Թրամփի «քավորությամբ» օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ստորագրված մեմորանդումը, որով Հայաստանը հրաժարվեց իր սուվերեն տարածքի մի մասից՝ այն 99 տարով հանձնելով ԱՄՆ-ին, շարունակում է քննարկումների կիզակետում գտնվել:
Տարբեր քաղաքագետներ ու քաղաքական գործիչներ հայտարարեցին, որ Հայաստանը զիջեց իր սուվերենիտետը, Ադրբեջանն ու Թուրքիան ստացան թուրանական միջանցքը, իսկ Հայաստանը ոչինչ չստացավ: Բնականաբար, սա չէր կարող չլինել Իրանի ուշադրության կենտրոնում: Սկզբում Իրանից կոշտ հայտարարություններ հնչեցին, թե «Թրամփի ուղին» գերեզման է դառնալու ոմանց համար: Ապա Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին մեղմացրեց տոնը, որ Սյունիքով երթուղու հետ կապված Իրանի պահանջները հաշվի են առնվել վաշինգտոնյան պայմանավորվածությունների շրջանակներում:
«Հրապարակը» Սյունիքով անցնող միջանցքի ու դրա հետ կապված զարգացումների մասին զրուցել է իրանցի քաղաքագետ Փույա Հոսեյնիի հետ:
– Փաշինյանը, փաստացիորեն, ՀՀ սուվերենությունը հարցականի տակ դնելով՝ ԱՄՆ-ի վերահսկողությանը հանձնեց կարեւորագույն ռազմավարական նշանակություն ունեցող տարածք: Իրանի կողմից ողջունում են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության գործընթացը, սակայն միջանցքի մասով կան վերապահումներ:
– Իրանի ԱԳՆ-ի կողմից տարածված հայտարարությունը շատ զգուշավոր հայտարարություն էր: Երկու հիմնական ուղերձից է այն բաղկացած՝ ողջունում է խաղաղությունը եւ ասում է, որ տարածաշրջանում կայունությունը դրանից է կախված: Սակայն, երբ հարցը միջանցքին է վերաբերում, անհանգստություն է հայտնվում եւ ասվում է, որ մենք մեր իրավունքները պաշտպանելու ենք՝ մեր անվտանգային խնդիրներից ելնելով, մեր ձեռքում եղած բոլոր գործիքակազմերը՝ տնտեսական, քաղաքական, իրավաբանական, օգտագործելու ենք, որպեսզի մեր շահերը պաշտպանենք: Պետք է նշենք նաեւ, որ Իրանի տարբեր խողովակներով շատ սուր քննադատություններ են հնչում ԱԳՆ-ի կողմից արված այդ հայտարարության դեմ: «Ֆարս նյուզ» լրատվամիջոցը, որն Իրանի հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած լրատվամիջոց է, քննադատել է ԱԳՆ-ի հայտարարությունը, ասել, որ ողջունելու փոխարեն պետք էր դատապարտել միջանցքը կյանքի կոչելը, որովհետեւ դա խոցելի է դարձրել Իրանի անվտանգությունը, իսկ Միացյալ Նահանգները փաստացի տարածաշրջանում հաստատվում է: Պրն Վելայաթին նորից մի սուր հայտարարություն է արել՝ նա Իրանի հոգեւոր առաջնորդի խորհրդականն է, ասել է, որ Թրամփի այդ նոր միջանցքն իր համար, իր գործակալների համար գերեզման կդառնա, որ իրենք թույլ չեն տա՝ նման բան տեղի ունենա: Նա գրել է նաեւ, որ Կովկասն այդքան էլ անտեր չէ, որ Թրամփն օվկիանոսներից այն կողմից գա եւ ուզենա տարածք վարձակալել, անշարժ գույքի գործակալություն չէ իր համար, որ Կովկասն անտեր չի մնացել, որպեսզի նման բաներ տեղի ունենան: Տարբեր հայտարարություններ են հնչում, բայց կան խաղաղության ողջունում եւ միջանցքի հետ կապված անհանգստություններ: Ապագայում կարող ենք լսել ավելի հստակ հայտարարություններ, երբ Իրանում որոշեն, թե ինչպես են հակազդելու կամ համակերպվելու: Պետք է տեսնենք, թե մոտակա օրերին Իրանն ինչ որոշումներ կկայացնի, որովհետեւ երկու ձայն ենք լսում՝ շատ սուր ձայն կամ շատ դիվանագիտական ձայն․ պետք է տեսնենք, թե որ ձայնը կդառնա որոշիչ Իրանի համար:
– Հայաստան-Իրան փոխհարաբերություններում սա ինչի՞ առաջ է Հայաստանին կանգնեցնում:
– Շատ հարցեր կան այդ համաձայնագրի մեջ, որոնց վերաբերյալ Հայաստանն ու Իրանը որոշ բաներ պիտի մանրամասնեն՝ դրանից է բխում ամեն ինչ: Հայ հասարակության համար էլ շատ հարցեր կան, պետք է լսենք, թե հետագայում այդ հարցերին ինչ պարզաբանումներ կտրվեն` թե՛ հայ ժողովրդի, թե՛ Հայաստանի բարեկամ երկրի՝ Իրանի մոտ առաջացած հարցերին: Իրանի անվտանգությունը կապված է Հայաստանի հետ, եւ հակառակը՝ պետք է լսենք ու հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել: Օրինակ, պետք է հասկանանք, թե անխոչընդոտ տեղափոխում ասելով ինչ նկատի ունեն, դրա տակ ինչ դրույթներ են դրել… Հայաստանը դա կարող է մի ձեւով մեկնաբանել, Ադրբեջանը՝ այլ կերպ, եւ նորից տարբեր մեկնաբանությունները դառնան լարվածության հիմք: Մենք տեսնում ենք, որ գնում ենք ոչ թե դեպի խաղաղության, այլ հակամարտությունը, լարվածությունը, շահերի բախումն ավելի սուր են դառնում: Եթե Միացյալ Նահանգները տարածաշրջանում ներկա լինելու հայտ է ներկայացնում, ապա պարզ է, որ այդ տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի խաղացողների միջեւ արդեն ավելի խորանում են հակասությունները, եւ դրանք հետագայում կարող են վերածվել հակամարտության, եւ մրցակցությունը տարածաշրջանը կբերի նոր ագրեսիայի, նոր պատերազմների:
– Ճի՞շտ եմ հասկանում, որ Փաշինյանն իր այս քայլով Հայաստանը նորից դարձրեց նոր, հավանական ռազմական ագրեսիայի թիրախ: Այսինքն, ոչ թե խաղաղության համար է նպաստավոր դաշտ ստեղծվում, այլ հակառակը` ավելի մեծացրեց Հայաստանի տարածքում ռազմական գործողությունների հավանականությունը:
– Ոչ միայն տարածաշրջանի, ոչ միայն Հայաստանի, այլեւ ընդհանրապես ամբողջ աշխարհը գնում է դեպի նոր հակամարտություններ՝ նոր աշխարհակարգ ձեւավորելու փուլում: Հիմա մենք չենք կարող խաղաղություն հաստատել այս տարածաշրջանում: Ավելի ճիշտ է դա անվանել հակամարտության սառեցում, իսկ այն, ինչ տեղի ունեցավ, հակամարտության ժամանակավոր սառեցում է: Վաղ թե ուշ՝ Հարավային Կովկասի այդ օջախը կբորբոքվի, եւ կարող ենք տեսնել նոր պատերազմներ, որովհետեւ աշխարհը հիմա երկու մասի է բաժանվել՝ Արեւմուտքի եւ Արեւելքի։ Այս երկու բեւեռները մեծ մրցակցության մեջ են, եւ Արեւմուտքը փորձում է ազդեցության բոլոր կարեւոր լծակները կենտրոնացնել իր ձեռքում՝ միջանցքներ կլինեն դրանք, ճանապարհներ, էներգետիկ ռեսուրսներ, թե ճանապարհի վերահսկողություն, այլ ռեսուրսներ: Հիմա աշխարհն այդ մրցակցության մեջ է, ու Հարավային Կովկասը, Սյունիքն այդ ուղղություններից կարեւորագույններից են, որը կարեւոր է Չինաստանի համար, Իրանի համար, կարեւոր է նաեւ Արեւելքի ու Արեւմուտքի համար: Եվ դա վաղ թե ուշ կդառնա բախման օջախ գերտերությունների միջեւ՝ դա է վտանգը: Մենք դրա տակ տեսնում ենք երկարաժամկետ ծրագրեր, եւ կարծես թե նոր աշխարհակարգի մի կտոր է, որտեղ երկու բեւեռն էլ փորձում են իրենց վերահսկողությունը պահել: Տարածաշրջանում ստեղծվածը կարող ենք անվանել հակամարտության ժամանակավոր սառեցման իրավիճակ:
Բաց մի թողեք
Իշխանությունները Արկադի Դումիկյանի համերգի տրամադրությունների մեջ են
Ով է 30 տարի ՀՀ ԱԱԾ-ում ծառայած Վայոց Ձորի մարզպետը եւ ինչ է հայտարարագրել․ Լուսանկար
Ինչ է հայտարարագրել, մյուսների պես, 2018 թվականից հետո կենսագրություն ունեցող Էկոպարեկային ծառայության պետը․ Լուսանկար