Մեր հասարակության, նաեւ ընդդիմության «իմունիտետը»` դիմադրողականությունը, անասելի ընկել է:
Հրապարակ թերթը գրել է․ Պատճառներն ակնհայտ են. պատերազմ ու պատերազմի վախ, պարտություն եւ պարտվողականության քարոզ, հազարավոր զոհեր ու տարածքային կորուստներ, հոգեբանական ու աշխարհաքաղաքական խնդիրներ: Բոլորը գումարվել են իրար:
Ցածր իմունիտետն է պատճառը, որ ամենափոքր առիթով մարդիկ բռնկվում են, հուսահատվում, հրաժարվում պայքարը շարունակել, նահանջում, փակվում իրենց կաղապարի մեջ, հաշտվում իրադրության հետ:
Ինչպե՞ս անել, որ մեր իմունիտետը բարձրանա, եւ հանրային դիմադրողականությունը մեծանա: Որ մարդիկ սկսեն թացը չորից, կեղծիքը` ճշմարտությունից, իրական վտանգները` հորինվածից զատել:
Որ Ալիեւի ու Փաշինյանի ամեն ելույթից հետո չընկնեն դեպրեսիայի մեջ, դրսից հնչող ամեն ձեւական շնորհավորանքից հետո չմտածեն` բաղձալի «խաղաղությունը հաստատվեց», ամեն իշխանական ստի ու կեղծ քարոզչության լուրջ չվերաբերվեն, ամեն քրեական գործից հետո չմտածեն` «հաջորդը ինձ են բռնելու», ամեն կրակոցից չկարծեն, թե նոր պատերազմ է սկսվելու:
Հանրային իմունիտետը բարձրացնելու հարցը գնալով օրհասական է դառնում, որովհետեւ ակնհայտ է, որ ոչ միայն մեր թշնամիները, այլեւ հենց մեր իշխանությունները շատ լավ յուրացրել են մեր ժողովրդի թույլ տեղերը եւ գիտեն` ինչպես հոգեբանական գրոհներ կազմակերպել: Հատկապես շատ լավ կառավարում են պատերազմից, նոր զոհերից հանրային վախերը եւ դրանք օգտագործում՝ իշխանափոխության հետ կապված զգուշավորություն ներշնչելու համար:
Հրաշալի գիտեն նաեւ ինչպես վարկաբեկել իշխանության ձգտող ուժերին եւ վարչապետի պոտենցիալ թեկնածուներին, հմտորեն շահարկում են Արցախի եւ արցախյան ծագումով նախագահների թեման:
Շատ լավ օգտագործում են հանրային գիտակցության մեջ մեխված կլիշեները` «նախկինները թալանել են», «բանակը չեն զինել», «եթե Նիկոլին հեռացնենք, պատերազմ կլինի» եւ այլն:
Երբ նեղն են ընկնում, եվրոպաներից ու Ռուսաստանից մի քանի աջակցող խոսք, մի քանի հյուր են հայտնվում` տպավորություն ստեղծելով, թե գործող իշխանությունը դրսից լայն աջակցություն ունի: Երբ ռեյտինգի անկում են ունենում, կրթարշավ, պոդքաստ, հեծանվարշավ են կազմակերպում:
Երբ մտածում են, որ կարող են իրենց «թույլ իշխանություն» անվանել, ստատուսներ են գրում սրբազանների, կաթողիկոսի, իրենց քննադատողների հասցեին, մի քանիսին բանտ են նստեցնում, մի քանիսին գործից են ազատում:
Վստահ եմ` սրանց զինանոցում նման քայլերի դեռ մի մեծ տրցակ կա, որոնք առաջիկայում են կիրառելու: Ինչքան ընտրությունները մոտենան, այնքան արտառոց ու կատաղի քայլերի են դիմելու, որ շոկի մեջ գցեն, հուսահատեցնեն, ապատիա ներշնչեն հանրությանն ու վերարտադրվեն:
Բաց մի թողեք
10 մարզ, 10 հիվանդանոց. ինչու է նախարարն օպտիմալացնում ԲԿ-ները
Արսեն Թորոսյանի ընկերը, ով բժշկի քիթ էր կոտրել, ընդդիմադիր է դիրքավորվում․ Լուսանկար
Իրականության խեղաթյուրում․ վարչապետի «համերգային քաղաքականությունը»