18/08/2025

ԱՄՆ Պետդեպն անդրադարձել է հայաստանյան իրականությանը

ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է 2024 թվականի մարդու իրավունքների զեկույցը, որում Հայաստանի վերաբերյալ մի շարք բացասական գնահատականներ կան։ Օրինակ, ԱՄՆ պետդեպն անդրադարձել է ապօրինի կալանավորումներին եւ ձերբակալություններին, նաեւ տեղեկություններ է հրապարակել ՀՀ պետական մարմիններում խոշտանգումների, դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի մասին, որոնցով քննություններ են ընթացել, բայց այդ գործերը կարճվել են:

Զեկույցում հղում անելով հայաստանյան քաղհասարակությանը, նշվում է, որ իրավապահ մարմիններն անպատիժ կերպով խոշտանգել կամ բռնության են ենթարկել կալանքի տակ գտնվող անձանց: «Մարդու իրավունքների պաշտպանների կարծիքով, քրեական օրենսգիրքը սահմանում և քրեականացնում է խոշտանգումները, սակայն այն չի քրեականացնում այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը: Պաշտոնյաները, որոնք քննության ընթացքում կիրառել են խոշտանգումներ, մեղադրվում են իշխանության չարաշահման համար, ինչը ենթադրում է մեղմ պատիժներ»:

Նաեւ հիշատակվում է Վճռաբեկ դատարանի որոշումներից մեկը, որի համաձայն քննչական մարմիններն արդյունավետորեն չեն հետաքննել խոշտանգումների մեղադրանքները, իսկ դատարանները պատշաճ կերպով հաշվի չեն առել հետաքննության բացակայությունը դատական գործերը լուծելիս:

«Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններն ու ակտիվիստները պնդել են, որ ռազմական ոստիկանությունը զինվորական անձնակազմին ենթարկել է վատ վերաբերմունքի, բռնության և հնարավոր է՝ խոշտանգումների: Նրանք նշել են, որ բանակում տեղի ունեցած խոշտանգումների և բռնության դեպքերի քննության ժամանակ պաշտոնյաներն օգտագործել են քրեական օրենսգրքի՝ զինվորական ծառայությունը կարգավորող հատուկ հոդվածներ, այլ ոչ թե խոշտանգումներին հատուկ հոդվածներ»:

ԱՄՆ պետդեպն անդրադարձել է նաեւ ապաստանի եւ փախստականի կարգավիճակի տրամադրման հարցերին: Նշված է, որ թարգմանիչների և փաստաթղթերի թարգմանության պետական ֆինանսավորման թերությունները երբեմն հետաձգում էին ապաստանի գործընթացները: «Մինչ օրենքը նախատեսում էր ապաստան հայցողներին անվճար իրավաբանական օգնություն Փաստաբանների պալատի, Հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով, իրավական, կարողությունների և գործառնական սահմանափակումները, ըստ հաղորդումների, խոչընդոտում էին այս իրավունքի իրացմանը»:

ԼՂՀ-ից տեղահանվածների ծրագրերի վերաբերյալ ոչ մի բացասական բնորոշում չկա: Հակառակը՝ նշվում, է, որ կառավարությունը փախստականներին ընդունեց վերաբնակեցման և ընտանեկան վերամիավորման համար և առաջարկեց քաղաքացիություն ստանալ իր տարածքում բնակվող փախստականներին: Անդրադառնալով տեղահանվածներին բնակարանային սերտիֆիկատներ տրամադրելու ծրագրին, նշվում է, որ նրանց կառավարությունն առաջարկել է 2-ից 5 միլիոն դրամ ($5,000-$12,500) մեկ անձի համար նախատեսված օգնություն: Սակայն տեղահանվածների դժգոհությունների մասին զեկույցում ոչ մի բառ չկա:

Ինչո՞ւ, ինչպե՞ս եք սա գնահատում, մեր հարցին իր տեղահանված արցախցիների հարցերով զբաղվող հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը պատասխանում է: «Հրապարակված փաստաթղթում առկա տեղեկատվությունը կենտրոնացած է բացառապես պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված գործողությունների վրա՝ ներառյալ բնակարանային աջակցություն, սոցիալական ծառայություններ, աշխատանքի հնարավորություններ, ինչպես նաև իրավական գործընթացներ՝ կապված տեղահանված անձանց պաշտպանության հետ:

Փաստաթուղթը ներկայացնում է միջոցառումների մանրամասները, օրինակ՝ բնակարանային աջակցության ծրագիրը, ֆինանսական աջակցության չափը և օգտվելու պայմանները, սակայն դրանք որևէ կերպ չեն ընդգրկում կամ արտացոլում հենց Արցախից տեղահանվածների անձնական կարծիքները կամ գնահատականները այս գործողությունների արդյունավետության կամ բավարարության վերաբերյալ: Արդյունքում, տվյալ փաստաթուղթը հանդիսանում է բացառապես փաստագրական բնույթի փաստաթուղթ և սահմանափակված է պաշտոնապես արձանագրված փաստերի ներկայացմամբ՝ առանց տեղահանվածների կարծիքի կամ փորձառության ներառման»։