18/08/2025

Ֆիդանը ևս մեկ անգամ զգուշացրել է Իսրայելին, ի՞նչ է սպասվում

Քրդական բանվորական կուսակցության «զինառյալները լքել են Մահմուր ճամբարը», որ գտնվում է Իրաքի հյուսիսում և անցյալ դարի 90-ական թվականներից ի վեր համարվում էին «այդ խմբավորման նշանակալի հենակետերից մեկը»:

Հուլիսի 11-ին մեկնարկել է ՔԲԿ զինաթափման գործընթացը, ինչին նախորդել են ավելի քան վեց ամիս տևած բանակցություններ: Այդուհանդերձ, ՔԲԿ-ն շարունակում է պահպանել Սինջար ամրացված ճամբարը:

Turkiye պարբերականի տեղեկություններով, ներկայումս Անկարան, Բաղդադը և Իրաքյան Քուրդիստանի կառավարությունը «Սինջարը փակելու հարցով բանակցություններ են վարում»:

Այս ֆոնին հայտնի է դարձել, որ սիրիացի պաշտոնակցի հետ բանակցություններից հետո Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Իսրայելին անվանել է «մութ ուժ» և նրան մեղադրել Սիրիայի հարավում «անջատողականություն սերմանելու և հովանավորելու մեջ»:

Սիրիայի հարավային Սուեդիա նահանգում, ինչպես հայտնի է, վերջերս միջէթնիկական բախումներ են արձանագրվել, որոնց միջամտել են «կառավարության անվտանգության ուժերը»: Իսրայելում իրավիճակը գնահատում են որպես «ջիհադական ուժերի կողմից դրուզների դեմ բռնություններ»:

Վարչապետ Նաթանյահուն վստահեցրել է, որ ինչպես Իսրայելի քաղաքացի հանդիսացող, այնպես էլ Սիրիայում բնակվող դրուզները «հրեաների եղբայրներն են» և խոստացել է երաշխավորել նրանց անվտանգությունը:

Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Ֆիդանը բացահայտ քննադատել է Սիրիայի իշխանություններին, երբ ասել է, որ դեռեւս մարդ ամսին քրդերի հետ ձեռք բերված համաձայնությունները չեն իրականանում:

Խոսքը Սիրիայի հյուսիս-արևելքում քրդական փաստացի ինքնավարությունը Սիրիայի «պետական համակարգին ինտեգրելու» և YPG (Ազգային ինքնապաշտպանության ուժերի) զինաթափման և միասնական հրամանատարության ենթակայության մասին է:

«Մենք ականատես ենք մի իրավիճակի, որի հանդեպ այլևս հանդուրժողական չենք կարող լինել»,- հայտարարել է Ֆիդանը և բացտրել, որ թուրքական հետախուզության տեղեկություններով՝ մարտ ամսից սկսած տարբեր երկրներից խմբավորում են մտել քրդական վերահսկողության տակ գտնվող տարածքներ, որոնք «այդպես էլ Սիրիայից չեն հեռացել»:

Թուրքիայի իշխանամերձ մամուլը և փորձագիտական հանրությունը մշտապես պնդում են, որ Իսրայելը «Սիրիայում հակաթուրքական ճակատ է ձևավորում»: Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Նաթանյահուն ասել է, որ Սիրիայի փաստացի իշխանությունները «չեն կարող միավորել երկիրը»:

Նա նույնիսկ առաջարկել է Սիրիան բաժանել ռուսական, թուրքական, ֆրանսիական և իսրայելական ազդեցության գոտիների՝ ֆորմալ առումով պահպանելով Դամասկոսի իշխանությունը:

Հաքան Ֆիդանը փաստացի Իսրայելին լրջագույն մեղադրանք է ներկայացրել: Միաժամանակ նա Սիրիայի անցումային կառավարության առջև խնդիր է դրել լուծել քրդական ինքնավարության լուծարման և YPG-ի զինաթափման հարցերը:

Կարելի է եզրակացնել, որ Անկարան Դամասկոսի իշխանություններին հասկացրել է, որ հակառակ դեպքում կդիմի ռազմական միջամտության: Թուրքիայի և Իսրայելի հակասությունները սրված են ոչ միայն Գազայում, այլև Միջերկրականի արեւելյան հատվածում, որտեղ Իսրայելը համատեղ անվտանգային, տնտեսական և կոմունիկացիոն ծրագրեր է մշակում Հունաստանի և Կիպրոսի հետ:

Սիրիայում թուրք-իսրայելական ուղղակի բախման վտանգը չեզոքացնելու հարցով բանակցությունների մի քանի փուլը, երևում է, կոնկրետ համաձայնությունների չեն հանգել: Ֆիդանը ևս մեկ անգամ զգուշացրել է Իսրայելին, իսկ հետո ի՞նչ է սպասվում: