10/08/2025

Արտաշատում անչափահասի և 46-ամյա տղամարդու սպանության վարույթի նախաքննությունն ավարտվել է. ինչ է պարզվել. Լուսանկար

Առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականի նոյեմբերի 8-ին Արտաշատ համայնքում գտնվող հասարակական տարածքում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ փոխադարձ կրակոցներ են արձակվել, ինչի հետևանքով մասնակիցներից մեկը մահացել է:

Բացի այդ՝ վիճաբանության ժամանակ մասնակիցներից մեկը կտրող-ծակող առարկայով հարվածել է անչափահասին՝ սպանելով նրան:

Այս մասին հայտնում են ՔԿ-ից՝ նշելով, որ կա 5 մեղադրյալ:

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նաև պարզվել է, որ հանցագործության գործիք հանդիսացող որսորդական հրացանը առերևույթ հանցանք կատարած անձի եղբայրը դեպքի վայրից տեղափոխել և թաքցրել է իր փաստացի բնակության վայրում։

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել մեկ անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը), 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանությունը), 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանության փորձը) (2 դրվագ), մեկ անձի նկատմամբ՝ 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առողջությանը թեթև վնաս պատճառելը) և 171-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 5-րդ կետերով (առողջությանը թեթև վնաս պատճառելը), երկու անձի նկատմամբ՝ 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առողջությանը թեթև վնաս պատճառելը), 171-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 5-րդ կետերով (առողջությանը թեթև վնաս պատճառելը) և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 8-րդ կետերով (սպանությունը) և մեկ անձի նկատմամբ՝ 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առողջությանը թեթև վնաս պատճառելը), 171-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 5-րդ կետերով (առողջությանը թեթև վնաս պատճառելը), 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով  (սպանության փորձը) և 334-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը):

Երկու անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, երեքի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

2024թ. նոյեմբերի 8-ին՝ ժամը 21:00-ին, «Արտաշատ ԲԿ» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության է դիմել 4 քաղաքացի, որոնցից մեկը մահացել է:

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացվել են անհետաձգելի քննչական գործողություններ, այդ թվում՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր, հրազենային վնասվածքով ավտոմեքենա: Կատարվել են խուզարկություններ, առգրավումներ, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ: