19/08/2025

Հայկական պետականության ավարտը միայն ժամանակի հարց է․ ՀՀՄ հայտարարությունը

Միասնություն հանուն պետության․ ՀՀՄ հայտարարությունը.

ԱՄՆ նախագահությամբ Սպիտակ տանը կայացած եռակողմ հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրվեց խաղաղության համաձայնագիր։

Եվ որքան էլ, որ ՀՀ գործող իշխանությունը փորձի այն ներկայացնել որպես իրական խաղաղությանը միտված ձեռքբերում, ակնհայտ է, որ տեղի ունեցածը հայկական կողմի լիակատար կապիտուլյացիա է։ Սա պետության վերջնական փլուզումն է՝ միակողմանի զիջումների ամրագրմամբ։

Մասնավորապես,

Ադրբեջանը ստանում է՝

իր փափագած «Զանգեզուրի միջանցքը»՝ բացի Հայաստանի ինքիշխանությանը սպառնացող իրական վտանգներից, ապահովելով Թուրքիայի վաղեմի երազանքը Մեծ Թուրանի ծրագրի իրականացման հարցում։

լուծարում է ԵԱՀԿ Մինսկի խումբը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմամբ Ադրբեջանը լեգիտիմ իրավունք է ստանում Հայաստանի և նրա քաղաքացիների դեմ ցանկացած գործընթաց նախաձեռնելու։

չեղարկում է 1992 թ․-ից գործող 907 բանաձևը՝ որով Վաշինգտոնին արգելվում էր Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրել։

միջազգայնորեն լեգիտիմացնում է Հայաստանին ներկայացվող իր շարունակական պահանջները՝ ՀՀ Սահմանադրության փոփոխություն, 300 հազար Ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում․․․

ԱՄՆ-ն ստանում է՝

Հարավային Կովկասում անմիջական ներկայության հնարավորություն

Սյունիքում ստանձնում է տարանցիկ միջանցքի վերահսկման բացառիկ լիազորություն

Միացյալ Նահանգների նախագահը հասնում է Նոբելյան խաղաղության մրցանակ ստանալու նպատակին՝ ներկայանալով աշխարհին որպես համաշխարհային բացառիկ լիդեր։

Նոր լծակներ տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի ազդեցության թուլացման հարցում։

Ի՞նչ է ստանում Նիկոլ Փաշինյանը՝

նախաստորագրված փաստաթղթով առաջիկա ընտրություններում հայ ժողովրդին մոլորեցնելու հնարավորություն։

Ի՞նչ է ստանում Հայաստանի Հանրապետությունը՝

Հերթական խայտառակ կապիտուլյացիա

Մոտ ապագայում ՀՀ տարածքում 300 հազար ադրբեջանցիների բնակեցման պարտադրված պահանջի կատարում՝ երկրում հետագա դեմոգրաֆիկ փոփոխության մեծ վտանգով

 ՀՀ տարածքի նոր պարտադրված զիջումներ

Սյունիքի մոտալուտ կորուստ։

Ի՞նչ է ստանում Արցախահայությունը՝

Հայրենիք վերադառնալու հնարավորության բոլոր ճանապարհների փակում

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հայաթափման լեգիտիմացում

Բաքվի բանտերում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ճակատագրի վերջնական հանձնումը Ալիևին։

Միաժամանակ ակնհայտ է, որ ՀՀ ներկայիս վարչակարգը պարզապես օգտագործվում է տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու, իսկ Իրանին չեզոքացնելու համար։ Իսկ դրա հետևանքները անկանխատեսելի են։

ԱՄՆ նախագահի ջանքերով նախաստորագրված համաձայնագրում ոչ մի խոսք չկա արցախահայության միջազգայնորեն ճանաչված իրավունքների վերականգման մասին։

Ոչ մի խոսք չկա Հայաստանի տարածքը օկուպացրած ադրբեջանական զինուժի դուրս բերման մասին։

Ոչ մի խոսք չկա Բաքվում պատանդի կարգավիճակում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և հայ ռազմագերիների մասին։

Այսպիսով արձանագրում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը բխում է Ադրբեջանի, Թուրքիայի և ԱՄՆ շահերից՝ փոխարենը նոր զիջումների առաջ կանգնեցնելով Հայաստանի Հանրապետությանը։

Հիշեցնենք՝ նման մի ստորագրություն դրվել էր Արցախի հայաթափման գործում վճռորոշ դարձած Պրահայի հռչակագրում։

Փաստացի Հայաստանի գործող վարչապետը հանուն իր իշխանության պահպանման, բացահայտ զիջում է Հայաստանի Հանրապետությունը, ինչպես որ հանուն նույն նպատակի՝ հանձնեց Արցախը։

Իրավիճակը շտկելու միակ տարբերակը իշխանափոխությունն է։ Հակառակ պարագայում հայկական պետականության ավարտը միայն ժամանակի հարց է։

«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը հերթական անգամ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է անում բոլոր քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, հայի գենը կրող յուրչքանչյուրին՝ մի կողմ դնել անձնական շահը, բոլոր տարաձայնություններն ու համախմբվել հանուն պետության։

ՈՒԺԸ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է։

«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցություն