Եվրամիության (ԵՄ) առաջնորդները դիմել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով պաշտպանել Եվրոպայի և Ուկրաինայի անվտանգությունը։
Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի ղեկավարի և Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հայտարարության մեջ, որը նվիրված է Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա հանդիպմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մենք կիսում ենք այն համոզմունքը, որ դիվանագիտական լուծումը պետք է պաշտպանի Ուկրաինայի և Եվրոպայի կենսական անվտանգության շահերը։ Մենք կարծում ենք, որ այդ կենսական շահերը պետք է ներառեն Ուկրաինայի անվտանգության համար ամուր և հավաստի երաշխիքների անհրաժեշտությունը», – նշվում է փաստաթղթում։
Նրանց կարծիքով, լուրջ բանակցություններ պետք է վարվեն «միայն հրադադարի պայմաններում», և դրանց մեկնարկային կետը պետք է լինի շփման ներկայիս գիծը։ Եվրոպացի առաջնորդները նաև նշել են, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է ավարտվել միայն «դիվանագիտության, Ուկրաինային աջակցության և Ռուսաստանի վրա ճնշման» համադրությամբ։
Նշվում է, որ Ռուսաստանի հետ ցանկացած խաղաղ բանակցություն պետք է ներառի Կիևը․ «Ուկրաինայում խաղաղության ուղին չի կարող որոշվել առանց Ուկրաինայի»։
Նրանց հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուրբաթ օրը Ալյասկայում կհանդիպի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ՝ պատերազմը դադարեցնելու նոր ջանքերի շրջանակներում։
Բաց մի թողեք
Թող երկուսն էլ հայտարարեն իրենց հաղթանակի մասին, թող պատմությունը որոշի
Թուրքիան զինում է Սիրիային, ինչ է սպասվում քրդերին
Թրամփը «ծանր» հանդիպման ժամանակ մերժել է Զելենսկիին «Տոմահավկ» հրթիռների հարցով