Երեկ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հրապարակեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախաստորագրված համաձայնագրի դրույթները:
Չնայած ՔՊ-ականներն ու հայտնի ՊՈԱԿ-ի ֆեյքերը միմյանց ողջունում են եւ ուրախությունից տրտինգ տալիս` սա ներկայացնելով որպես մեծ հաղթանակ, սակայն պայմանագրի դրույթներն ուսումնասիրող փորձագետները, դիվանագետներն ահազանգում են` դրանք հղի են լրջագույն վտանգներով եւ Հայաստանի համար կարող են անդառնալի հետեւանքներ թողնել:
Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանի հետ:
– ՀՀ արտաքին գործերի նախարարության հրապարակած նախաստորագրված համաձայնագրի դրույթներից հատկապես մի քանիսը, կարծես, խնդրահարույց են: Օրինակ` դրանցից մեկում ասվում է, որ կողմերը պարտավորվում են «հասցեագրել երկու Կողմերի ներգրավմամբ զինված հակամարտությունում անհայտ կորած անձանց եւ բռնի անհետացումների դեպքերը, այդ թվում՝ ուղղակիորեն կամ հարկ եղած դեպքում համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ այդ անձանց վերաբերյալ առկա բոլոր տեղեկությունների փոխանակման միջոցով», եւ «Կողմերը ճանաչում են այդ անձանց ճակատագրերի բացահայտման, այդ թվում՝ մասունքների որոնման եւ ըստ պատշաճի վերադարձման, պատշաճ քննության միջոցով այդ անձանց առնչությամբ արդարության ապահովման կարեւորությունը` որպես հաշտեցման եւ վստահության ամրապնդման միջոց», ինչի առնչությամբ հետագա «կարգավորումները կբանակցվեն եւ մանրամասն կհամաձայնեցվեն առանձին համաձայնագրով»։ Սրանից կարո՞ղ ենք ենթադրել, որ առաջիկայում ազերները կարող են Հայաստան գալ, ինչ-որ մասունքներ փնտրելու, կամ` կարո՞ղ են գործեր հարուցվել պատերազմների հերոսների նկատմամբ` այն դեպքում, երբ Ադրբեջանը դեռեւս չի վերադարձրել անգամ հայ ռազմագերիներին….
– Առհասարակ` բոլոր դրույթները խնդրահարույց ե: Ինչո՞ւ, որովհետեւ հասցեագրված չեն այն բոլոր խնդիրները, որոնք պատճառահետեւանքային կապ են ունեցել այս ամեն ինչի մեջ, սկսած արցախյան բուն հիմնահարցից, վերջացրած բոլոր հումանիտար խնդիրներով: Օրինակ, այդ դրույթներում հասցեագրված չէ բռնի ուժով տեղահանված մեր 150 հազար հայրենակիցների մասին, որեւէ հասցեագրում չկա այն մշակութային ժառանգության մասին, որը ոչնչացվում է, հողին է հավասարեցվում ադրբեջանցիների կողմից: Փորձ է արվում՝ ջնջելու հայկական մշակույթն ու Հայոց պատմությունը, սակայն ոչ մի հիշատակում չկա այդտեղ: Ոչ մի խոսք չկա հարաբերությունների կարգավորման երաշխավորների մասին: Այդ հոդվածներն այնքան բացեր ունեն, որ անգամ տասը հատորից բաղկացած գիրք կարելի է գրել, թե որքան թերի է այն: Օրինակ` խոսվում է ռասայական խտրականության մասին: Ստացվում է, որ ցանկացած լրագրողի, ցանկացած հասարակական-քաղաքական գործչի կարող են մեղադրել այս հոդվածով: Այժմ մենք զրուցում ենք, եւ մեր այս հարցազրույցը կարող են տվյալ հոդվածի հիման վրա համարել հանցագործություն եւ գործ հարուցել, քանի որ մենք խոսում ենք ադրբեջանական վայրագությունների մասին: Այսինքն` ստացվում է, որ եթե անգամ ադրբեջանցին ինչ-որ մեկի կոկորդը կտրի կամ հայկական եկեղեցի հողին հավասարեցնի, հայ քաղաքացին չի կարող այդ մասին բարձրաձայնել: Ոչինչ, որ ադրբեջանցին կարող է հայի ունեցվածքը յուրացնել, հայը պետք է լռի, փոխարենն Ադրբեջանը ստանում է Մինսկի խմբի լուծարում, Սյունիքն է ստանում` անունը փոխած, արդեն Թրամփի անունով: Այնպես որ, այս բոլոր պրոցեսները պրոադրբեջանական, պրոթուրքական են:
– Նիկոլ Փաշինյանն անձամբ հայտարարեց, որ սահմանազատման աշխատանքները շարունակվելու են, եւ մեր տնօրինության տակ եղած «ադրբեջանական հողերը» դեռ պետք է վերադարձնենք «տիրոջը»: Այսինքն` Ադրբեջանը տորթի պես` կտոր-կտոր Հայաստանից տարածքներ է ստանալու, իսկ ի՞նչ է ստանալու Հայաստանն այդ ամենի դիմաց:
– Անկլավների հարցը, միանշանակ, մնում է արդիական: Տիգրանաշենից մինչեւ Տավուշի երեք գյուղեր հանձնվելու են Ադրբեջանին: Մեր երկրից տարածքներ են հանձնում, պատ են կառուցում եւ անունը դնում են խաղաղության պատ, սա է ողջ իրականությունը: Սա լինելու է շարունակական: Բայց Արծվաշենի մասին, հավանաբար, մոռացել են…. ինչպես տեսանք, որեւէ խոսք չասվեց նաեւ հայ ռազմագերիների մասին, կարծում եմ` նրանց մասին այլեւս ոչ մի խոսք չի էլ լինի: Հայկական կողմը գերիների հարց չի բարձրացրել, ուստի ոչ մի գերի չի վերադարձվելու հայկական կողմին:
– Բայց ՔՊ-ականները, Հանրային հեռուստաընկերությունը, իշխանական քաղաքագետները վստահեցնում են, որ Հայաստանը թեւակոխում է նոր պատմական աննախադեպ փուլ: Պնդում են, որ Հայաստանը թե՛ տնտեսապես է հզորանալու, թե՛ անվտանգության առումով դառնալու է կայուն ու ապահով:
– Ծիծաղելի է ուղղակի: Նրանց նպատակը այդ թղթի կտորը թափահարելով վարկանիշ բարձրացնելն է: Այս ամենը մտնում է ՔՊ-ի քարոզչական մեխանիզմների մեջ: Ինչպես Չեմբեռլենն էր ժամանակին Բրիտանիային խաղաղություն բերում, այնպես էլ Նիկոլ Փաշինյանն է խաղաղություն բերում, պարզապես` Հայաստանը Բրիտանիա չէ, եւ ամեն ինչ ավելի վատ ավարտ է ունենալու:
– Իշխանությունները պնդում են, որ այլընտրանք չկա, սա է խաղաղության գինը:
– Այլընտրանքն արժանապատիվ խաղաղությունն է: Սա ոչ թե խաղաղություն է, այլ` զիջողականություն: Խաղաղությունը պետք է լինի բանակցված, այստեղ միմիայն միակողմանի զիջումներ են, որը տանում է նոր պատերազմի: Այս ամենը Հայաստանն ավելի է հեռացնում խաղաղությունից՝ մոտեցնելով պատերազմին: Տարբեր հոդվածներ են հրապարակվում դիվանագետների կողմից, եթե ալտերնատիվ տարբերակներ են ուզում, կարող են կարդալ դրանք:
– Հնարավոր չէ՞ այս ամենը վիճարկել Սահմանադրական դատարանում:
– Ամեն ինչ էլ հնարավոր է, պարզապես ինչքան երկարում է իշխանափոխության պրոցեսը, այնքան նեղանում են հնարավոր ճանապարհները: Ամեն ինչ էլ կարելի է փոխել, կարելի է վերաբանակցել: Այդ հռչակագիրը պարտադրող ուժ չունի: Հերթական անգամ փորձելու են խաբել, որ չկա միջանցքի հարց, ինչ-որ ձեռքբերումների մասին են խոսելու, սակայն իրականությունը մենք՝ բոլորս, գիտենք վաղուց: Մեծ հաշվով, այստեղ ոչ մի նոր բան չկա:
Բաց մի թողեք
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը երկու նոր տուն է ձեռք բերել
Անպատկառություն
«Չինգաչունգ» են անում ծառայողական մեքենաների համար