10/08/2025

Իրանը խստորեն պետք է հակադարձի Զանգեզուրի միջացքն այլ անվան տակ շահագործողներին․ Վելայեթի

Հարավային Կովկասի տարածաշրջանը կրկին դարձել է տարածաշրջանային և միջտարածաշրջանային մրցակցության կիզակետ՝ աշխարհաքաղաքական տեղաշարժերի և միջամտողական ծրագրերի պատճառով:

Մինչդեռ, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ծրագիրը, որը ցանկանում են գործադրել որոշ երկրներ՝ Ադրբեջանի աջակցությամբ, լուրջ մտահոգություններ է առաջացրել Իրանում, և երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն այն համարում են տարածաշրջանի ազգային անվտանգությանը և տարածքային ամբողջականությանն ուղղված սպառնալիք:

Իսլամական հեղափոխության առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին, անդրադառնալով այս ծրագրին, զգուշացրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի լռի տարածաշրջանի շահերին հակասող միակողմանի գործողությունների առջև։ Նա ասել է, որ տարածաշրջանային կամ արտաքին դերակատարների կողմից անցյալի ձախողված փորձի ցանկացած կրկնություն կհանդիպի Իրանի վճռական արձագանքին։

Թեհրանը համոզված է, որ «Զանգեզուրի միջանցքը» ոչ թե սովորական տարանցիկ ուղի է, այլ երկարաժամկետ նպատակներով աշխարհաքաղաքական նախագիծ, որը կարող է հիմնարար կերպով փոխել տարածաշրջանի սահմանները: Եթե այն իրագործվի, կազդի Իրանի հետ Հայաստանի ուղիղ կապի վրա և կթուլացնի Իրանի միակ ցամաքային անցումը դեպի Կովկասի և Եվրոպայի շուկաներ:

Հետևաբար, Թեհրանի կողմից այս ծրագրին դեմ լինելն իրականում իր աշխարհաքաղաքական, տնտեսական և անվտանգության դիրքի պաշտպանություն է։

Իրանը բազմիցս հայտարարել է, որ դեմ չէ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացմանը՝ պայմանով, որ պահպանվի երկրների տարածքային ամբողջականությունը և հաշվի առնվեն իր շահերը։

Սակայն, «Զանգեզուրի միջանցքը», վերացնելով Հայաստանի դերը և ստեղծելով Ադրբեջանի և Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող միջանցք, իրականում համարվում է տարածաշրջանային հավասարակշռությանը սպառնացող վտանգ, և սա այն դեպքում, երբ ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի հետքերը այս սցենարի մշակման գործում հստակ տեսանելի են։

Ի պատասխան այս սպառնալիքի՝ Իրանն օրակարգում է ներառել բազմաշերտ ռազմավարություն։ Առաջինը՝ Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների ամրապնդումն է՝ տնտեսական համաձայնագրերի, համատեղ ներդրումների և Նորդուզի սահմանին ազատ առևտրի գոտիների զարգացման միջոցով՝  միջանցքի հնարավոր հետևանքները չեզոքացնելու համար։

Երկրորդը՝ Չաբահարի, Անզալիի նավահանգիստների և երկաթուղային գծերի միջոցով դեպի Կենտրոնական Ասիա և Ռուսաստան այլընտրանքային տարանցիկ ուղիների մշակումն է՝ որոշակի երթուղուց կախվածությունը նվազեցնելու և տարածաշրջանի արևելքի և հյուսիսի հետ տնտեսական կապերը ամրապնդելու նպատակով։

Բացի այդ, Իրանը փորձում է նաև օգտվել ՇՀԿ-ին և ԲՐԻԿՍ-ին իր անդամակցության ընձեռած հնարավորություններից՝ Կովկասում ԱՄՆ-Սիոնիստական առանցքի ազդեցության դեմ պայքարի նպատակով տնտեսական դաշինքներ ստեղծելու համար:

Այս մեծ ռազմավարության մի մասն է կազմում Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի նման երկրների հետ կառուցողական համագործակցությունը՝ տնտեսական համագործակցության շրջանակներում։

Վերջին տարիներին երկրի հյուսիսարևմտյան տրանսպորտային ենթակառուցվածքներում ներդրումներ են իրականացվել նաև տարանցիկ հզորությունների մեծացման և աշխարհաքաղաքական խոցելիության նվազեցման նպատակով:

Այս ենթակառուցվածքների զարգացումը, մասնավորապես երկաթուղային և ճանապարհային ոլորտներում, թույլ է տալիս Իրանին ավելի ակտիվ դեր խաղալ տարածաշրջանային միջանցքներում և վայելել տարանցիկ նոր առավելություններ։

Վերջին հաշվով, Իրանը ոչ միայն պաշտպանվող, այլև ակտիվ և նախաձեռնող խաղացող  է «Զանգեզուրի միջանցքի» նման նախագծերի դեմ։ Թեհրանի խելացի դիվանագիտության, տնտեսական զարգացման և աշխարհաքաղաքական հավասարակշռության համակցված մոտեցումը կանխում է Կովկասում անկայուն սցենարի զարգացումը, միաժամանակ ամրապնդելով Իրանի դիրքերը զարգացող տարածաշրջանային շուկաներում։

Չնայած իր տեխնիկական տեսքին, Զանգեզուրի միջանցքի նախագիծը իրականում տարածաշրջանային հավասարակշռությունը փոխելու ավելի լայն ծրագրի մի մասն է։ Հասկանալով այս սպառնալիքի բնույթը և հենվելով իր աշխարհաքաղաքական և տնտեսական կարողությունների վրա՝ Իրանը քայլեր է ձեռնարկում Հարավային Կովկասում ռազմավարական դերակատարությունն ամրապնդելու ուղղությամբ։

Այս ուղին կայունության, դիվանագիտության և տարածաշրջանային նոր կարգի ռազմավարական հնարավորություններից օգտվելու համադրություն է։