Հայտնի է, որ վերջին մի քանի օրերին ՌԴ-ից ՀՀ հումանիտար օգնություն է ուղարկվել և հատկացվում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին։ Այս ուշացած «հումանիտար առաքելության» կազմակերպչական աշխատանքներն էլ ՀՀ-ում հոգում է… ուշադրություն՝ Միկա Բադալյանը՝ հայտնի որպես «բուրգեր Միկա»։
Կրեմլում Հայաստանի հետ հարաբերությունները համակարգող, Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի «կլիենտուրան», ինչպես ասում են, պարապ չի նստել, ՀՀ բնակչության շրջանում ՌԴ-ի՝ որպես ռազմավարական դաշնակցի նկատմամբ վստահության շեշտակի անկումը փորձում է կոմպենսացնել նման մարդասիրական ակցիաներով՝ միաժամանակ դրա համար հակակառավարական, հակաիշխանական ֆոն ապահովելով։ Կրեմլի քարոզչական «կանտորան», արդ, գտել է առիթն ու ձևը՝ օրերս տեղի ունեցած համաշխարհային մեգաաստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, դրա վրա ծախսված մի քանի միլիոն դոլարը, այն դեպքում, երբ ՀՀ-ում հաստատված արցախահայերը սոցիալական բազում կարիքներ ունեն։
Ռուսաստանի կողմից ցուցաբերված հումանիզմին (օգնությունը հատկացվում է «Եվրազիա» բարեգործական ՀԿ-ի կողմից) հնչեղություն հաղորդելու համար, արդ, թեմային անդրադարձել է ռուսական պետական «Россия 24»-ի «Вести»-ն՝ մի ամբողջ ռեպորտաժ նվիրելով թեմային։ Թե՝ Երևանում կայացած Լոպեսի համերգը աչքի է ընկել իր «սկանդալային մանրամասներով», ծախսվել է 7 միլիոն դոլար (իրականում՝ 6 մլն), Վազգեն Սարգսյան մարզադաշտում նստատեղերը եղել են կեղտոտ, երկրպագուները անձեռոցիկներով են սրբել, Երևանի փոխքաղաքապետն էլ արդարացված է համարել համերգի վրա միլիոններ ծախսելը, քանի որ Լոպեսի համերգին միջինում 15000 օտարերկրացիներ են մասնակցելու: Ռուսական ալիքի ռեպորտյորի ստացած բացասական տպավորությունները համերգի կազմակերպչական մասով ոչ միայն հաստատել, այլև խտացրել է (ինչպես և սպասվում էր) ինքը՝ «Եվրազիա» ոչ կոմերցիոն կազմակերպության խորհրդի անդամ Միկա Բադալյանը: Կեղտոտ նստարանները, ըստ նրա, «երկրի իմիջը չեն զարդարում», սակայն այդ նույն ժամանակ երկրում կան ահռելի սոցիալական խնդիրներ, առաջին հերթին ծայրահեղ վատ վիճակում են գտնվում արցախահայերը։ Եվ Լոպեսի թեման լայն քննարկման ու քննադատության առիթ է դարձել հանրության շրջանում, այդքան գումարով, ըստ Բադալյանի, կարելի էր նվազագույնը 100 ընտանիք տնավորել…
ԼՂ-ից բռնի տեղահանվածների հանդեպ ցուցաբերված ռուսական բարեհոգությունն ու մեծագույն հումանիզմն ընդգծելու պրոցեսին միացել է նաև ՌԴ իշխանության ներկայացուցիչը՝ ՌԴ ՊԴ պատգամավոր, «Եվրազիա»-ի խորհրդի նախագահ Ալյոնա Արշինովան և աղեկտուր տոնով գրեթե հեկեկացել՝ «հազարավոր ընտանիքներ մնացել են անօգնական, մենք պարտավոր ենք աջակցել մեր բարեկամ ժողովրդին»…
