18/08/2025

Գողությունը վերացնելու փոխարեն ՀԷՑ-ի նոր տնօրինությունը որոշել է կոստյում հագցնել բոլոր էլեկտրիկներին

Էլեկտրիկի մասնագիտությունն ամենաստվերայինն է, հոսանքն էլ Հայաստանում միշտ գողացել են: Սա բոլորս գիտենք: Բայց գողությունը վերացնելու փոխարեն ՀԷՑ-ի նոր տնօրինությունը որոշել է կոստյում հագցնել բոլոր էլեկտրիկներին:

Հրապարակ թերթը գրել է․ Իսկ դժգոհ բաժանորդներից մենք շարունակում ենք նամակներ ստանալ, ինչպես մի 10, 20 եւ ավելի տարի առաջ էինք ստանում: Վերջին նամակը Երեւանի բնակչից է:

Թոշակառու ամուսիններին, որոնք սովորաբար հոսանքի համար ձմեռային ամիսներին վճարում են 10 օրում` 1000 դրամ, պարտադրել են 32 հազար դրամ վճարել: Նրանք պնդում են, որ այդքան հոսանք չեն օգտագործել, մի քանի անգամ դիմել են ՀԷՑ: Աշխատողները եկել են, ստուգել, ոչինչ չեն հայտնաբերել ու խորհուրդ են տվել անհապաղ վճարել եւ այլեւս չանհանգստացնել իրենց:

«Հունվար-փետրվար ամիսներին մայրիկիս տան հոսանքի ծախսը չափից դուրս շատ էր եկել, բայց իրենք այդքան չեն օգտագործել։ Տաքացնելու համար օգտվում են գազից, գազօջախին դնում են ջրով կաթսաներ եւ տաքացնում տունը։ Վառարան կա, բայց միացրել են 3 օրվա մեջ մի քանի ժամ ընդամենը, դա էլ եղել է միայն հունվարին: Տանը սառնարանը քանի ամիս է՝ չի աշխատում, այլ խոշոր տեխնիկա չկա»,- գանգատվում է Երեւանի բնակիչը:

Այս պատմության գլխավոր հերոսը նամակագրի հայրն է` Ռոբերտ Մանուկյանը, որը նախկինում ՀԱԷԿ աշխատող է եղել, ատոմային էներգիա է արտադրել երկրի համար, իսկ այսօր թոշակառու է, որի լույսը մարտից անջատել են: Ռոբերտ Մանուկյանը, որը բնակվում է Անդրանիկի փողոց, 27 հասցեում, չի ցանկանում վճարել էլեկտրաէներգիայի համար, որը, պնդում է` ինքը չի օգտագործել: Նրա լույսը միանգամից չեն անջատել:

Նախ՝ պարտքը մարելու ժամանակ են տվել: Այդ ընթացքում եւս 24 հազար է կուտակվել: Սա՝ ըստ հաշվիչի: Թոշակառու ամուսինները վստահեցնում են, որ հոսանքը «վառել են» նախկինի պես, ու այս գումարն էլ է հավելագրում: Այժմ նրանք հրաժարվում են մուծելուց: Պարտքը հասել է 56 հազար դրամի, որին գումարվել է մարտի 10 օրվա «վառած» 2 հազար դրամը:

Իրավիճակն անելանելի է դարձել: Մարտից թոշակառու Ռոբերտ Մանուկյանն ու նրա կինը լույս չունեն, իսկ Ռոմանոս Պետրոսյանը կոստյում է հագցնում էլեկտրիկներին:

Մենք պարզաբանում պահանջեցինք ՀԷՑ-ից: Տեղամասային տեսուչ Իրինա Սիմոնյանը բացատրում է. «Հունվար ամսվա բողոքից հետո երեք հոգուց բաղկացած հանձնաժողով է եկել, ստուգում է կատարվել, թե՛ հաշվիչի, թե՛ տնից դուրս եկող լարերի մաքրությունն է ստուգվել, այլ միացումների հետքեր լարերի վրա չեն եղել, որեւէ խախտում, թերություն չեն հայտնաբերել:

Տանն ունեն 4 կիլովատանոց ջեռուցման սարք, որը կարող էր օգտագործելու դեպքում նման ծախսի բերել: Քանի որ հաշվիչը ճիշտ է աշխատում, այլ միջամտություն, միացումներ լարերի վրա չկան, եզրակացրել են, որ դա իրենց տան ծախսն է:

Մեկ շաբաթ չանցած՝ նորից դիմում են գրել, հաշվիչի լաբորատոր ստուգում են պահանջել, ու կրկին ոչ մի միջամտություն կամ այլ բան չի հայտնաբերվել, որոշվել է, որ դա իրենց ծախսն է»:

Ի՞նչ է լինելու հետո՝ տեսուչը չգիտի: Թոշակառուները մուծել չեն պատրաստվում, նստած են առանց լույսի: