15/10/2025

Ինչ հետևանք կունենա Հայաստանի վրա միջազգային արբիտրաժի որոշումը․ Արամյան

Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի երեկվա որոշումը, որը փաստացի հրապարակված չէ, ՀԷՑ-ը զավթած կառավարությունն ու դրա դեմ պայքարող Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը յուրովի են մեկնաբանում:

Ըստ կառավարության մեկնաբանութան, արտակարգ արբիտրաժը մերժել է ՀԷՑ բաժնետերերի նոր պահանջները՝ որոշելով, որ դրանք իր լիազորությունների ներքո չեն: Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը որոշումը մեկնաբանում է՝ նշելով, որ Ստոկհոլմի արբիտրաժը հաստատել է ՀԷՑ-ի բռնագրավումն արգելող որոշման պարտադիր լինելը:

Ավելի վաղ՝ դեռ հուլիսին, միջազգային արբիտրաժը որոշել էր, որ Հայաստանի կառավարությունը պետք է զերծ մնա ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված քայլերից, սակայն իշխանությունը՝ ի հեճուկս այս որոշման, ՀԷՑ-ի տնօրեն նշանակեց Ռոանոս Պետրոսյանին, իսկ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, չէր բացառել, որ Հայաստանը կարող է չկատարել արբիտրաժի որոշումը:

Եթե անգամ մի կողմ դնենք միջազգային արբիտրաժի երկրորդ որոշումը, որի տեքստը հանրայնացված չէ, միայն այն փաստը, որ ՀՀ կառավարությունը գործողություններ է իրականացրել ներդրողի նկատմամաբ, որը դիմել է միջազգային արբիտրաժային դատարան, արդեն իսկ խիստ բացասական փաաստ է համարում ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը: «Դա արդե  իսկ բացասական ազդակ է ոչ միայն արտաքին ներդրողների, այլեւ ներքին տնտեսվարողների համար»,-«Հրապարակ»-ին ասում է է Վարդան Արամյանը՝ շարունակելով, որ դեռեւս մինչեւ ՀԷՑ-ի նկատմամաբ կառավարության գործողությունները Հայաստանի կառավարության ոչ թափանցիկ գործարքները՝ Ամուլսարի, Լիդիան Արմենիայի եւ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կապված, ներդրողների մոտ լուրջ մտավախություններ ու հարցեր են առաջացրել:

«Այս ամենը տեսնելով՝ ներդրողը մտածում է՝ միգուցե պետք չէ՞ գալ Հայաստան, երաշխավորված չէ, որ նույն խաղի կանոնը իրենց դեպքում էլ չի գործի: Անկախ ՀԷՑ-պետություն արբիտրաժային վեճի ելքից, արդեն իսկ Հայաստանի կառավարությունը բացասական ազդակ է հղել: Այդ ազդակը նկատի առնելով, ներքին ներդրողը, եթե ռացիոնալ մտածի, կվերլուծի իրավիճակը եւ դատողություններ կանի, իսկ ներդրողը, հավատացեք, կարողանում է վերլուծել իրավիճակը՝ ինչպես մի քանի օրվա ընթացքում կառավարման մոդել փոխվեց ՀԷՑ-ում: Ներքին ներդրողն իրեն շատ պարզ հարց է տալիս՝ եթե Սամվել Կարապետյանի նման մարդու նկատմամաբ սա կարելի է, որտե՞ղ է երաշքիքը, որ վաղը նույնը ինձ հետ չի կատարվի: Արդյոք այդ երաշխիքն այն է, որ ես ՔՊ-ի հետ մոտ եմ, բայց նույն ՔՊ-ում այսօր կան մարդիկ, որոնք իզգոյ են դարձել»-ասում է Վարդան Արամյանը՝ շեշտեով, որ ՀԷՑ-ի նկատմամաբ կառավարության գործողությունները բացառապես քաղաքական են:

«2015 թվականից այս կողմ, ՀԷՑ-ը շահութաբեր է եղել, բացառություն է եղել միայն 2020թվականը, որը կորոնավիրուսի պանդեմիայի տարին էր: ՀԷՑ-ի ամենաքիչ շահույթը կես միլիարդ դրամ է եղել: Թո՛ղ կանխիկ հոսքերը նայեն՝ 10-ը տարվա ընթացքում ՀԷՑ-ին պատկանող բոլոր գեներացված շահույթները ներդրվել է ընկերության էներգետիկ ենթակառուցվածքներում»-շեշտում է մեր զրուցակիցը:

Ֆինանսների կառավարման միջազգային փորձագետն, անդրադառնալով ՀԷՑ-պետություն արբիտրաժային վեճի՝  հնարվոր հետեւանքներին, կարեւորում է, թե ինչ գրված կլինի միջազգային արբիտրաժի վերջնական որոշման մեջ՝ միայն կարձանագրվի, որ կառավարության գործողությունները չեն բխում օրենսդրական կարգավորումներից եւ Հայաստան-Կիպրոս միջպետական համաձայնագրից, թե որոշումը նաեւ դրա հետեւանքներին կանդրադառնա: Այստեղ, ինչպես Արամյանն է նշում, կարեւոր է, թե պաշտպանական կողմը ինչ է պահանջել՝ արձանագրել ոչ իրավաչափ գործողությունները, թե՞ նաեւ այդ գործողությունների հետեւանքները:

Հիշեցնենք, որ ՀՀ-ի եւ Կիպրոսի միջեւ կնքված ներդրումների խրախուսման եւ պաշտպանության պայմանագրի համաձայն, կողմերից յուրաքանչյուրի ներդրողների ներդրումները մյուս պայմանավորվող կողմի տարածքում չեն կարող բռնագրավվել, ազգայնացվել կամ ենթարկվել այլ կարգի միջոցառումների, որոնք հավասարազոր են բռնագրավմանը կամ ազգայնացմանը։ Բացառություն են կազմում այն դեպքերը, երբտվյալ միջոցառումները բխում են պետության շահերից եւ համապատասխանում են օրենքին, արդարացված են, չեն կրում խտրական բնույթ եւ ուղեկցվում են արագ ու արդյունավետ փոխհատուցմամբ, որը պետք է հաշվարկվի մինչեւ համապատասխան գործողության պահը եղած արժեքով:

Եթե խոսենք հնարավոր հետեւանքների մասին, մասնավոր ներդրումները վանելուց բացի, Վարդան Արամյանը չի բացառում, օրինակ, միջազգային շուկաների արձագանքը՝ մեր պարտատոմսերի արժեզրկման տեսքով,ինչ վերաբերում է Հայաստանի ակտիվների սառեցման հնարավոր ռիսկին, այս հարցը մեր զրուցակիցը առավել քաղաքական է համարում: