16/10/2025

Այդ միջանցքը պոտենցիալ վտանգ է պարունակում, որ ոչ թե խաչմերուկ դառնա, այլ հարյուր տոկոսանոց փակուղի

Նիկոլ Փաշինյանը վառ գույներով է նկարագրում Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթղթի նշանակությունը Հայաստանի համար, վստահեցնում է, որ 43 կիլոմետրանոց ճանապարհը՝ Թրամփի ուղին Ադրբեջանին տալով, մենք մեծ եկամուտներ ենք ունենալու, Ադրբեջանի եւ Նախիջեւանի տարածքով Սյունիքի մարզի հետ երկաթուղային կապ, հասանելիություն ենք ձեռք բերում միջազգային երկաթուղային ցանցին։

«Մենք այս նախագծով ահռելի տարանցիկ բեռներ ենք հրավիրելու, կամ այդ բեռներն ուղղորդվելու են այս ճանապարհից օգտվելու, եւ դա ահռելի եկամուտներ է բերելու թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին իր հերթին»,- ասել է նա լրագրողներին:

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Հրապարակ թերթի հետ զրույցում՝ ճիշտ հակառակն է պնդում՝ միջանցքը ոչ թե մեծ եկամուտներ է մեզ ապահովելու, այլ բացարձակ փակուղի է լինելու Հայաստանի համար, եւ դրա կառուցման հետեւանքով այն տրանզիտային եկամուտները, որոնք մեր երկիրը կարող էր ունենալ, կրճատվելու են՝ ոչ ավել, ոչ պակաս, 3 հազար անգամ:

Հրանտ Բագրատյանին խնդրեցինք ներկայացնել իր հաշվարկը:

– Նիկոլ Փաշինյանը մեզ ահռելի եկամուտներ է խոստանում, արդյո՞ք դա այդպես է։ Ի վերջո, ի՞նչ եկամուտ է ստանալու Հայաստանի Հանրապետությունը Սյունիքի միջանցքից:

– Սյունիքում միջանցք չկա, կա միջանցք Ադրբեջանից Նախիջեւան: Այդ միջանցքով գնալու են բեռներ Ադրբեջանից Նախիջեւան: Ադրբեջանից Նախիջեւան մաքսիմում տարեկան գնա 100-200 հազար բեռ: Այս բեռների միջին տարիֆը հաշվելով, ամբողջությամբ կարող է գոյանալ 12-14 մլն դոլար տրանզիտի վճարում: Թող լինի 15 մլն դոլար: Այդ 15 մլն-ից մեզ հասնում է 5 մլն, 5 մլն՝ ԱՄՆ-ին, 5 մլն հետ է գնում Բաքու, 10 տոկոսն էլ գնալու է Սյունիքի զարգացման, այսինքն՝ լավագույն դեպքում տարեկան 1-15 մլն դոլար: Անմիջապես ասեմ․ գտնում եմ, որ այդ միջանցքը չի գործելու, մտնելու են՝ գրավեն, բայց եթե այս բոլորը կատարվի, ապա այդ միջանցքի կառուցման պատճառով մենք զրկվելու ենք One road one belt (մեկ ճանապարհ, մեկ գոտի՝ Ս. Ս.)՝ չինական Մետաքսի ճանապարհի նախագծի մեջ մտնելու հնարավորությունից, որի շնորհիվ Հայաստանի տարածքով Իրանից կարող էր մտնել տարեկան մինչեւ 20 մլն տոննա բեռ: Այդ 20 մլն տոննա բեռները հարավից պետք է մտնեին, գային, դուրս գային դեպի Վրաստան: Դրա տրանզիտի վճարումը, որը 100 տոկոսով մերն էր լինելու եւ չէր կիսվելու, կազմում է շուրջ 30 մլրդ դոլար: Այսպիսով, այս միջանցքի շնորհիվ Հայաստանի տրանզիտային եկամուտները կպակասեն 3 հազար անգամ: Ես սա ասում եմ առաջին անգամ:

– 2023 թվականից Փաշինյանը խոսում է «Խաղաղության խաչմերուկ» կոնցեպտի մասին, ամենուր ելույթներ էր ունենում, կրկնելով՝ բոլոր ճանապարհները բաց են, կարող եք գալ եւ գնալ, ոչ մի արգելք: Խաղաղության խաչմերուկ ասվածն ի՞նչ կապ ունի Թրամփի ճանապարհի հետ։

– Ոչ մի կապ չունի: Դա խաչմերուկ չէ, այլ միջանցք է, որի շնորհիվ փակվում է ճանապարհը դեպի Իրան: Այդ ճանապարհը կգործի 2,5 մլրդ դոլարի ներդրում կատարելու դեպքում:

– Ինչո՞ւ է Արեւմուտքը 2,5 մլրդ ներդրում անում, որպեսզի տարեկան ընդամենը 3 մլն դոլար փող ստանա:

– Որովհետեւ, իմ կարծիքով, այսկերպ Արեւմուտքը ենթադրում է, որ կփակվի Իրանի ճանապարհը, կխզվի Իրանի եւ Ռուսաստանի կապը, կփակվի ճանապարհը դեպի Չինաստան: Այսինքն, այդ միջանցքը պոտենցիալ վտանգ է պարունակում, որ ոչ թե խաչմերուկ դառնա, այլ հարյուր տոկոսանոց փակուղի, որ մենք զրկվենք Իրանի հետ սահմանից: