18/08/2025

Ադրբեջանը փորձում է լուծել «իր մեծ ապագայի հա՞րցը»

Վանո Սիրադեղյան է ասել. «Ղարաբաղի տարածքը Ադրբեջանի համար քոռ կոպեկի արժեք չունի Մեղրու թեկուզ տասը կիլոմետր լայնքով շերտի դիմաց: Դրանով ոչ թե Ղարաբաղի հարցն է լուծվում, այլ Ադրբեջանի մեծ ապագայի…»:

Ճիշտ է, մարգարեական խոսքեր են, բայց նա վրիպել է, երբ ընդհանրացրել է, թե տարածքների փոխանակման ծրագիրը տապալվելուց հետո Մեղրին «մեր կամքից անկախ մնացել է Հայաստանի կազմում»,- որովհետև այն, ինչ պայմանագրով հաստատված, միջազգային գերդերակատարների երաշխիքներով ամրագրված չէ, իրավա-աշխարհաքաղաքական ստատուս-քվո չէ:

Վանո Սիրադեղյանն այդ հոդվածը գրել է, երբ արդեն վտարանդի էր: Եվ հարց է ծագում. «Ղարաբաղի տարածքը Ադրբեջանի համար քոռ կոպեկի արժեք չունի Մեղրու թեկուզ տասը կիլոմետր լայնքով շերտի դիմաց» դիպուկ եզրահանգման նա եկել է 2001 թվականի՞ն, թե «Ղարաբաղ» կոմիտեն արդեն 1989-90-91 թվականներին վերլուծել, ծանրութեթև էր արել իրավիճակը և գիտեր, որ Ադրբեջանը փորձում է լուծել ոչ թե «Ղարաբաղի, այլ իր մեծ ապագայի հա՞րցը»:

Սա չափազանց սկզբունքային է: Եթե «Ղարաբաղ» կոմիտեն, որ 1990 թվականի օգոստոսյան այս օրերին իշխանության էր եկել և արդեն մշակում էր անկախության Հռչակագրի նախագիծը և Հայաստանի պետականության հիմք էր ճանաչում «ոչ թե ԼՂԻՄ-ի միավորումը կամ նրա անկախության միջազգայնացումը, այլ՝ «Ադրբեջանի մեծ ապագայի» ծրագրի կանխարգելումը», ապա պետք է բոլոր ռեսուրսները ուղղեր «մայր Ադրբեջան»-Նախիջևան ցամաքային կապի հաստատման հեռանկարի չեզոքացմանը, եթե դրա համար հարկ լիներ նույնիսկ պատերազմել:

Եթե Հայաստանի իշխանությունը, ինչպես Վազգեն Սարգսյանն է բնութագրել՝ Մեղրին գնահատել է որպես «աշխարհի հզորներին մեր դուռը բերող» և շատ ավելի կարևոր, քան «նույնիսկ Ղարաբաղը», ապա այդ խնդրին իրավա-քաղաքական լուծում գտնելու ամենապատեհ ժամանակը 1994 թվականի մայիս-սեպտեմբեր ամիսներն էին, երբ աշխարհի հզորները ստեղծում էին Կասպյան ավազանի նավթի և գազի արդյունահանման և տարանցման կոնսորցիումը:

Ամենևին էլ պատահական եւ չափազանցություն չէ, երբ այդ համաձայնությունն անվանվել է «դարի գործարք», որից, սակայն, ղարաբաղյան առաջին պատերազմ շահած Հայաստանը դուրս մնաց:

Ոչ Հեյդար Ալիևը, որ բրիտանական և ամերիկյան նավթային մագնատներն ու նրանց քաղաքական հովանավոր Լոնդոնը և Վաշինգտոնը տվյալ պահի ուժերի հարաբերակցության բերումով Երևանին չէին կարող Սյունիքի հարավի մասին որևէ «թթու խոսք» ասել:

Բայց Հայաստանը, ըստ բավական վստահելի տեղեկությունների, խուսափել է ԼՂ կարգավիճակի հարցը նավթային կոնսորցիումի շուրջ բանակցություններին «ներգրելու վտանգից»: Արդյունքում օդում կախված է մնացել թե ԼՂ կարգավիճակի, թե Սյունիքի հարավի «վիճելիության» հարցը:

Լրջագույն խնդիր է, երբ նախկին բարձրաստիճան պաշտոնյան, քաղաքական գործիչն իր հսկայական տեղեկացվածությունը դարձրել է բելետրիստիկա, ինչից տասնյակ հազարավոր ընթերցողների մոտ տպավորություն է, որ եթե 1999 թվականին Իրանը և Ռուսաստանը «կանխել են Մեղրու հանձնումը», ապա այսօր էլ թույլ չեն տա «Թրամփի կամրջի» ծրագրի իրականացումը:

Դրանում արտառոց ոչինչ չկա, եթե Րաֆֆու «Խենքը» և «Կայծերը» շարունակում են ոչ միայն գեղարվեստական, այլև գուցե ավելի շատ գաղփարա-քաղաքական պահանջվածություն ունենալ, ապա Վանո Սիրադեղյանի քառորդդարյա վաղեմության հրապարակախոսությունը կարելի է մերօրյա խնդիրներին «քաղաքական համադարման» տեսնել կամ ճանաչել:

Բայց «անիծյալ հարցը» մնում է օդում կախված. առաջին պատերազմի հաղթական հրադադարից հետո ինչո՞ւ Սյունիքի և հատկապես նրա հարավի հարցը մեկընդմիշտ չի լուծվել այնպես, որ «Ադրբեջանի մեծ ապագայի» ծրագիրն ի չիք դառնա:

Գոնե այնպես և այն չափով, որ ենթադրաբար կամրագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին Համաձայնագրով: