18/08/2025

Որոշ նախկինների էլ սիրեց ու գուրգուրեց` պաշտոնից պաշտոնի տեղափոխեց, ինչպես Ներսես Երիցյանին

Մարդիկ կան, որոնք սուս փուս իրենց գործն առաջ են տանում` միշտ ջրի երեսին, միշտ մի տաքուկ տեղում ծվարած` բյուջեի հաշվին միլիոններ ստանալով ու մի գրոշի օգուտ իրենց երկրին չտալով:

Նմանները գալիս են անհիշելի ժամանակներից, միշտ բարձր պաշտոններ, բարձր վարձատրվող աշխատանք ունեն: Նրանց ոչ նախկին են համարում, ոչ ներկա: Նրանց ոչ ոք չի քննադատում, ոչ ոք չի հիշում:

Բայց նրանց մեջ կան մարդիկ, որոնք ոչ միայն կարկառուն նախկին են, այլ անգամ նախարար են աշխատել երկար ժամանակ, նախկին նախագահների հովանավորությունն են վայելել, հիմա էլ վատ չեն ապրում` ներկայիս վարչապետն էլ նրանց չի ասում` ձեր աչքի վերեւում հոնք կա:

Այսօրվա կառավարության նիստում նկատեցինք, որ տեղեկատվական համակարգերի, կիբերանվտանգության մասին ինչ որ օրենքների փաթեթ է մշակվել կառավարության կողմից եւ այդ հարցի քննարկման ժամանակ կարճ խոսք ասաց նաեւ շատ հնուց մեզ հայտնի Ներսես Երիցյանը:

Նա հենց վերը նշված տեսակի դասական ներկայացուցիչն է: Նա 2007 թվականից մինչեւ 2010-ը եղել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը, ով աչքի ընկել եւ պատմության մեջ մնացել նշանավոր բիոզուգարանների պատմությամբ: Նրա անմիջական մտահղացմամբ էին 2 բիոզուգարան ձեռք բերելու համար պետական բյուջեից հատկացվել 124 մլն դրամ (մոտ 340 հազար դոլար):

Իհարկե, 2018-ից հետո բյուջեն մսխելու շատ ավելի խայտառակ ու անզուսպ փաստեր ենք տեսել, բայց այն ժամանակ բիոզուգարանների պատմությունը ցնցել էր բոլորին:

Մանավանդ դրանք այդպես էլ չաշխատեցին` պարզվեց, անսարք են, դրանց շուրջ մեծ աղմուկ բարձրացավ, որն էլ ըստ էության պատճառ դարձավ, որ Երիցյանին 2010-ին հանեն էկոնոմիկայի նախարարի պաշտոնից:

Բայց կարճ ժամանակ անց` ընդամենը մի քանի օրից նա Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվեց Կենտրոնական բանկի փոխնախագահ` 6 տարի ժամկետով: 2016-ին կրկին վերանշանակվեց նույն պաշտոնում` եւս 6 տարի ժամանակով:

Մինչեւ իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը, ով սկսեց կատաղի պայքար տանել որոշ նախկինների դեմ, բայց որոշ նախկինների էլ սիրեց ու գուրգուրեց` պաշտոնից պաշտոնի տեղափոխելով, ինչպես Ներսես Երիցյանին, Վիճակագրության կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին եւ ուրիշների:

ԿԲ փոխնախագահի պաշտոնում նրա ժամկետն ավարտվելուց հետո Երիցյանին մի ուրիշ տաքուկ տեղ տարան` նշանակեցին «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի տնօրեն: Այս հիմնադրամը ստեղծվել է 2022 թվականին, զբաղվում է թվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման, կիբերանվտանգության անշառ թեմաներով:

Դե իսկ բիոզուգարանների մեծ մասնագետն էլ հաջողությամբ ղեկավարում է այն: Եւ անգամ մասնակցում է կառավարության նիստերին, ելույթներ է ունենում կիբերանվտանգության եւ ներդրումներ ապահովելու թեմաներով:

Մի խոսքով` մարդը գտել է իրեն եւ լեզու է գտել բոլոր իշխանությունների հետ:

Արեգ Մարգարյան; hraparak.am