18/08/2025

Մակրոնը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Թրամփի և Պուտինի հանդիպմանը

Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X սոցիալական ցանցում անդրադարձել է ԱՄՆ-ի, Ուկրաինայի և եվրոպական առաջնորդների հետ բանակցություններիՆ:

«Մենք համաձայն ենք, որ Ուկրաինային աջակցելը և Ռուսաստանի վրա ճնշում գործադրելը կարևոր է այնքան ժամանակ, քանի դեռ շարունակվում է նրա ագրեսիվ պատերազմը, և քանի դեռ հաստատված չէ ամուր և կայուն խաղաղություն, որը հիմնված է Ուկրաինայի իրավունքների նկատմամբ հարգանքի վրա, որ ցանկացած երկարատև խաղաղություն պետք է ուղեկցվի անսասան անվտանգության երաշխիքներով»,- գրել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը դրա հետ կապված հայտարարել է, որ ողջունում է Միացյալ Նահանգների պատրաստակամությունը իրենց ներդրումն ունենալու հարցում։

«Մենք կաշխատենք այդ ուղղությամբ նրանց և «ցանկացողների կոալիցիայի» մեր բոլոր գործընկերների հետ, որոնց հետ շուտով կրկին կհանդիպենք՝ կոնկրետ առաջընթացի հասնելու համար։ Կարևոր է նաև դասեր քաղել վերջին 30 տարիների փորձից, մասնավորապես՝ Ռուսաստանի կողմից իր պարտավորությունները չկատարելու արմատացած միտումից։ Մենք կշարունակենք սերտորեն համագործակցել ԱՄՆ նախագահի և Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ՝ մեր շահերը միասնության և պատասխանատվության ոգով պաշտպանելու համար։ Ֆրանսիան շարունակում է մնալ Ուկրաինայի կողքին»,- եզրափակել է նա։