16/10/2025

Մենք մեր ամեն մի խոսքի տերն ենք, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի. Արմինե Օհանյան

Նախկին լրագրող, այժմ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել «Հրապարակ» օրաթերթի դեմ։

Panorama.am-ը գրում է․ Նա դատարանից պահանջում է, որ պարտավորեցնի թերթին հերքել զրպարտություն համարվող տվյալները և վճարել փոխհատուցում՝ 1 մլն դրամի չափով, որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։

Նա զրպարտություն է համարում այս տարվա հունիսի 6-ին «Հրապարակ»-ում լույս տեսած «Փաշինյանը դավաճանու՞մ Է արդյոք կնոջը»  վերնագրով հոդվածը, որտեղ մասնավորապես ասված է. «Երկրի առաջնորդը պետք է համապատասխանի պահանջների լայն շրջանակի` օրինակ՝ լինի գրագետ, խելացի, շրջահայաց և բարոյական:

Այդ իսկ պատճառով դավաճանում է նա կնոջը թե չէ՝ շատ կարևոր է պարզել։ Մի քանի տարի առաջ լուրեր էին պտտվում, որ Փաշինյանը ժամերով աշխատասենյակում փակվում է սեփական խոսնակի հետ և ներսից տարօրինակ ձայներ են գալիս»։

Հայցադիմումը վարույթ է ընդունվել, այն մակագրվել է դատավոր Նելլի Հարությունյանին։

ԶԼՄ-ի դեմ ներկայացրած հայցի, դրա ուղերձների ու նպատակների, անելիքների մասին Panorama.am-ը զրուցել է «Հրապարակ»-ի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի հետ։

Հարց-Տիկին Օհանյան, ինչպե՞ս եք գնահատում, մեկնաբանում Նիկոլ Փաշինյանի կողմից «Հրապարակ»-ի դեմ ներկայացրած հայցը։

Պատասխան-Արձանագրում եմ, որ մասնագիտությամբ լրագրող նախկին խմբագիրը բացարձակապես կորցրել է կապն իր մասնագիտության հետ, մոռացել է խմբագրի աշխատանքի նրբությունները, դժվարությունները, անդամագրվել է մամուլի թշնամիների ճամբարին եւ հարյուր տարվա «քյարթու» իշխանավորի նման` իր լծակներն օգտագործելով, փորձում է սահմանափակել խոսքի ազատությունն ու լրագրողների աշխատանքը խոչընդոտել: Ժամանակին ինքը հազարավոր լուրեր է հրապարակել, որոնց վերաբերյալ գրավոր ու բանավոր որեւէ ապացույց չի ունեցել, հազարավոր ելույթներ է ունեցել տարբեր ամբիոններից, այդ թվում` ԱԺ ամբիոնից, «օդից կախված լուրերի համաձայն» նախաբանով, եւ ոչ ոք դրա համար իրեն դատի չի տվել, չնայած յուրաքանչյուր հայց, որը կմտներ դատարան` կավարտվեր իր պարտությամբ: Հիմա ինքն արգելում է անգամ ինչ որ հարցդրումներ ուղղել իրեն, հրապարակախոսական նյութ, պամֆլետ գրել, իր գրառումների ոճով` իրեն պատասխանել: Այդ հոդվածը, որի համար դիմել է դատարան, ըստ էության, գրվել է ի պատասխան իր ստատուսների` ընդդեմ Եկեղեցու եւ սրբազանների: Ինքն օրեր շարունակ փորփրում էր սրբազանների անկողինները, այդ հոդվածով մենք ցույց ենք տվել, որ ցանկացած քաղաքացի էլ կարող է «փորփրել իր անկողինը» եւ իրեն հարցեր տալ` օդում կախված լուրերի մասին, ինչպես ինքն է հարցեր ուղղում կաթողիկոսին եւ հոգեւորականներին:

Հարց – Ի՞նչ է ցանականում ցույց տալ երկրի ղեկավարն իր այդ քայլով։

Պատասխան – Ուզում է արգելել, որ իր դեմ հոդվածներ գրվեն, իրեն քննադատեն, իր անձնական կյանքը դնեն քննության: Ասում է` ես իրավունք ունեմ ամենաանթույլատրելի գրառումներն անել, Սահմանադրություն եւ օրենքներ խախտել, իսկ դուք իրավունք չունեք անգամ հարցեր տալ ինձ:

