09/08/2025

Եղիշե Մելիքյանը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը, Ջոն վան’ տ Սխիպն այլևս չի գլխավորի …

Եղիշե Մելիքյանը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:

Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից՝ նշելով, որ 46-ամյա մասնագետի թեկնածությունն այսօր արժանացել է ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամների հավանությանը:

«Եշիշե Մելիքյանի հետ պայմանագիրը կգործի մինչև 2026 թ. նոյեմբեր:

Խոսելով իր նշանակման մասին՝ Եղիշե Մելիքյանն ասել է.

«Հպարտ եմ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Գիտակցում եմ պահի բարդությունն ու ողջ պատասխանատվությունը, բայց պատրաստ եմ պատվով անցնել այս ճանապարհը: Իմ բոլոր որոշումները կայացնելու եմ ի շահ ազգային հավաքականի և հայկական ֆուտբոլի: Այս պահին ժամանակն է համատեղելու ուժերը: Ես կոչ եմ անում ֆուտբոլային ամբողջ հանրությանը համախմբվել ազգային հավաքականի շուրջ»:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, անդրադառնալով Եղիշե Մելիքյանի նշանակմանը, նշել է.

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է փոխել Հայաստանի ազգային հավաքականի զարգացման ուղղությունը: Մենք շնորհակալ ենք Ջոն վան’ տ Սխիպին իր կատարած աշխատանքի համար: Այժմ հավաքականի ղեկը վստահում ենք հայաստանցի մասնագետի, ով շատ լավ է ճանաչում հայկական ֆուտբոլը ներսից, քանի որ անցել է երկար ճանապարհ՝ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստից մինչև վերջին տարիներին հայկական ակումբային ֆուտբոլում կրկնակի չեմպիոնություն նվաճած մարզիչ:

Լիահույս ենք, որ ՀՖՖ աշխատակազմի և Եղիշե Մելիքյանի համագործակցության և ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ Հայաստանի ազգային հավաքականը կկարողանա հասնել լավ արդյունքների: Կարծում եմ, որ համախմբման և միասնականության շնորհիվ մենք կկարողանանք քայլ առաջ կատարել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’ տ Սխիպը որոշում են կայացրել փոխադարձ համաձայնությամբ դադարեցնել համագործակցությունը. Ջոն վան’ տ Սխիպն այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’ տ Սխիպը որոշում են կայացրել փոխադարձ համաձայնությամբ դադարեցնել համագործակցությունը:

Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից:

«ՀՖՖ-ն իր անկեղծ շնորհակալությունն է հայտնում պարոն վան’ տ Սխիպին և նրա աշխատակազմին պրոֆեսիոնալիզմի և նվիրվածության համար։ Չնայած համագործակցությունը կարճաժամկետ էր, բայց հուսանք՝ նրա աշխատանքը հիմք դրեց ապագա առաջընթացի համար։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է գալիք տարվա համար շարժվել այլ ուղղությամբ՝ տեղական մարզչական շտաբով»,- նշված է հաղորդագրության մեջ։

«Ես հույս ունեի շարունակել համագործակցությունը Հայաստանի ազգային հավաքականի հետ, բայց ես հարգում եմ ՀՖՖ-ի՝ այլ ուղղությամբ գնալու որոշումը։ Ես հպարտ եմ կարճ ժամանակահատվածում մեր կատարած աշխատանքով և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ֆուտբոլիստներին, աշխատակազմին և ֆեդերացիայի բոլոր աշխատակիցներին վստահության և համագործակցության համար։ Մաղթում եմ թիմին միայն հաջողություններ առաջ շարժվելիս»,- նշել է Ջոն վան’ տ Սխիպը։