11/08/2025

ՔՊ մակարդակ․ Սիսիանի քաղաքապետը պարգևատրել է ռաբիս երգիչներին․ Լուսանկար

Սիսիանի համայնքապետ Հովսեփ Առաքելյանը պարգեւատրել է ռաբիս ոճի երգիչներ Արա և Ալիկ Ավետիսյաններին։

«Իմ խոսքում շնորհավորել եմ եղբայրներին ծննդյան օրվա կապակցությամբ, մաղթել առողջություն, բազում հաջողություններ, նորանոր մեծ բեմահարթակներ և բեղուն ստեղծագործական ուղի՝ մշտապես ջերմացնելով ունկնդիրների սրտերը։ Շնորհավորանքիս հետ մեկտեղ շնորհակալություն եմ հայտնել Ավետիսյան եղբայրներին հայրենի հող ու ջրի հանդեպ իրենց ունեցած սիրո և նվիրումի համար, որի լավագույն օրինակն իրենց համերգային ծրագրերը բնօրրան Սիսիանից մեկնարկելու նախաձեռնությունն է։ Հայրենի հողին երգով խոնարհվելու, հանդիսատեսի հոգու լարերին դիպչելու, անկեղծ զգացումների հնչեղ արձագանքի, սիսիանցուն տուն կանչելու և Սիսիանի ձայնը հանրահռչակելու համար իմ կողմից պատվոգրեր եմ հանձնել և Սիսիան համայնքի բնապատկերներով կտավներ նվիրել տաղանդաշատ եղբայրներին» ,-իր էջում այս մասին պարծեցել է համայնքապետը՝ տեղեկացնելով, որ այսօր՝ ժամը 19։00-ին, Սիսակ Նահապետի անվան կենտրոնական հրապարակում տեղի կունենա «տաղանդավոր սիսիանցի երգիչներ Արա և Ալիկ Ավետիսյանների անմոռանալի համերգը»։

32–ամյա համայնքապետը, ասում են՝ ում բռնում է, պարգեւատրում է, ամիսներ առաջ էլ, երբ նոր էր այդ պաշտոնում ընտրվել, Սոցիալական աշխատողի օրվա առթիվ պատվոգիր էր հանձնել իր հարազատ քեռուն՝ Կարեն Իվանյանին, որը Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարն է:

Հիշեցնենք, որ Առաքելյանը համայնքապետ դարձավ այն բանից հետո, երբ Սիսիանի «ասող»՝ ՔՊ-ական Կարեն Համբարձումյանը որոշեց փոխել իր նախորդ պրոտեժեին՝ նախկին համայնքապետ Արմեն Հակոբջանյանին` իրեն չենթարկվելու համար:

Նախ Հակոբջանյանին պարտադրեցին հրաժարական տալ, ապա ավագանու ՔՊ անդամներն ընտրեցին նախկինում առաքիչ աշխատած Առաքելյանին։

Սիսիանի համայնքապետը պարգեւատրել է ռաբիս երգիչներին