Ասում է` ես եմ որոշում այս երկրում ինչն է օրինական, ինչն անօրինական, ինչը` բարոյական, ինչը կամ ով` անբարոյական: Ոչ ոք իմ դեմ դատարան չի դիմի, չնայած ես այսքան վնասներ եմ պատճառել երկրին ու այսքան օրենքներ խախտել, իսկ ես` ում դեմ ուզեմ կարող եմ դիմել, անգամ` այն լրատվամիջոցի, որը ժամանակին ինձ մեծապես օգնել է, աջակցել է, լուսաբանել է իմ ամեն քայլը:

Եւ մի թաքնված նպատակ եւս` իր անբարո թիմի մասին այնքան շատ ասեկոսեներ կան տարածված, որ սրանով ուզում է բարոյական, անդավաճան ամուսնու իմիջ ստեղծել, որը հույս ունի, որ կտարածվի նաեւ ողջ թիմի վրա:

Հարց – Հայցով Փաշինյանը բացի բարոյական վնասի փոխհատուցումից պահանջել է զննության ենթարկել «Հրապարակ»-ի հոդվածը, քանի որ այն անդառնալիորեն կարող է կորել կամ խմբագրվել։ Ինչպե՞ս կարձագանքեք նրա այդ մտավախությանն ու պահանջին։

Պատասխան – Արդեն ասել եմ, որ «Հրապարակի» կայքից ոչինչ չի հեռացվում եւ ոչինչ չի ջնջվում: Մենք մեր ամեն մի խոսքի տերն ենք, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի, որոնց ոչ մի խոսքը մյուսին չի բռնում, որոնք այս տարիներին իրենց ոչ մի խոստումին տեր չեն կանգնել: Նրանք իրենց արշինով են մյուսներին չափում: Մի թիմ, որը փորձում է ջնջել հայոց պատմությունը, մոռացնել տալ Արցախն ու վերանայել մեր արժեքները, համացանցից վերացնել Արցախի հետքերն անգամ, «զրոյական» կետից հայոց պատմություն գրել, «նոր Հայաստան» կառուցել` Ադրբեջանին ու Թուրքիային կից, կարծում է, որ ուրիշներն էլ են մանկուրտ ու ամեն ինչի ունակ: Այս նորաձեւ «կրթվածների» թիմն անգամ չգիտի, որ «ձեռագրերը չեն այրվում» եւ ցանկացած հրապարակում- խոսք` ինչքան էլ փորձես ջնջել ու մոռանալ, անպայման դրա հետքերը մնում են, մանավանդ` ժամանակակից տեխնոլոգիաների մեր դարում:

Հարց – Հայտնի է, որ այսօր Հայաստանում շատ դեպքերում դատավորներն անկախ չեն գործում։ Ի՞նչ եք ակնկալում այդ գործով դատավարությունից։ Եթե ամեն դեպքում դատարանը բավարարի Փաշինյանի հայցը, պայքարելո՞ւք եք հաջորդ ատյաններում։

Պատասխան- Ակնկալիքները մեծ չեն` Փաշինյանը կարողացել է այս տարիներին ոչնչացնել դատական համակարգի անկախության սաղմերը, որոնք նկատելի էին 2018 թվականին` իշխանափոխությունից հետո: Մեծ խումբ կայացած դատավորներ հեռացվել են համակարգից, ներդրվել է նոր, անփորձ, միայն հիպոթեք փակելու հոգսով մտահոգ դատավորների մի խավ, որոնք պարտական են իրենց դատավոր նշանակողին, որովհետեւ նախկինում անգամ դատավորի օգնական նշանակվելու հույս չէին կարող ունենալ: Եւ Փաշինյանն այնպես է արել, որ մեր երկրում չկա այլեւս դատավոր, «որն իր ասածը չի անի»: Բայց մենք ամեն ինչ անելու ենք, որ բաց դատավարություն լինի, լայնորեն լուսաբանվի եւ հանրությունը տեսնի, որ սա այն դեպքն է, երբ «սելը ճռռալու տեղը, սելվորն է ճռռում», որ փոխանակ հիմա դատարանները հազարավոր հայցեր ստանային` ընդդեմ երկրի ինքնիշխանությունը զրոյացրած փաշինյանական իշխանության, օրենքն ամեն օր ոտնահարող վարչապետի, դեռ ինքն է դիմում դատարան` մի անմեղ հոդվածի համար:

Հարց – Ինչպե՞ս են արձագանքել «Հրապարակ»-ի ընթերցողներն այդ հայցին։

Պատասխան – Զորակցության, աջակցության, անգամ պարտության դեպքում` ֆինանսական աջակցության բազմաթիվ արձագանքներ ենք ստացել, հանրությունը մեզ հետ է եւ հասկանում է, թե ինչ է կատարվում:

Փաշինյանը 100 տարվա «քյարթու» իշխանավորի նման փորձում է սահմանափակել խոսքի ազատությունը․ Արմինե Օհանյան