16/10/2025

Փաշինյանն արդյոք չի ընդունի Օվերչուկին. ՌԴ փոխվարչապետը ՀՀ վարչապետին համարժեք պաշտոնյա չէ

ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ գալու է Հայաստան՝ քննարկելու «ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշումը, որը, իր կարծիքով, հակասում է ԵԱՏՄ օրենսդրությանը», ինչպես նաև «Կովկասում հաղորդակցությունների բացման որոշ նրբերանգների հարցը», և հույս ունի հանդիպել ՀՀ վարչապետի հետ։

Անդրադառնալով Օվերչուկի այս հայտարարությանը՝ քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը գրել է. «Նախ ցանկանում եմ հույս հայտնել, որ Փաշինյանը չի ընդունի Օվերչուկին, քանի որ նշված հարցերը քննարկելու համար ՌԴ փոխվարչապետը ՀՀ վարչապետին համարժեք պաշտոնյա չէ։ Միջազգային հարաբերություններում էթիկայի նորմերը պահպանելու տեսակետից ճիշտ կլինի, եթե ՀՀ վարչապետի հետ նշված հարցերը քննարկելու համար ժամանի կա՛մ ՌԴ նախագահը կա՛մ գոնե վարչապետը։

Սակայն եթե Փաշինյանը, այնուամենայնիվ, որոշի ընդունել Օվերչուկին, ապա հուսով եմ՝ թույլ չի տա ՌԴ փոխվարչապետին իր հետ քննարկել ՀՀ կառավարության որոշումները։

Ի վերջո, եթե Հայաստանում որևէ կենսական կարևորության հարց հակասում է ԵԱՏՄ օրենսդրությանը, ապա լավ կլինի պատրաստվել ԵԱՏՄ-ն գրողի ծոցն ուղարկելու։ Առավել ևս որ այդ կառույցը որևէ լավ բան մեր պետությանը երբևէ չի տվել»:

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին Ադրբեջանի հետ «Թրամփի երթուղի» անվամբ տրանսպորտային միջանցք ստեղծելու ծրագրերում, եթե Երևանը դա անհրաժեշտ համարի։

Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը. «Մենք այս հարցը քննարկում ենք այս համատեքստում։ Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և եթե Հայաստանը կարծում է, որ իրենց համար ինչ-որ բան լավ է, ապա, իհարկե, մենք այստեղ աջակցում ենք Հայաստանին»։