2 օր առաջ Ստեփան Մնացականյանի ԱՎԾ-ն հրապարակեց ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման 2025թ 1-ին կիսամյակի տվյալները։ Ունենք ՏԱՑ 6.3% հավելաճ։ Սա այն դեպքում, երբ արտաքին առևտրաշրջանառությունը պակասել է 2 անգամ։
Ունենք 18.5% շինարարության հավելաճ, երբ ցեմենտի արտադրությունը նվազել 18.1%-ով, իսկ բետոնի արտադրությունը՝ 9.5%-ով։ 6.3% հավելաճի պարագայում բեռնաշրջանառությունն ավելացել է սոսկ 1.9%-ով։ 2024-ին նույն պատկերն էր։
ՀՆԱ-ն 2023-ի համետ ավելացել 5.9%-ով, իսկ բեռնաշրջանառությունը նվազել է 7.7%-ով։ 2023-ին ՀՆԱ-ն 2022-ի համեմատ ավելացել է 8.3%-ով, իսկ բեռնաշրջանառությունը պակաել է 2.2%-ով։ Նույն 2024-ին շինարարությունն ավելացել էր 14.5%-ով, բայց ցեմենտի արտադրությունը պակասել էր 7.6, իսկ բետոնինը՝ 7.5%-ով։
Սա ի՞նչ է։ Հայաստանում նոր էկոնոմիկա է զարգանու՞մ, առանց շինանյութերի շինարարաություն և առանց բեռների բեռնաշրջանառությու՞ն։ Ես չեմ հավատում, որ թվերի նման համադրություն հնարավոր է։
Բայց մի՞թե մենք չգիտենք Ստեփան Մնացականյանի հիմնարկի ստերը։ Նա արդեն 28 տարի անընդմեջ ղեկավարում է ԱՎԾ-ն։ Թվեր նկարելու նրա ունակությունները մեզ հասցրել են համաշխարհային սկանդալների։ Նա ստում էր Ռ.Քոչարյանի, Ս.Սարգսյանի օրոք, առավել թափով ստում է Ն.Փաշինյանի օրոք։ Անփոփոխ զբաղեցնում է այս պաշտոնը 1998-ից։
Բերեմ ձեզ փաստեր։ Ամեն անգամ երկրի ղեկավարներին նա “սիրաշահում” է բարձր ընթացիկ թվեր նկարելով։ Թվում է թե մի օր էր այս ամենը պետք է պայթի։ Բայց Ս.Մնացականյանը պրոֆեսիոնալ է։ Բարձր թվերը նկարելուց ու հերթական տնտեսական “ցնցող” աճն ապահովելուց հետո (ի սիրաշահում երկրի ընթացիկ ղեկավարի) նա վերադառնում և “ուղղում” թվերի բազան, մինչև 1990թ եղածը։
Այսպես, օրինակ, արտադրվել է այս տարի 2025 110 հազ. տոննա կարտոֆիլ, որը քիչ է անցյալ տարվա 120 հազ. տոննայից, նախանցյալ տարվա 125 հազ. տոննայի և դրա առաջի տարվա 128 հազ. տոննայից։ Այս պայմաններում ի՞նչպես է աճ ապահովում Ս.Մնացականյանը։ Փոխում է բազան՝ 128 հազ. տոննա կարտոֆիլի փոխարեն գրում է 100 հազ. տոննա և ակնհայտ է 2025թ աճը։ Հիմա ավելի կոնկրետ։ 2-րդ, 3-րդ նախագահների, ու առավել ևս Ն. Փաշինյանի օրոք անընդհատ նկատելի են տնտեսական աճի բարձր տեմպեր։
Դրա շնորհիվ 1990-2024թթ ՀՀ տնտեսությունն աճել 2.8 անգամ, Ադրբեջանինը 3.1 անգամ, իսկ Վրաստանինը … 1.4 անգամ։ Այսպիսով, 1991-2023թթ ունենալով տնտեսական աճի ավելի բարձր տեմպեր քան հարևան Վրաստանը և մոտավորապես այնքան, որքան Ադրբեջանը, Հայաստանը (չնայած բնակչության թվի 26% անկմանը), 1 շնչին ընկնող ՀՆԱ ով (22823 դոլար) ետէ ինչպես Ադրբեջանից (25089 դոլար), այնպես էլ Վրաստանից (28418 դոլար)։ Հարկ է նշել, որ այդ ընթացքում Ադրբեջանի բնակչությունն ավլացել է 43%-ով։
Հարց. այդ ի՞նչպես պատահեց, որ 1991-2024թթ ունենալով ՀՆԱ 2.8 անգամ աճ Վրաստանի 1.42 անգամի դիմաց ՀՀ-ն վերջինիս զիջում է բնակչության 1 շնչի ՀՆԱ ցուցանիշով 25%-ով։ Ըստ ԽՍՀՄ վիճակագրության (Народное хозяйство СССР в 1990г.) 1990-ին բնակչության 1 շնչին ընկնող ազգային եկամուտը (ԽՍՀՄ-ում ՀՆԱ չկար, կար ազգային եկամուտի ցուցանիշ) 3385 ռ էր, այդ թվում Հայաստանում 2945ռ, իսկ Վրաստանում 2760ռ (Ադրբեջանում 2130ռ էր)։ Հիմա, այդ ի՞նչպես եղավ, որ դրանից հետո ՀՀ-ն իբր թե զարգանալով 2 անգամ ավելի արագ, ի վերջո ետ է մնում Վրաստանից։
Սուտասանը “հանճարեղ” լուծում է գտել։ Նա իջեցրել է ՀՀ ՀՆԱ 1990թ մակարդակը։ Իհարկե, այն ժամանակ ՀՆԱ չկար։ Դրանից էլ նա կառչել է։ Հետին ամսաթվով տվել է ՀՆԱ գնահատական՝ իջեցնելով 1990-ի թվերը ՀՀ համար։ Դա նրան հնարավորություն է տվել 1991-2024թթ աճի սուտի տեմպերը “տեղավորել” ՀՆԱ դինամիկայի մեջ։
Պարզվում է, որ 1990թ Ադրբեջանի ՀՆԱ-ն (8.8 մլրդ դոլար) 4 անգամ ավել է եղել ՀՀ ՀՆԱ-ից։ Այսպես, 1990թ ՀՀ ՀՆԱ-ից (2.2 մլրդ դոլար), իսկ Վրաստանի ՀՆԱ-ն ՀՀ ՀՆԱ-ից ավել է եղել 3.45 անգամ։ Բայց արի ու տես, որ ազգային եկամուտի ծավալի ցուցանիշը ՀՀ-ում 1988-ին եղել է 10.4, 1989-ին 17 և 1990-ին (18.5 մլրդ ռուբլի)։
Նույնը Վրաստանի մասով. համապատասխանաբար 13.3, 17.1 և 20.1 մլրդ ռուբլի։ Ադրբեջանի թվերն են. 18.8, 19.3 և 20.1 մլրդ ռուբլի։ Բա ի՞նչպես եղավ, որ ազգային եկամտի ցուցանիշից ՀՆԱ ցուցանիշին անցնելիս, ՀՀ-ն 4 անգամ ետ ընկավ Ադրբեջանից (ծավալով, էլ չենք խոսում բնակչության 1շնչի հաշվով)։
Սա, իհարկե Ստեփան Մնացականյանը գիտի։
Կանխամտածված վիճակագրական սուտը քրեորեն հետապնդելի արարք է։ Ի գիտություն դատախազությանը։ Պատրաստ եմ Հ1-ով բանավիճել Ս.Մնացականյանի հետ։
p.s. Իհարկե, պաշտոնական վիճակագրական տվյալները տնտեսական աճի դինամիկա չեն արտահայտում։ Մասնավորապես, ամենամեծ տնտեսական աճը գրանցվել է Ռ.Քոչարյանի օրոք։ Պարզապես պետք է նկատի ունենալ մնացականյանական ստերը։
Հրանտ Բագրատյան
Բաց մի թողեք
Սա վերջնագրային բնույթի հայտարարություն է․ Բադալյան
Իշխանության տիրացածները այդպես էլ այդ կարողությունները չունեցան․ Սադոյան
Հայաստանի տարածքով ոչ մի միջանցք կոչեցյալ չի կարող ստեղծվել՝ իրանական կողմի հստակ դիրքորոշումը․ Ոսկանյան