Էստեղ են ասել՝ ինչպիսի էքսպրեսիա, ինչպիսի արտիստիզմ, էմոցիա, կիրք, և այսպես շարունակ։ Բարեգործները չեն զլացել նաև բացել 25-կիլոգրամանոց 3 «նաբոռ» հումանիտար փաթեթներն ու ցույց տալ աշխարհին, թե ինչ են նվիրել բռնի տեղահանվածներին։
Ցնցող է ռեպորտաժի «ավարտական ակորդը»՝ խեղճ ու անօգնական բռնի տեղահանվածները (լավ է, որ ռուսական ագիտպրոպը այնքան բարեգութ է, որ իր պատճառով տնանկ դարձած ու իր պապենական հողը լքած ԼՂ բնակչությանն անվանում է բռնի տեղահանվածներ) նման աջակցության կարիքը շատ էին զգում, նրանց պետքն էլ չէր Ջենիֆերի համերգը՝ յոթ միլիոն դոլար արժողությամբ։
Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ ցինիզմի «բարձր պիլոտաժ»։
Ռուսական քարոզչամեքենան, որը Կիրիենկոյի համակարգմամբ զբաղված է ԼՂ բռնի տեղահանվածներին ՀՀ իշխանության դեմ տրամադրել-հանելով ու մոբիլիզացնելով՝ որպես պոտենցիալ էլեկտորատ գալիք ԱԺ ընտրություններում Կրեմլի նախանշած թեկնածուի օգտին քվեարկել տալու նպատակադրումով, մոռացել է, թե ինչ հանգամանքներում 2022-ին փակվեց իրենց պատասխանատվության գոտի համարվող Լաչինի միջանցքը, ինչպես իրենց սաբոտաժի հետևանքով ԼՂ բնակչությունը ամիսներ շարունակ մնաց բլոկադայում, ինչպես հայտնվեց հումանիտար ճգնաժամի ճիրաններում, ինչպես 2023-ի սեպտեմբերին, չկանխելով Ադրբեջանի «հակաահաբեկչական» օպերացիան, հոգաց, որ ԼՂ բնակչությունը բռնի տեղահանվի, դառնա անօթևան, և այսպես շարունակ։ Ռուսական պետական ալիքին թերևս պետք է հորդորել ռեպորտաժների շարք սկսել ԼՂ-ում ռուսական խաղաղապահ առաքելության անպատասխանատու և խայտառակ աշխատանքի մասին՝ հանգիստ թողնելով արցախահայությանը, որի կարիքների բավարարումը նրանց բռնի տեղահանվելու առաջին իսկ օրվանից հոգացել և շարունակում է հոգալ ՀՀ կառավարությունը։
Հ.Գ. 1. Նկատենք՝ Ջ. Լոպեսը հրաժարվել է ՌԴ-ում համերգ ունենալ։ Երգչուհու ներկայացուցիչների խոսքով՝ քանի դեռ Ուկրաինայում պատերազմը շարունակվում է, Ջենիֆերը կարող է վտանգի տակ դնել իր հեղինակությունը։ Միևնույն ժամանակ, կատարողն ինքը դեմ չէ շոուին, բայց միայն ուկրաինական հակամարտության ավարտից հետո։
Հ.Գ. 2. Հիշեցնենք, որ ժամանակ առաջ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ազդարարել էր, թե «Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հումանիտար աջակցության հարցը շարունակում է մնալ ռուսական կողմի ուշադրության կենտրոնում»։ Նա նաև անոնսել էր, որ ոչ կառավարական կազմակերպության կողմից նախատեսվում է բավականին խոշոր հումանիտար նախաձեռնություն։
Ասել, որ այդ ոչ կառավարական կազմակերպության աշխատանքները առանց կառավարության իմացության և հովանավորության են՝ նշանակում է նվազագույնը նաիվ լինել։
Բաց մի թողեք
Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՀ – ՀՀ համաձայնագիրը․ Լուսանկար
Թրամփն անտեսել է հայ ռազմագերիների մասին հարցը
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները դիմում են ստորագրել ԵԱՀԿ Մինսկի խմբին առնչվող կառույցների փակման վերաբերյալ