, ունեցել են ոչ սպառողական նպատակներ՝ կյանքի շարունակականության ապահովում՝ առողջ սերնդափոխության միջոցով, մարդու կյանքի տևողությունից ավելի երկար ժամանակ պահանջող խնդիրների լուծում՝ ազգային, գիտական, փիլիսոփայական և այլն։ Կարճ ասած՝ կյանքը դիտարկվում էր իր շարունակականության, նույնիսկ հավերժության կոնտեքստում։

Ու եկավ հրաշամանուկների սերունդը, ու վուալյա, բացահայտեց, որ էդ ամեն ինչը անիմաստ ա, կարևորը օրվա հաճույքն ա, շատ ուտելը, շատ կենակցելը, դժվարություններից խուսափելը, հնարավորինս քիչ աշխատելն ու շատ ստանալը, անձնական տարածքը, խոսքի ու գործողությունների անսահմանափակ ազատությունը։

Էս դեպքում մի հարց ա առաջանում՝ բա եթե ամեն ինչ էսքան բանալ էր, էն կապիկները ինչի՞ էդքան չարչարվեցին ու մարդ դառան։

Գևորգ Բարսեղյան