11/08/2025

Հետաքրքիր ու բավական ինտրիգային է, որ խաղից դուրս է մնում Թուրքիան

Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահերի երկար սպասված հանդիպումը կկայանա օգոստոսի 15-ին, Ալյասկայում: Այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Կրեմլը հաստատել է այդ պայմանավորվածությունը:

«Ռուսաստանը և ԱՄՆ-ը հարեւան երկրներ են, միմյանց սահմանակցում են և միանգամայն տրամաբանական է թվում, որ մեր պատվիրակությունը պարզապես կթռչի Բերինգի նեղուցի վրայով, որպեսզի հենց Ալյասկայում կազմակերպվի այդքան կարևոր և սպասված գագաթաժողովը»,- մամուլին ասել է Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը ցանկություն է հայտնել Թրամփի հետ հանդիպել Արաբական միացյալ էմիրություններում: Կարծես թե նաև այդ նպատակով էլ Մոսկվա է ժամանել ԱՄԷ նախագահ Նահաիանը, բայց, ինչպես արդեն որոշված է, Պուտինը կհատի Բերինգի նեղուցը և վայրէջք կկատարի Ալյասկայում, որ ժամանակին Ռուսական կայսրության տարածք էր և Միացյալ Նահանգներին է վաճառվել 19-րդ դարում:

Պուտինի օգնականն ասել է, որ հանդիպումը նախապատրաստելու համար առաջիկա օրերին կողմերի փորձագիտական խմբերը հսկայական աշխատանք ունեն անելու: Պուտինի հետ հանդիպման մասին Դոնակդ Թրամփին հարց է ուղղվել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ նրա հանդիպման առթիվ մամուլի ասուլիսին:

ԱՄՆ նախագահի ակնարկներից կարելի է ենթադրել, որ Մոսկվան և Վաշինգտոնը քննարկում են ուկրաինական պատերազմում հրադադարի հաստատման և տարածքների հետ կապված հարցեր:

Bloomberg-ի տեղեկացվածությամբ, Ուկրաինային կառաջարկվի զորքերը դուրս բերել Դոնեցկի մարզից: ԱՄՆ նախագահն ակնարկել է «տարածքային փոխանակումների» մասին: Այլ աղբյուրների ասելով, հրադադարը «կհաստավի համաձայնություն ձեռք բերելու պահի դրությամբ փաստացի շփման գծով, այդ տարածքների ռուսաստանապատկանությունը կճանաչվի միայն դե-ֆակտո»:

Ի՞նչ պայմանավորվածություն ձեռք կբերեն կողմերը կամ առհասարակ ձեռք կբերե՞ն՝ պարզ կլինի օգոստոսի 15-ին, բայց դա կլինի նախնական: Պուտինի օգնականն ասել է, որ Թրամփին «արդեն հրավեր ուղարկված է, և հաջորդ գագաթաժողովը կկայանա Ռուսաստանում»:

Ուշագրավ և բավական ինտրիգային է, որ խաղից, կարծես, դուրս է մնում Թուրքիան: Կարելի է ենթադրել, որ Ստամբուլում անցկացված ռուս-ուկրաինական բանակցությունների էջն այլևս փակված է: Թրամփը և Պուտինը հանդիպման են գնում «զրոյական կետից»: