Հայկական համացանցը լցվել է հերթական «ձեռքբերման» (վաղուց արդեն ձախողումները ձեռքբերումներ են, չէ՞) գովերգումներով: Ենթադրաբար, այդ տոնայնությունը կշարունակվի հաջորդ ութ ամիսների ընթացքում՝ մինչև ՀՀ ԱԺ ընտրությունները:
Հրապարակ թերթը գրել է․ Օրինակ այսպիսի մեկը՝ «Արտաքին քաղաքական հետագա ուղենիշների առումով Հայաստանը հակամարտության կառավարման փուլից թևակոխում է խաղաղության ինստիտուցիոնալիզացման փուլ»:
Փաստորեն, 2020-ի պատերազմի խայտառակ պարտությունից հետո Արցախի հանձնումը և հայաթափումը գործող իշխանության մտածողությամբ նշանակում էր հայ-ադրբեջանական հակամարտության կառավարման փուլ: Որպեսզի ավելի լավ ընկալվի ասվածի անհեթեթ լինելը՝ համեմատական օրինակ բերեմ կենցաղային մակարդակից:
Պատկերացրեք, որ ինչ-որ մեկին փողոցում խուլիգանները ծեծելով արյունլվա են անում՝ այն աստիճան, որ հազիվ փրկվում է մահից: Մեջբերված մտածողությամբ շարժվելու դեպքում ինքը դա ներկայացնում է որպես փողոցի խուժանների հետ հակամարտության կառավարման փուլ: Իսկ ծեծ ուտելուց հետո՝ երբ նրան առաջարկում են մոռանալ եղածը և հաշտվել, ընդունում է այդ առաջարկը:
Դա էլ ներկայացնում է որպես բարիդրացիության ինստիտուցիոնալիզացման փուլ: Այս պահին դրանով է զբաղված լեգիտիմությունը վաղուց կորցրած իշխանությունը:
Անցնենք «խաղաղության ինստիտուցիոնալիզացման փուլի» գնահատմանը: Ի տարբերություն առաջին փուլի՝ այն կառուցված է վիրտուալ իրականության վրա:
Մեկ անգամ էլ ծանոթանանք դրա՝ անվերջ կրկնվող դրույթին. «Առաջնահերթությունների թվում է նաև տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացը, որի համատեքստում արձանագրվեցին 4 կարևորագույն սկզբունքները, որոնք կարմիր գիծ էին Հայաստանի համար․ այն է՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության և փոխադարձության սկզբունքներով Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում»: Եթե բաց թողնենք մեջբերման սկիզբը, ապա կկանգնենք խնդրի առաջ:
Որովհետև Վաշինգտոնում ստորագրված հռչակագրում մենք չտեսանք որևէ կետ այն մասին, որ Նախիջևանի միջով անցնող կոմունիկացիան պետք է հավասարազոր լինի Սյունիքով անցնողին: Եվ որպես դրա հաստատում՝ Նախիջևանով անցնողը Սյունիքով անցնողի նման չարժանացավ ԱՄՆ-ի կողմից 99 տարով վարձակալության վերցնելու բախտին: Եթե նման բան տեղի ունենար, ապա դա հենց կլիներ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման՝ փոխադարձության սկզբունքի հավաստումը:
Ի դեպ, վերը մեջբերված մտքերի հեղինակ, ԱԳ փոխնախարար Կոստանյան Վահանը ոնց որ թե խնդիր ունի իր ուսուցչից՝ ՔՊ կուսակցության առաջնորդ Փաշինյան Նիկոլից դասը սովորելու առումով: Երկրորդ մեջբերման մեջ Կոստանյանի կողմից նշված չորս սկզբունքներից վերջինի առումով առկա է տարընթերցում:
Որպես սկզբունքներ Փաշինյանը նշել է ինքնիշխանությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանային անքակտելիությունը, որոնք ըստ Նիկոլի, պետք է գործեն փոխադարձության հիման վրա։ Ինչպես տեսնում ենք, տվյալ դեպքում «փոխադարձությունը» հանդես է գալիս ոչ թե որպես առանձին սկզբունք, այլ որպես 4 սկզբունքների գործողության հենք: Կարծում եմ, որ, առաջնորդի մտքերը կրկնելիս, դրանք, այնուամենայնիվ, անհրաժեշտ է լավ ուսումնասիրել:
Անցնելով անմիջապես առաջնորդի մտքերին՝ ներկյացնենք հերթական մանիպուլյացիան: Ավելի ճիշտ՝ տվյալ թեմայում գլխավորը: «Ադրբեջանցիներն, ի վերջո, կտեսնե՞ն հայ սահմանապահի կամ մաքսավորի երեսը» հարցին պատասխանելով՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը սկզբում, չգիտես ինչու, ընթերցում է հռչակագրի 3–րդ կետը՝ կարծես թե հարց տվողները չէին հասցրել ծանոթանալու այդ կետին:
Եվ վերջապես պատասխանում է հարցին, ասելով, թե իրենք այս փուլում չեն մտել դետալների մեջ, համաձայնեցրել և ստորագրել են գլոբալ հարցերը։ Ոնց հասկանում եմ, գլոբալ հարցը հենց «Զանգեզուրի միջանցքի» կամ նոր անվանմամբ՝ «Թրամփի ճանապարհի» սկզբում և վերջում հայ սահմանապահների և մաքսավորների առկայության խնդիրն է: Որովհետև միայն այդ դեպքում է այդ տարածքը բնորոշվելու որպես միջանցք կամ ճանապարհ:
Եվ կամ էլ կարող է վերածվել «ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության, սահմանային անքակտելիության» սկզբունքների իրացման վայր: Չնայած դա այդպիսին էր նախքան Փաշինյանի վարչապետությունը ու նրա շնորհիվ վերածվեց վիճելի տարածքի:
Բայց պարզվում է, որ վերը նշված երիտասարդի ղեկավարը (իմ իմացած նախկին Արոն) առաջ է անցել նույնիսկ իր առաջնորդից: Մեջբերեմ ընդամենը մեկ նախադասություն ԱԳ նախարար Միրզոյան խոսքից. «Չկա որևէ երրորդ կողմի վերահսկողություն։ Սրանից ավելի հստակ ասել կարծում եմ՝ հնարավոր չէ»։
Այսինքն, Արարատի ասելով, ԱՄՆ-ը ոչ թե սեփական շահերով առաջնորդվող պետություն է՝ այն էլ Դոնալդ Թրամփի նման նախագահի օրոք, այլ այդպիսի անվանումով բարեգործական կազմակերպություն: Եվ այդ կազմակերպությունը որոշել է 99 տարով վարձակալության տալ մեր տարածքը զուտ բարեգործական նպատակներով:
Սկզբում, իհարկե, դա մեզանից վերցնելով: Որովհետև միայն այդ դեպքում է հնարավոր իր կողմից այն վարձակալության տալը մեկ ուրիշին:
Ասվածը վկայում է, որ խորհրդարանական և ոչ միայն խորհրդարանական ընդդիմության խնդիրն է մինչ ԱԺ ընտրությունը մնացած 8 ամսում այս ամբողջ կեղծիքը ներկայացնել ՀՀ ընտրողներին:
Որպեսզի կրկին՝ մի քանի տարի անց, շարքային ընտրողը չհայտարարի, որ «կոտրվեր էս ձեռքս՝ ձայնս չտայի Նիկոլին»: Ու մենք էլ չկորցնենք Սյունիքը՝ ճիշտ այնպես, ինչպես կորցրինք Արցախը:
Բաց մի թողեք
Էկոնոմիկայի նախարարությունը ջրամբարների կամ կաթիլային ոռոգման մասին տվյալներ չունի
Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել
ՀՀ իշխանությունը 28 մլն դրամ է ծախսել առեւտրային կցորդ ունենալու համար, մինչ Իրանին համոզում է, որ «Թրամփի ուղին» դեպի աշխարհ միակ ելքն է