Ֆրանսահայ մամուլում հրապարակվել է Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի հոդվածը Վաշինգտոնյան հռչակագրի վերաբերյալ:
Նախիջևանի եւ Արցախի նախադեպը՝ Սյունիքի ճանապարհի համատեքստում։
1921 թվականին, խորհրդայնացված Հայաստանի ղեկավարները համաձանեցին Լեռնային Ղարաբաղը եւ Նախիջևանը Խորհրդային Ադրբեջանի գերիշխանությանը հանձնելու որոշման հետ : Այնժամանակվա իշխաությունների ընտրությունը, որի հիմքում դրվել էին գաղափարախոսական և քաղաքական նկատառումներ, բխում էր կոմունիզմի հռչակած տրամաբանությանից՝ խորհրդային ժողովուրդների միջև անքակտ բարեկամություն, ազգերի հավասարություն եւ իշխող դասակարգերի անհետացում։ Այդ համատեքստում՝ վերոնշյալ շրջանների հայ բնակչության իրավունքների պաշտպանության հարցը թվում էր երկրորդական, նույնիսկ իմաստազուրկ՝ հռչակված «համընդհանուր հավսարության և եղբայրության» ֆոնին։
Պատմական ծանր գին
Հայերիս համար որոշումը խիստ թանկ արժեցավ։ 70 տարի շարունակ՝ խորհրդային վարչակազմի ներքո, Նախիջևանի եւ Արցախի հայերը ենթարկվում էին Ադրբեջանի իշխանությունների՝ վարչական ճնշումների եւ խտրականության, ինչը Նախիջևանում հանգեցրեց հայաթափման։ Արցախում այս քաղաքականությունն արժանացավ դիմադրության. Խորհրդային Միության անկումից առաջ սկսվեց Մայր Հայաստանի հետ վերամիավորման պահանջ և գործընթաց, որն էլ վերածվեց բաց հակամարտության։ Երեսուն տարվա պատերազմները և լարվածությունը պատճառ դարձան տասնյակ հազարավոր զոհերի։ 2023 թվականին Ադրբեջանն ավարտեց Արցախի վերջին 150 000 հայերի բռնի տեղահանումը՝ վերջ դնելով հայկական բազմադարյա ներկայությանն Արցախում։
Կոմունիզմի խոստացած իդեալը՝ ժողովուրդների եղբայրություն, հավասարություն եւ համագործակցություն, անզոր գտնվեց զսպելու թուրք-ադրբեջանական քաղաքականությունը։ Փաստն անհետևանք չի կարող մնալ մեր ընկալումներում, նամանավանդ, որ այն խիստ այժմեական է, քանի որ Բաքուն այս քաղաքականությունն Արցախում ավարտին հասցրեց ընդամենը 2 տարի առաջ : Խորհրդային ղեկավարների որոշումն էր, որ տարիներ անց անվանվեց միջազգային իրավունք կամ տարածքային ամբողջականության սկզբունք, որն էլ Ադրբեջանի համար հիմք դարձավ՝ արդարացնելու հայերի ամբողջական բռնի տեղահանումը:
Համեմատություն 2025 թվականի հետ
Մեկ դար անց հայերս կանգնած ենք նոր խնդրի առջև: Ս/թ օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը ստորագրեցին «Միջազգային բարեկեցության և խաղաղության Տրամթփի ճանապարհի» մասին հայտարարությունը, որը պետք է կապի Ադրբեջանը Նախիջևանի տարածքի հետ՝ անցնելով Հայաստանի հարավով, Սյունիքի շրջանով։ ՀՀ իշխանությունների կողմից նախագիծը ներկայացվում է որպես առեւտրի, տարածաշրջանային բարեկեցության եւ կայունության գործիք։ Զիջումը, որ արվել է թուրք-ադրբեջանական տանդեմին, այս անգամ բխում է համաշխարհային առեւտրի՝ իբրև ազգերի բարեկեցության եւ խաղաղության երաշխավորի իդեալից՝ նույնիսկ եթե այն ՀՀ ինքնիշխանությունը խախտելու հնարավոր տարրեր է պարունակում :
Աշխարհաքաղաքական եւ տնտեսական հետեւանքներ
Հայաստանը միաժամանակ հեռանում է երկու առանցքային պետություններից, որոնք դեմ են նախագծին՝ Իրանից եւ Ռուսաստանից։ Մինչդեռ, հենց այս երկրներն են այսօր ապահովում Հայաստանի հետ առևտրի առյուծի բաժինը : Օրինակ, Հայաստանի արտադրանքի արտահանման 42 տոկոսը իրականացվում է դեպի Ռուսաստան։
Քաղաքական ծանր հետևանքներ
Հայտարարությունը դե ֆակտո հաստատում է Արցախի բռնակցումը Ադրբեջանի կողմից։ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որ իրականացնում էր միջազգային միջնորդություն, լուծարվեց, ինչն, ի դեպ, ողջունվեց Ֆրանսիայի կողմից։ Հայտարարությունը Ադրբեջանի համար նախատեսում է Սյունիքի շրջանով «անխափան» անցման իրավունք, որը փաստորեն միջազգային երաշխիքի ներքո է իրականացվում, ինչն էլ միջազգային իրավունքի տեսանկյունից վիճարկելի հարց է դարձնելու ՀՀ կողմից այդ իրավունքի միակողմանի հնարավոր վերանայման ցանկացած փորձ։
Այս համատեքստում, Բաքվում պահվող հայ գերիների ճակատագրի կամ Միջազգային արդարադատության դատարանի կողմից ճանաչված՝ արցախահայերի վեարդարձի իրավունքի մասին հիշատակումը թվում է երկրորդական, նույնիսկ իմաստազուրկ ՝ խոշոր «առեւտրային» այս նախագծի ֆոնին, քանի որ համաշխարհային առեւտուրը, ասում են, խաղաղության և երջակության գրավականն է :
Ռազմավարական հետևանքներ
Ճանապարհը կապելու է Ադրբեջանին Նախիջևանի հետ, այնուհետեւ Թուրքիային։ Պատմական դաշնակիցներ Բաքվին եւ Անկարային այն կբերի լրացուցիչ ռազմավարական առավելություն։ Երեւանի համար հնարավոր շահույթը կլինի սահմանափակ՝ ճանապարհի հայաստանյան հատվածը ընդամենը 42 կմ է լինելու՝ դրանից բխող տնտեսական օգուտներով։
Իրականում հարցն ավելի լայն է, քան պարզ ճանապարհի կառուցումը : Այն իրենից ներկայացնում է ռազմավարական ընտրություն։ ՀՀ իշխանություններն ընտրել են հավատալ, որ պատմական թշնամիների ամրապնդումը կայունության եւ բարեկեցության ուղի է բացելու Հայաստանի համար։ Սակայն արդյոք պետք չէ մտահոգվել, որ այս զիջումը, ինչպես 1921-ին, ժամանակին զուգընթաց, կդառնա անշրջելի հետեւանքներով լի ընտրություն։
Մնում է պարզաբանել մեկ հարց՝ արդյոք համաշխարհային առեւտուրն ի զորու կլինի զսպել թուրք-ադրբեջանական քաղաքականությունը, ինչում ձախողվեց կոմունիզմը։ Սա հենց այն խոստումն է, որ ապագա սերունդներին տալիս են Դոնալդ Թրամփը եւ ՀՀ իշխանությունները։ Ընտրությունը պատկանում է մեզ՝ հայերիս, հավատալ կամ ոչ հայտարարությամբ խոստացված «պայծառ ապագային» :
Հովհաննես Գեւորգյան; Ֆրանսիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ
Բաց մի թողեք
Կարդալու ու դասեր քաղելու մասին․ Տիգրան Պասկևիչյան
Վայ մեզ, եթե չվերագտնենք ճշմարտությունը, վայ մեզ, եթե դարձի չգանք․ Անանյան
Է՞ս ա ձեր «խաղաղությունը». Լուսանկար