Ասել, թե Վաշինգտոնում «խաղը չի ավարտվել, միայն նոր է սկսվում», նշանակում է բավական լավատես լինել:
Իրականում, եթե ստորագրված եռակողմ հռչակագիրը, հայ-ամերիկյան և հայ ադրբեջանական «մտադրությունների մասին արձանագրությունները» գնահատենք խորքով, ապա, թերևս, համոզվենք, որ «խաղը» դեռ չի սկսվել, ընդամենը քննարկվել են «տևական խաղի» կանոնները:
Հակառակ դեպքում Թրամփը միայն մեկ տարով չէր սառեցնի 907-րդ ուղղման գործողությունը, իսկ Միլլի մեջլիսի նախկին պատգամավոր Գյուլթեքին Հաջիևան չէր հարցնի. «Իսկ Թրամփի լիազորությունների ավարտից հետո ի՞նչ է լինելու»:
Բաքվում հասկանում են, որ ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցության Խարտիայի բանակցությունները կարող են ձգվել մինչև 2029 թվական, իսկ այդ ընթացքում «մայր Թուրքիայում կարող են անակնկալներ լինել»:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը միաժամանակ մի քանի չափազանց բարդ ներքին և արտաքին քաղաքական գործընթացներ է նախաձեռնել:
Նա հիմնական ընդդիմադիր ուժի՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության բարձր վարկանիշը նսեմացնելու, քրդամետ DEM և «Ազգայնական շարժում» կուսակցությունների հետ դաշինք կնքել և նոր ընրափուլում վերստին հաղթելու նպատակ ունի, որ իրականացնելու համար պետք է նոր որակի հարաբերություններ կառուցի Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ:
Առանց տնտեսական կայունության ոչ մի կարգախոս նրան բավարար ընտրազանգված չի ապահովի: Թուրքիան լրջագույն խնդիրներ ունի Իսրայելի հետ թե Գազայի և առհասարակ Պաղեստինի պետության, թե Սիրիայի հարցերում:
Էրդողանը շատ կոշտ, գրեթե վերջնագրային պահանջով Ալիեւին «բերման է ենթարկել» Սիրիա: Ներկայումս Սիրիայի նոր իշխանությունների հանդեպ ԱՄՆ-ը և Եվրամիությունը բավական բարյացկամ են, բայց ոչ ոք չի կարող երաշխավորել, որ նախկին ջիհադական Ահմադ ալ-Շարաան մի օր չի բացահայտվելու կամ նրան չեն հարկադրելու, որ բացահայտվի որպես արմատական իսլամական:
Սիրիայում ամեն պահ կարող է քաղաքացիական պատերազմ բռնկել է կամ՝ իսրայելա-թուրքական ռազմական բախում: Երկու դեպքում էլ Ալիևը հարկադրված կլինի «ուժերի ներածին չափով» օգնել Թուրքիային:
Մենք իրանա-ադրբեջանական հարաբերությունների մասին բավարար պատկերացում չունենք, բայց դրանք ակնհայտորեն ավելի բարձր մակարդակի վրա են, ընդգրկուն, քան՝ հայ-իրանականը: ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցության Խարտիայի շուրջ բանակցություններում այդ խնդիրը ծառանալու է ամբողջ «հմայքով»:
Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը զգալի ներկայություն ունի Կենտրոնական Ասիայում, հանդիսանում է Չինաստանի ռազմավարական գործընկերը: ԱՄՆ-ը չի կարող շրջանցել իր համար չափազանց սկզբունքային նշանակության այդ հանգամանքը, որ շոշափում է նաև Ադրբեջան-Պակիստան, Պակիստան-Իրան համագործակցությունը:
Պետք է ընդունել, որ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները, տնտեսական և կոմունիկացիոն ծրագրերով փոխկապակցվածությունն անհամեմատ բարձր մակարդակի և երկու երկրների համար այսպես ասած՝ «հիմնակազմիչ» նշանակության է, քան՝ հայ-ռուսական հարաբերությունների ողջ համալիրը: Մենք, որպես կանոն, աշխարհին նայում ենք «սեփական տան կտուրից»:
Իսկ եթե գոնե «թռչնի թռիչքի բարձրությունից» դիտենք, ապա, թերևս, տեսնենք, որ Վաշինգտոնի «պայմանավորվածություններից» Ադրբեջանի մարտահրավերներն ավելի շատ և առարկայական են: Երրորդ օրն է, ինչ մամուլում և սոցիալական ցանցերում քննարկվում է Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Վելայեթիի հայտարարությունը, բայց ոչ ոք շարունակությանը ուշադրություն չի դարձնում:
Իսկ այնտեղ ասված է, որ Իրանը և Ռուսաստանը վերջերս ռազմա-ծովային ուժերի համատեղ զորավարժություններ են անցկացրել և Կասպից ավազանում արտատարածաշրջանային երկրի ներկայություն չեն հանդուրժի: Այդ հայտարարության ուղղակի հասցեատերն Իլհամ Ալիևն է: Այնպես որ, բազմաքայլ «շախմատային մրցամարտ» է ծրագրվում:
Հայաստանի համար ամենակարևորն Ադրբեջանի հետ խնդիրները բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու համաձայնությունն է, որի երաշխավորը Միացյալ Նահանգներն է:
Բայց կստացվի արդյոք ցույց կտա ժամանակը ․․․
Բաց մի թողեք
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիթկոֆը դարձյալ մեկնում է Մերձավոր Արևելք՝ ներկայացնելու իսրայելա-պաղեստինյան «նոր գործարքի պլան»
Վաշինգտոնում ինչ է նվիրել Թրամփն Ալիևին
Երևանի հասցեին դրվատանքի որևէ արտահայտություն տեղ չի գտնում ․․․