10/08/2025

Թրամփի հիասթափությունների համատեքստում որքանո՞վ կարող է գործնական լինել «առանձին վերցրած հայ-ադրբեջանական խաղաղության» նրա ծրագիրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սպիտակ տանը «խաղաղության համաձայնագիր կստորագրեն»:

Այդ մասին նրա գրել է Truth Social սոցիալական հարթակի անձնական էջում: Գրառումը տարածվել է երևանի ժամանակով օգոստոսի 7-ի կեսգիշերին:

«Օգոստոսի 8-ին, ես Սպիտակ տանն անհամբերությամբ սպասում եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խաղաղության պատմական գագաթնաժողովին:

Նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը կմասնակցեն Սպիտակ տանը խաղաղության համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությանը»,- Թրամփի գրառումը մեջբերում է Թուրքիայի «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը:

Թրամփն ընդգծել է, որ երկու երկրները «երկար տարիներ գտնվել են պատերազմական վիճակում», իսկ իր վարչակազմը մի քանի ամիս աշխատել է հակամարտության դադարեցման ուղղությամբ:

Թրամփը թույլ է տվել այսպիսի ձևակերպում, որ հատկապես ինքն է «կանգնեցրել պատերազմը»՝ հավանաբար նկատի ունենալով, որ իր պաշտոնամուտից երեք ամիս հետո կողմերը հայտարարել են «խաղաղության պայմանագրի» տեքստի համաձայնեցման մասին:

«Ես հպարտանում եմ երկու խիզախ առաջնորդներով, որ ճիշտ ընտրություն են կատարում Հայաստանի և Ադրբեջանի մեծ ժողովուրդների համար: Դա (օգոստոսի 8-ը)պատմական օր կլինի Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի համար ընդգծել է Դոնալդ Թրամփը և ամփոփել, որ քաղաքական պայմանավորվածություններից զատ Հայաստանի և Ադրբեջանի հետ կկնքվեն «տնտեսական առանձին համաձայնագրեր»:

Այս ֆոնին պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ստորագվելիք փաստաթուղթը «խաղաղության պայմանագրի սկիզբ կդառնա»: Ըստ Ռուբիոյի, Դոնալդ Թրամփը «վճառական է տրամադրված, որպեսզի լինի խաղաղության նախագահ»:

Assoceited Press-ի տեղեկացվածությամբ, Սյունիքի հարավում բացվելիք հաղորդուղին կարող է ունենալ «Trump Route for International Peace and Prosperity» անվանումը և ներառնի «երկաթուղային ճյուղագիծ, նավթա-գազային խողովակաշարեր, մալուխային գծեր, որ թույլ կտա փոխադրել բեռներ, իսկ ապագայում՝ նաև մարդկանց»:

Հայաստանի և Ադրբեջանի հետ «առանձին տնտեսական համաձայնագրերը», որ, ըստ ԱՄՆ նախագահի, պետք է ստորագրվեն, վերաբերվում են բացառապես «Թրամփի կամրջի՞ն», թե ընդգրկելու են նաև այլ բնագավառնե՞ր՝ առայժմ պարզ չէ:

Արտառոց է նաև, որ ԱՄՆ նախագահը վստահաբար խոսել է Փաշինյանի և Ալիևի կողմից «համաձայնագիր ստորագրելու», իսկ պետքարտուղար Ռուբիոն՝ մի փաստաթուղթ ստորագրելու մասին, որ «խաղաղության պայմանագրի սկիզբ կդառնա»:

Բավական զգաստացնող է նաև, որ Վաշինգտոնի հայ-ադրբեջանական «պատմական հանդիպման» նախօրեին Իսրայելի ռազմա-քաղաքական կաբինետը հավանություն է տվել Գազան ամբողջովին օկուպացնելու ծրագրին:

Նույն օրը Թրամփը վերահաստատել է, որ Պուտինից «խիստ հիասթափված է», ինչպես նաև Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել: Այս համատեքստում որքանո՞վ կարող է գործնական լինել «առանձին վերցրած հայ-ադրբեջանական խաղաղության» նրա ծրագիրը: