16/10/2025

Այն, ինչ կատարվում է ձեր երկրում, դրա մի չնչին մասը մեր երկրում կատարվեր, մեր փողոցները լցված կլինեին

Ասացին` Բրյուսելից ժամանած լրագրողն ուզում է քեզ հետ հանդիպել, մի քանի հարց ունի: Մտածեցի` խոսելու ենք մամուլի, խոսքի ազատության, լրատվամիջոցների դժվարությունների մասին:

Հրապարակ թերթը գրել է․ Պարզվեց` հարցերը վերաբերում են ոչ թե մամուլին, այլ՝ մեր երկրին, քաղաքականությանը, հասարակություն-իշխանություն հարաբերություններին:

Պարզվեց` ինձնից ոչ պակաս տեղեկացված է մեր երկրի անցուդարձից, առաջին անգամ չէ Հայաստանում, եւ հարցադրումներն էլ ոչ թե խմբագրին են ուղղված, այլ ճիշտ կլիներ, որ քաղաքական ուժերին, ընդդիմության ներկայացուցիչներին, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ուղղվեին:

Մի քանի րոպեից բելգիացի լրագրողն ինձ «շախ եւ մատ» արեց ուղղակի` փակուղի մտցնելով, ոչ միայն այն պատճառով, որ նրա տված հարցերի պատասխանները ես չունեի, այլեւ դրանց հասցեատերը ես չէի, ու դժվար էր կողքից հնչող այդ դաժան քննադատությանը դիմանալ:

Հարցնում էր` եթե այն, ինչ կատարվում է ձեր երկրում, դրա մի չնչին մասը մեր երկրում կատարվեր, մեր փողոցները լցված կլինեին, մարդիկ կբողոքեին, կպայքարեին, ուղղակի տուն չէին գնա, մինչեւ իրենց պահանջները չկատարվեին:

Եթե մեր երկիրը հայտնված լիներ այս կացության մեջ, մեր քաղաքացիները բոլոր հնարավոր ու անհնարին, օրինական ու անօրինական եղանակներով կհասնեին իշխանափոխության:
Եթե մեր իշխանավորներից որեւէ մեկը համարձակվեր մեր հոգեւորականներից մեկին նման մի ստատուս ուղղել, ինչպես ձեր վարչապետն է անում, նա ուղղակի չէր կարողանա տնից դուրս գալ, չէր հասնի աշխատավայր:

Հարցնում էր` որտե՞ղ են ձեր երկրի քաղաքացիները, ձեր երիտասարդները, ձեր մայրերն ու կանայք, ի՞նչ են մտածում ձեր քաղաքական գործիչները, ինչո՞ւ չեն պայքարում:

Ասում էր` նայում եմ` բոլորը շատ գոհ, հանգիստ ապրում են, ահա` այս սրճարանում լիքը մարդ կա նստած` բոլորն անհոգ վայելում են կյանքը, կարծես ոչինչ չի կատարվում: Ասում էր` ձեր քաղաքը շատ սիրուն է, դուք հին, լավ ժողովուրդ եք, ինչո՞ւ եք այսքան անտարբեր ձեր հայրենիքի, ձեր ճակատագրի հանդեպ, ի՞նչ է կատարվում ձեզ հետ:

Փորձում էի ինչ-որ հոդաբաշխ պատասխաններ տալ` պատերազմի ու Արցախի կորստի սթրեսի, իշխանությունների կողմից իրականացվող քարոզչության մասին, որով թշնամու ու պատերազմի հանդեպ վախ են հարուցել, ներշնչել են, որ գործող իշխանության դեմ պայքարելն անիմաստ է:

Բացատրում էի ընդդիմադիր ուժերի պասիվությամբ, մտավորականների ծախվածությամբ, քրեական հետապնդումներով, պայքարողներին կալանավորելու փաստեր էի ներկայացնում:
Եվրոպացի լրագրողը հակընդդեմ փաստեր էր բերում Վրաստանից, Թուրքիայից, անգամ՝ Կոնգոյից:

Ասում էր` այլ երկրներում էլ են մարդկանց բանտ ուղարկում, բռնապետական ռեժիմներ շատ կան աշխարհում, իսկ ձեր հույսը, որ 2026-ի ընտրություններով նա գնալու է, կարող է եւ չարդարանալ:

Հեռացա ամոթահար ու ծանր մտքերի մեջ: