Իշխանական քարոզչամեքենան ակտիվորեն գովաբանում է օրերս ԱՄՆ-ում ստորագրված հռչակագիրը՝ ներկայացնելով այն որպես 35-ամյա պետականության ընթացքում տեղի ունեցած ամենամեծ ձեռքբերում։
Թիրախը կամ, ավելի ճիշտ, լսարանը ոչ թե ընդդիմադիրները կամ էլիտան է, նրանց ինչ-որ բան համոզելը, այլ հասարակ քաղաքացիները, որոնք ոգևորվել են՝ մեծ ակնկալիքներ ունենալով և գրեթե միաբերան ասում են․ «Դե՞մ եք, որ առևտուր կլինի, խաղաղություն կլինի, կուշտ կլինենք»։
Նրանք՝ շարքային քաղաքացիները, այդպես են կարծելու, քանի որ իշխանական քարոզչամեքենան կատաղած աշխատում է այս օրերին և այդպես են մտածելու այնքան ժամանակ, որքան ժամանակ դեռ հույս կունենան, որ երկիրը ծաղկելու է ու բոլորը հարստանալու են: Նրանք չեն հասկանում իրականությունը, որը պետք է բացատրել կենցաղային, պարզ օրինակներով։
Օրինակ, եթե Պողոսը կարծում է, որ ստորագրված հռչակագրով Հայաստանը ճանապարհ է տալիս մի երկրորդ երկրի, որ առևտուր անի և խաղաղություն լինի, ապա Պողոսին պետք է հարցնել․
— Պողոս ջան, քո տունը գտնվում է Երևանում, դու այն կտա՞ս ինչ-որ մեկին՝ 99 տարով, որ սուպերմարկետ բացի, առևտուր անի, բայց դու քոռ կոպեկի քյար չես ունենալու դրանից: Իսկ երբ հասկանաս, որ քեզ խաբել` տունդ ձեռիցդ խլել են, ուզենաս քո բաժինը ստանալ, քո կողմից ստորագրված թուղթը ցույց տան, որ 99 տարով, քո հոժար կամքով տվել ես տունդ ուրիշին և եթե հանկարծ ընդվզես` տան գլխիդ, մի բան էլ միջազգային դատարանով քեզ դատեն` պսրտավորություններիցդ հրաժարվելու համար: Կստացվի, որ խաղաղ ապրու՞մ ես:
— Չէ։
— Ինչի՞։
— Օգուտ չունեմ, հո հարիֆ չեմ։
— Բա, Պողոս ջան, ինչի՞ ես ոգևորվել ինչ-որ հարիֆի ստորագրած թղթով, որը հենց դա է նշանակում։ Չէ որ դու արդեն 7 տարի հույս ունես, որ լավ ես ապրելու Նիկոլի շնորհիվ, որ թալանը հետ է բերելու` ձեզ բաժանի, որ կոռուպցիայի դեմ է պայքարելու: Իսկ 2020-ից սկսած էլ հույս ունես, որ խաղաղություն է բերելու, Արցախն է պահելու, ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ենք հաղթելու, 5 միլիոն է դարձնելու ՀՀ բնակչությունը…Իր ո՞ր խոստումն է մինչև այսօր կատարել Նիկոլը, որ ասում ես, որ լավն է: Պողոս ջան, գիտե՞ս՝ հարիֆներին ինչ են անում։
— Օգտագործում են ու դեն նետում։
– Հիմա հասկացա՞ր, որ հարիֆների շնորհիվ լավ չես ապրելու։
Բաց մի թողեք
«Ալիևը և Փաշինյանը Զելենսկու դժբախտության ճանապարհին». ԻՀՊԿ գեներալ
Կոչել «հաղթանակ» կամ թեկուզ «ձեռքբերում» ու հրճվե՞լ դրանով` ուղղակի դուրս է առողջ տրամաբանությունից
Ինչո՞ւ զարմանալ Նիկոլ Փաշինյանի ստերից, երբ «Արցախը Հայաստան է և վերջ» գոչելուց հետո հրաժարվեց Արցախից․ Կոստանյան