19/08/2025

Բաքուն ՌԴ-ի հետ վարվեց այնպես, ինչպես վարվում են ամենավերջին դավաճանի հետ. Բաբաջանյանը մանրամասնել է՝ ինչու

«Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ բացահայտ պահանջներ չունի․ մեծ հաշվով ինքն էլ հրաշալի գիտի, թե ինչ է արել Հայաստանի հետ։ 2020-ին թույլ է տվել լայնածավալ հարձակում Արցախի վրա, 2022-ին՝ հարձակվել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, 2022-ի դեկտեմբերին՝ շրջափակել Արցախը, 2023-ին՝ իրականացնել էթնիկ զտում և վերջապես հանձնել Արցախը Ադրբեջանին»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը:

«Ռուսաստանը «պրետենզիա» ունի Բաքվի նկատմամբ՝ Նոյեմբերի 9-ի համաձայնագրի 9-րդ կետով նախատեսված «միջանցքը», որի շուրջ մինչ օրս որոշ հայ գլուխներ շարունակում են ոռնալ, մինչդեռ օգոստոսի 8-ին ամերիկացիները փակեցին այդ Նոյեմբերի 9-ի էջը։

Ադրբեջանը մինչդեռ Հայաստանի օրինակով հստակ տեսավ, թե ինչպես է Մոսկվան հերթական անգամ դավաճանում տարածաշրջանում իր ամենամերձավոր դաշնակից Հայաստանին։ Մտածեց՝ եթե այդքան մոտ դաշնակցին դավաճանեց, ուրեմն կդավաճանի յուրաքանչյուրին։ Այդ գիտակցմամբ էլ Ադրբեջանը ընտրեց Ռուսաստանի հետ վարվել այնպես, ինչպես վարվում են ամենավերջին դավաճանի հետ»,- հավելել է նա: