19/08/2025

Ի՞նչ ենք ուզում ես եւ ինձ նման շարքային քաղաքացիները, որոնք իշխանության գալու ծրագիր չունեն

Ի՞նչ ենք ուզում ես եւ ինձ նման շարքային քաղաքացիները, որոնք իշխանության գալու ծրագիր չունեն, որեւէ կուսակցության անդամ չեն, ունեցվածք չունեն, որը պետք է պահպանել ու բազմապատկել, քաղաքական ծրագրեր չունեն եւ այլն: Շատ պարզ պահանջներ ունենք մենք.

Հրապարակ թերթը գրել է․ Որ իսկապես պատերազմի վտանգ կախված չլինի մեր եւ մեր զավակների գլխին, բայց դրա համար ստիպված չլինենք մեր երկրից, մեր արժանապատվությունից, մեր բարեկեցությունից, մեր պատմությունից, մեր արժեհամակարգից… զիջումների գնալ:

Ուզում ենք, որ երկրում քաղաքական հալածանքներ չլինեն, մանավանդ` խոսելու, քննադատելու, իշխանություններին ընդդիմանալու համար մարդիկ բանտում չհայտնվեն: Ընդ որում` ե՛ւ հայաստանյան բանտերում, ե՛ւ Բաքվի:

Ուզում ենք, որ տուն վերադառնան բոլոր պատանդներն ու գերիները, եւ Հայաստանի դռները բաց լինեն բոլորի համար, այդ թվում` իշխանություններին քննադատող, իշխանությունների համար տհաճ յուրաքանչյուր անձի, որովհետեւ սա մեր՝ բոլորիս տունն է, ոչ թե իշխանության գլխին կանգնած մի քանի արկածախնդիրների:

Ուզում ենք, որ երկրում աշխատելու, ստեղծագործելու, կարիերա անելու, կրթվելու, որեւէ գործունեություն ծավալելու հավասար պայմաններ լինեն բոլորի համար, այլ ոչ թե միայն իշխանության ներկայացուցիչների, նրանց մերձավորների, նրանց կամակատարների ու համակիրների:

Ուզում ենք, որ հանրային միջոցների օգտագործումը լինի թափանցիկ եւ խնայողական, որ ինչ-որ արտոնյալ խմբեր տզրուկների պես չօգտվեն պետական բյուջեից, միլիոնավոր դոլարներ չծախսվեն պետական պաշտոնյաների վրա, երբ անապահովները, Արցախից տեղահանվածները, թոշակառուներն ու հաշմանդամները գրոշներ են ստանում:

Ուզում ենք, որ մեր երկրում նորմալ առողջապահական ու կրթական համակարգ, նորմալ ճանապարհներ լինեն, օդն ու ջուրը չաղտոտվեն, անվերահսկելի կառուցապատում չիրականացվի: Ուզում ենք, որ նոր աշխատատեղեր բացվեն, գներն անվերահսկելիորեն չաճեն, պետական բոլոր ինստիտուտները գործեն Սահմանադրությանը համապատասխան, եւ, վերջապես` օրենքը գործի բոլորի նկատմամբ եւ համաչափ:

Մեծ բան չէ, կարծես թե, մեր ուզածը, եւ նման ցանկություններ բոլոր երկրների քաղաքացիներն ունեն, բայց մեր այս պարզ ցանկություններն այդպես էլ անկատար կմնան, եթե իշխանության մնա 2018-ին երկրի ղեկավարումը ձեռք գցած խմբակը, որը վերը նշված բոլոր կետերով տապալել է երկրի կառավարումը եւ պետությունը մտցրել փակուղի: